Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Մոուրինյո-«Ռեալ» «սիրավեպը» երկարաձգվում է

Մոուրինյո-«Ռեալ» «սիրավեպը» երկարաձգվում է
25.05.2012 | 00:12

Թեպետ համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր դասակարգում ունեցող մարզիչներից մեկի` Ժոզե Մոուրինյոյի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ուժի մեջ էր մինչև 2014 թվականը, սակայն մոտավորապես մրցաշրջանի կեսերից սկսեցին շրջանառության մեջ մտնել արքայական ակումբից նրա հնարավոր հեռանալու մասին լուրերը, որոնք ավելի ինտենսիվ բնույթ ստացան մրցաշրջանի ավարտին:

Հիշատակվող թիմերը բազմաթիվ էին, սակայն հիմնական շեշտը դրվում էր «Չելսիի» վրա, որտեղից պորտուգալացի մարզիչը հեռացվեց 2007 թվին: Ավելին, լուրերը վկայում էին, թե, իբր, անգլիական թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչը կարողացել է հարթել Մոուրինյոյի հետ տարաձայնությունները և պատրաստ է կրկին վստահելու նրան ակումբի ղեկը: Անգամ խոսվում էր հնարավոր գործարքի ֆինանսական կողմի մասին, ըստ որի, ռուս միլիարդատերը համաձայն էր պորտուգալացու համար «Ռեալին» վճարելու քսանհինգ միլիոն եվրո փոխհատուցում, իսկ մարզչին` ինը միլիոն: «Մաքուրով»: Համեմատության համար ասենք, որ համաշխարհային մակարդակի մարզիչներից և ոչ մեկն այս շրջանում նման գումար ստանալու առաջարկ չի ստացել:
Խոսակցությունները կշարունակեին իրական հիմք ունենալ, եթե դրանք չվերջակետեր «Ռեալի» ղեկավարությունը և, չսպասելով Մոուրինյոյի հետ պայմանագրի ժամկետի ավարտին, չերկարաձգեր այն մինչև 2016 թվականը: Այս տեղեկությունը հաստատել է «Ռեալի» պաշտոնական կայքը: Հարցի ֆինանսական կողմի մասին կոնկրետ հղում չկա, սակայն հստակ նշվում է, որ բարձրացել է արքայական ակումբի ողջ մարզչական կազմի աշխատավարձը: Բնականաբար, «ողջի» մեջ է նաև պորտուգալացին` առյուծի իր բաժնով:
Նոր պայմանագրի առնչությամբ անուղղակի, սակայն բավականին հետաքրքիր դիտարկում է արել ինքը` Մոուրինյոն` վերջակետ դնելով բոլոր հնարավոր խոսակցություններին. «Ես վաղուց եմ ասել, որ ցանկացել եմ հաղթել Պորտուգալիայի, Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի առաջնություններում: Մյուս լիգաներն ինձ չեն մոտիվացնում: Ես չեմ հոգնել և կշարունակեմ աշխատել` հաճույք ստանալով «Ռեալի» ցուցադրած ֆուտբոլից»: Մոուրինյոն միաժամանակ փաստել է, որ թիմի այս կազմը խիստ մարտունակ է և անփոփոխ կարող է հանդես գալ մինչև 2016 թվականը: Բնականաբար, սա չի նշանակում, որ նա դեմ կլինի թիմին անհրաժեշտ թարմ «ներարկումներից», եթե լինեն համարժեք հզորության ներարկումներ:
«Արքայականում» աշխատանքային գործունեության երկու տարվա ընթացքում Ժոզե Մոուրինյոն կարողացել է մեկական անգամ ակումբը հասցնել երկրի չեմպիոնական ու արքայական գավաթի բարձունքին: Երկու անգամ նա փորձել է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն երկու անգամ էլ մնացել է կես ճանապարհին: Հատկապես ցավոտ էր վերջինը, որի կիսաեզրափակիչում նրա ճանապարհին կանգնեց Մյունխենի «Բավարիան», որին, իր հերթին, պատժեց «Չելսին», այն «Չելսին», որից ժամանակին տհաճ զգացողություններով ստիպված եղավ բաժանվել պորտուգալացի մասնագետը: Իբր «Բարսան» պակաս գլխացավանք էր, անգլիական ակումբն էլ վատ երազի պես ներհյուսվեց նրա ճակատագրին: Խոստովանենք, սակայն, որ Մոուրինյոյի վիրավորված ինքնասիրության համար «Չելսին» կատալոնյան ակումբից շատ ավելի առաջ էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ