Լեհաստանի սպորտի նախարար Յոհաննա Մուխան կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին փոխի իր իջևանատեղին: Բանն այն է, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Բրիստոլ» հյուրանոցը տեղակայված է նախագահական նստավայրի հարևանությամբ, իսկ այն հանրահավաքներ անցկացնելու լեհերի նախընտրած վայրն է:
Նախարարի անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ, ի հիշատակ 2010 թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մատույցներում ավիավթարի ենթարկվածների (այդ օրը լեհական քաղաքական, ռազմական ղեկավարությունը, երկրի նախագահի գլխավորությամբ, հաշված նաև օդանավի անձնակազմը, ունեցավ իննսունվեց զոհ), նախատեսված է մեծ հանրահավաք, որի ժամանակ կարող են հնչել հակառուսական կոչեր: Արդեն այս տարի բողոքի հզոր մի ակցիա եղել է հիշյալ վայրում, որից հետո միտինգավորները «Միայն Սմոլենսկի ու Կատինի մասին սարսափելի ճշմարտությունը կարող է մեզ միավորել, բայց ոչ երբեք սուտը» հսկայական ցուցապաստառով շարժվել են դեպի ռուսական դեսպանության շենք:
Մուխան տագնապում է, որ դիվանագետների փոխարեն այս անգամ ռուսատյացների թիրախ կարող են դառնալ ֆուտբոլիստները: Իրավիճակը կարող է բարդանալ նաև նրանով, որ Եվրոպայի առաջնությունում սեփական թիմին աջակցելու համար այդ օրը Վարշավայում կլինեն մեծ թվով ռուս երկրպագուներ, ովքեր անտարբեր դիտող չեն լինի, եթե խժդժությունները սպառնան Ռուսաստանի ընտրանու անվտանգությանը:
Խնդրի առնչությամբ արդեն իսկ հայտնի է ռուսական կողմի դիրքորոշումը: «Ռուսաստանի հավաքականը կապրի այն նույն հյուրանոցում, որը վաղօրոք ընտրել է (այն պատվիրվել է դեռևս այս տարվա հունվարին- Մ.Հ.): Վստահ ենք, որ Եվրոպայի առաջնության նման հրաշալի մրցաշարի կազմակերպիչներն անվտանգությունը կապահովեն բարձր մակարդակով»Վ,- ասել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրաստիճան աշխատակիցը:
Ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ Լեհաստանի ընտրանու հետ խաղը կայանալու է հունիսի 12-ին: Ասել է թե` հանրահավաքից երկու օր անց: Եթե ինչ-որ բան կարող է լինել հունիսի 10-ին, հարց` ինչո՞ւ չի կարող լինել հունիսի 12-ին: Ի՞նչ է փոխվում: Այնպես որ, ռուսներն այնքան միամիտ չեն, ինչպես կարծում են ոմանք, և նրանց հնարավոր սադրանքներով ո՛չ կտագնապեցնես, ո՛չ էլ կվախեցնես:
Իսկ գուցե «Բրիստոլը» լավ էլ հաշվարկո՞վ է ընտրված: Ի՞նչ իմանաս:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ