ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կանգնած ենք այն խնդրի առջև, որին բախվել ենք 100 տարի առաջ

Կանգնած ենք այն խնդրի առջև, որին բախվել ենք 100 տարի առաջ
08.09.2024 | 15:02

Պետական շահը Հայաստանի դեպքում ունի երկու` միմյանց չհակադրված նախապայման` պետության գոյության ու զարգացման երաշխավորում և տեղում ազգային բնակչության գերակշռության ապահովում:

Առաջինը պատմությունից ու, ինչպես այժմ են ասում, կայսրություններից, ավելի կոնկրետ՝ Ռուսական կայսրության անկումից և շատ արագ կողմնորոշված Արամ Մանուկյանի ջանքերով հիմնադրված Հայաստանի (Հանրա)պետությունն է, որի առկայությունը ապահովեց այս տարածքի հետագա մուտքը ԽՍՀՄ ոչ թե որպես ինչ-որ ինքնավար մարզ կամ օկուրգ, այլ որպես Հանրապետություն` կանխորոշելով ԽՍՀՄ փլուզման պարագայում նույնանման կարգավիճակով ելքը, ասել է թե՝ Երրորդ Հանրապետություն:

Երկրորդ նախապայմանը ազգային բնակչության գերակշռության ապահովումն է. գաղտնիք չէ, որ Հայաստանը աշխարհի ամենամոնոէթնիկ պետություններից է ու, իմիջիայլոց, հենց դրանով է պայմանավորված Հայաստանի` ամենապահով երկրներից մեկի վարկանիշը, քանի որ նման ցուցակներում մյուս երկրները գերազանցապես իսլամադավան են և առաջնորդվում են Շարիաթի խիստ կանոններով` ի տարբերություն Հայաստանի:

Ազգային գերակշռության իմաստով ունենք երկու ծանր խնդիր` գրեթե երբեք չդադարած արտագաղթ ու ծնելիության ցածր ցուցանիշ. առաջինի կանխման համար անհրաժեշտ է թե՛ արտաքին, թե՛ ներքին կայություն ու սոցիալապես արդար պետության կառուցում, որը Երրորդ Հանրապետության օրոք երբեք չի եղել ու դեռ չի էլ ուրվագծվում: Ընդ որում, այս պայմանների ապահովումը ինքնին կհանգեցնի ծնելիության աճի, որին, սակայն, անհրաժեշտ են լրացուցիչ ստիմուլներ` սոցիալական բնակարանաշինություն:

Իմ համեստ կարծիքով՝ ծնելիության խթանման համար անհրաժեշտ է չորս կամ հինգ (քննարկելի) երեխա ունեցող զույգերին ապահովել 3-սենյականոց բնակարանով ՀՀ մարզերում` առանց օտարման իրավունքի, ինչով կբարելավվի նաև մարզերի վերաբնակեցման հիմնախնդիրը:

Պետական շահի տեսանկյունից պետության գոյաբանական հիմնահարցերը է՛լ ավելի շատ են, սակայն առավել առաջնային է գոյության պահպանումը և տարածքներ կորցնելուց զերծ մնալը:

Պատմական ակնարկով 1918-19թթ. ՀՀ-ն սկզբում հեռակա, իսկ հետո ուղիղ ակնարկներ էր ստանում առանց պետականությունը կորցնելու խորհրդայնացվելու (ընդ որում, 1920թ դեկտեմբերի 2 լույս 3-ի իշխանության փոխանցման պայմանագրում սրա մասին ևս ակնարկներ կան), սակայն մեզ հայտնի ուժերը, ի դեմս Երևանում ելույթ ունեցող եվրոպացի գեներալների ու, վերջապես, Վուդրո Վիլսոնի, ամեն կերպ խոսքերով փաղաքշում էին Հայաստանին, սակայն գործնականում հակասովետական տրամադրված Հայաստանը վերջում, գոնե Հայաստանի կեսը փրկելու նպատակով, իշխանությունը հանձնեց խորհրդային գործիչներին` երաշխավորելով գոնե 30000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան՝ ի հակադրումն թուրքական սցենարով 10000 քառակուսի կիլոմետր տարածքով Հայկական «մեծ համակենտրոնացման ճամբարի»:

Հիրավի պիտի նշեմ, որ Սովետական Հայաստանը շատ ավելի մեծ պիտի լիներ (կրկին հղում եմ տալիս 1920թ. Երևանի պայմանագրին), սակայն, Կարսի բանակցություններին զուգընթաց, Հայաստանում հակառակ բևեռներից դրդվող գործողությունները հանգեցրին Նախիջևանի, Կարսի, Մասիս լեռան (Սիսը Իրանի տարածքում էր) կորսման, Ղարաբաղի` Հայաստանի մաս դառնալու որոշման չեղարկման, և միայն Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա թուլացնելու ցանկությունն էր, որ փրկեց Զանգեզուրը` այն պահպանելով Հայաստանի կազմում:

Հարկ է նշել, որ նույն շրջանում թուրքական (նկատի ունեմ՝ նաև ադրբեջանական) դիվանագիտությունը շատ փայլուն էր աշխատում. մի քանի օրվա մեջ բրիտանացիների հետ ընդդեմ Շահումյանի պատերազմած «ազգայնական» մուսաֆաթիստները դարձան «սովետական» և «սովետականացվելուց հետո» չապստամբեցին, որպեսզի քաղեն բոլոր օգուտները, որ արդեն 100 տարի է, ինչ վայելում են Նախիջևանում, Ղարաբաղում, Կարսում ու Իգդիրում:

Այժմ մենք բոլորս կանգնած ենք այն խնդրի առջև, որին բախվել ենք 100 տարի առաջ. աշխարհաքաղաքական կոնսենսուս կա այս տարածաշրջանում հաղորդակցություններ բացելու հարցի առնչությամբ, որին (կոնսենսուսին) դիմակայելու ռեսուրս չունենք և ոչ ոք չի հատկացնի:

Այն, որ Սյունիքում պիտի բացվի ճանապարհ, կողմ են գրեթե բոլորը, բացի Իրանից, որը կա´մ կսահմանափակվի հայտարարություններով, կա´մ, զորք մտցնելով Հայաստան, պետությունը կներքաշի ռեգիոնալ պատերազմի մեջ, որից ՀՀ-ն «ողջ» դուրս չի գա: Հետևաբար, Հայաստանի դիրքերը պիտի լինեն այնպիսին, որ չկործանեն Հայաստանը և դուրս չթողնեն այն տարածաշրջանային մեգապրոյեկտներից:

Եթե լոկ մի պետություն ցանկանար Սյունիքում ճանապարհների բացում կամ մի քանիսը, դա հնարավոր կլիներ կանխել այլ պետությունների միջամտությամբ, սակայն աշխարհաքաղաքական կոնսենսուսի պարագայում նման քայլը տարածաշրջանում հնարավոր կդարձնի Վանո Սիրադեղյանի հայտնի կանխագուշակումը:

Եվ վերջապես, ճանապարհները փակ պահելու իմաստ այլևս, ցավոք սրտի, չկա, ու հիմա պիտի հեռատեսորեն խելացի գործել, որպեսզի տնօրինենք, տիրապետենք, վերահսկենք ու օգտագործենք Հայաստանով անցնող ու անցնելիք բոլոր ճանապարհները և որևէ պարագայում չզրկվենք դրանցից:

Իմ պատկերացմամբ՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման կոնտեքստում Սյունիքում ճանապարհների բացման հարցի լավագույն լուծումը այն լուծումը կլինի, որի պարագայում որևէ կերպ կասկածի տակ չի դրվի այդ ճանապարհների պատկանելիությունը ՀՀ-ին, այսինքն, չի վտանգվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, և, ըստ էության, աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաների փոփոխման պարագայում ՀՀ-ն կունենա իրավասություն փակելու այն, ինչպես Թուրքիան է փակ պահել ու պահում իր սահմանը ՀՀ-ի հետ: Ճանապարհների բացումը պիտի լինի այն պայմանով, որ ճանապարհի սպասարկում-վերահսկողությունը իրականացնողը չի կարող լինել ադրբեջանական, թուրքական կամ Իրանին թշնամի երկրի պետություն և կամ նման կապիտալ ունեցող կազմակերպություն:

Սա սառը, առանց պաթոս ու խիստ ռեալիստական մոտեցում է. պետությունը պահում են սառը և ռեալիստական հաշվարկների շնորհիվ, ոչ թե՝ պաթոսով:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 7772

Մեկնաբանություններ