38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Աստծուն մոռացել եք, հերոս եք ուզում ծնել»

«Աստծուն մոռացել եք, հերոս եք ուզում ծնել»
18.05.2012 | 06:22

Օրերս ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ռեժիսոր, դրամատուրգ ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (ԳԱՐՍՈՒ) «Լաո…» տրագիկոմեդիա-կինոներկայացումը` նվիրված Մեծ եղեռնի ու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

Դերերում ԵՊԲՀ-ի ուսանողներն են: Կինոներկայացումը «Սասնա ծռեր» էպոսի երգիծադրամատիկ մեկնաբանման փորձ է` համադրված վավերագրական-խաղարկային ֆիլմով, որտեղ հնչում են նաև մասնակիցների մեկնաբանություններն ու տեսակետները: Նրանց ուղղված հարցումը գրեթե նույնն է. «Ձեր կարծիքով` կապ կա՞ «Մատյան ողբերգության» և էպոսի միջև», «Ագռավաքարում Մհերի փակվելը կարո՞ղ էր պատճառ լինել ցեղասպանության», «Ո՞վ էր Դավիթը», «Դավթի սխալը ո՞րն էր»։

Ագռավաքարում Մհերի փակվելը կարող էր ցեղասպանության պատճառ լինել, և Ցեղասպանությունը կարող էր Մհերի փակվելու պատճառ դառնալ։

Կարծիքները երբեմն կրկնվում էին, երբեմն` հակադրվում, երբեմն էլ` փակուղի տանում:

Ռեժիսորի խոսքով` ազգային էպոսը այն հզոր կառույցն է, որ պիտի օգնի հասկանալու անցյալի սխալները: Սխալը հասկանալուց հետո պիտի արարվի հերոսական մեր ժամանակը` Փոքր Մհերի վերածնման համար:

«Քո մեջ ման արի սխալները, նախնիներին քո մեջ ման արի: Եթե ուզում ես առաջ գնալ, հասնել ամբողջականության, պիտի նախ գնաս հետ, սկիզբ, ակունք, սկսես մեկ առ մեկ թերթել այն էջերը, որոնք արդեն հնացած ու անհետաքրքիր են թվում: Այ, հենց էդ էջերում են բոլոր գաղտնիքները, այ, հենց էդ էջերում կգտնես ջնջված տողեր, անավարտ նախադասություններ, մինչև դրանք չլրացնես, հիմքը չի ամրանա, հոգիդ էլ չի թեթևանա: Մեր պապերի սխալները մենք ենք պարտավոր լրացնել, Դավիթ»,- սրանք Դավթին ուղղված Հայաստանի անկախ Հանրապետության սովորական քաղաքացու խոսքերն են:

Կինոներկայացումն ավարտվում է ծափպարով` «Յարխուշտայով» (Արմեն Հարությունյան, Զաքար Խոջաբաղյան): Ֆիլմում հանդես է գալիս նաև ՀՀ ժողովրդական վարպետ, խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը:

Գարիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կինոներկայացման մասին ամփոփիչ պատկերացում կազմելու համար դեռ վաղ է` տեխնիկական և այլ պատճառներով: «Մասնակիցների աշխատանքից դժգոհ չեմ, մանավանդ որ նրանցից ոչ մեկը դերասան չէ,- ասաց նա:- Ինչ վերաբերում է ֆիլմի ավարտին` Մհերի ծնվելուն, գիտեք, որ Մհերին Ագռավաքարից հանելու փորձեր էլի եղել են` հիմնականում գրականության մեջ: Կինոներկայացման մեջ ասվում է. «Աստծուն մոռացել եք, հերոս եք ուզում ծնել», որին հաջորդում է Մհերի պատասխանը. «Կսպասեմ մինչև հերոսական ժամանակները գան»: Մհերին Ագռավաքարից հանելը ոչ թե երկար մտածված քայլ էր, այլ քսանամյա «կիսաանկախ» անկախության կուտակած լուռ ճիչ: Մհերն անկախ Հայաստանի զինվորի տեսքով եկավ` իր հերոսական ժամանակը կերտելու` անկախ քաղաքական, սոցիալ-տնտեսական ու այլ հանգամանքներից: ՈՒ դա արեց իր «անընդհատ վերածնվելու» համար»:

«Տեղին է հիշել մեծ բժիշկ փիլիսոփայի խոսքերը. եթե բժիշկը միայն բժիշկ է, նա միայն բժիշկ է, իսկ եթե նաև փիլիսոփա է, նա աստված է,- մեզ հետ զրույցում ասաց ՈՒԽ-ի նախագահ ԿԱՐԵՆ ԱԿՈՊՅԱՆԸ:- Մենք հենց այդ ճանապարհն ենք որդեգրել, փորձում ենք բժիշկ լինելու կողքին նաև սովորել փիլիսոփայություն, կյանքը, որ մոտ լինենք ավելի աստվածայինին, որ մեր ուսանողները, մեր սերունդը բժշկությանը չնայեն որպես բիզնեսի։ Բժշկությունն առաքելություն է»: Կարեն Ակոպյանը նշեց նաև, որ անցյալ տարիներին կազմակերպել են Ապրիլի 24-ին նվիրված գիտաժողովներ. փորձում են տարբեր մասնագիտական տեսանկյուններից պարզել, թե ինչ հետք է թողել Ցեղասպանությունը, և ինչ կարող են անել Հայոց ցեղասպանության ճանաչման, արդարության վերականգնման համար:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ