Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ԵԹԵ ԱՄԵՐԻԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ, ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՍՏԱՏ ՆՐԱՆ ԿՍՏԻՊԻ ՓՈՇՄԱՆԵԼ»

«ԵԹԵ ԱՄԵՐԻԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ, ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՍՏԱՏ ՆՐԱՆ ԿՍՏԻՊԻ ՓՈՇՄԱՆԵԼ»
13.12.2011 | 00:00

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ)` Իրանի վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես և սպասվում էր, իսկական ռումբի տպավորություն գործեց։ Առայժմ, փառք Աստծո, սոսկ դիվանագիտական։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Իրանի միջուկային ծրագիրը վաղուց արդեն միջազգային քաղաքականության լրջագույն ու չլուծված հարցերից է, և որ զեկույցի հանդեպ հետաքրքրությունը հմտորեն բորբոքվել էր, իհարկե, ո՛չ մամուլում պատահականորեն տեղ գտած արտահոսքերով։
Մենք բոլորս, իհարկե, հիշում ենք, որ ժամանակին մի հատուկ զեկույց, ընդսմին, ոչ այնքան հեղինակավոր և անկախ մարմինների պատրաստած, որքան ԱՏԷՄԻԳ-ն է, և ավելի քիչ մեղադրանքներ պարունակող, առիթ դարձավ Իրաքի պատերազմն սկսելու համար։ Ահա հիմա էլ 25-էջանոց փաստաթուղթը, որ օրերս հրապարակվել է Վիեննայում, Արևմուտքում շատերի համար ոչ մի կասկած չթողեց միջուկային զենք ձեռք գցելու Իրանի նկրտումների ու նաև այն առնչությամբ, որ Իսլամական Հանրապետությունը յոթմղոնանոց քայլերով մոտենում է միջուկային զենք ունեցող պետությունների առանձնաշնորհյալ ակումբին։ Ավելին, թեև պաշտոնատար անձանցից մեկի ասելով, ԱՏԷՄԻԳ-ն անկախ կառույց է, սակայն հետևությունների սրբագրման համար ինտենսիվ աջակցություն է ստանում մի շարք կառավարություններից։ ՈՒ հիմա պարզ է, որ զեկույցի վերջնական ձևակերպումները, անշուշտ, մեծ նշանակություն կունենան ամբողջ աշխարհի համար, քանզի խոսքն արդեն միայն զանազան «պատժիչ միջոցառումների» մասին է (Արևմուտքը, ինչպես հայտնի է, վաղուց ռազմաշունչ է տրամադրված, բայց ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունքով օժտված երկու երկրներ` Ռուսաստանն ու Չինաստանը, հանդես են գալիս Իրանի վրա ճնշումների սաստկացման դեմ)։
Մինչդեռ հաղորդվում է, որ միջազգային տեսուչները մեկ տարուց ավելի ընդարձակ տեղեկություններ էին հավաքում ոչ միայն Իրանում, այլև, նախ և առաջ, «նրա շուրջ», ինչի շնորհիվ ԱՏԷՄԻԳ-ի մասնագետները ձեռք բերեցին հույժ գաղտնի նյութեր։ Ընդգծվում է, որ զեկույցում օգտագործված տվյալները բացարձակ վստահելի են և ունեն ամենահուսալի աղբյուրները։ Ընդ որում, գործակալությունը չի սահմանափակվել ընդհանուր արտահայտություններով` հրապարակված փաստաթուղթն ուղղակի լի է տեխնիկական տեղեկություններով։ Ասվում է, որ իրանական փորձարկումները ներառել են այնպիսի մոդելների ստեղծում, որոնք կարող են օգտագործվել միայն միջուկային պայթուցիչի մշակման համար, որ Թեհրանը կառուցել է խոշոր պողպատակուռ բունկեր, որը կարող է օգտագործվել միջուկային զենքում օգտագործվող գերպայթուցիկ նյութերի փորձարկումների համար, որ 2008 թ. Իրանը կատարել է բալիստիկ հրթիռների միջուկային լիցքի հավաքման համակարգչային մոդելավորում։ Հայտարարվում է նաև, որ գործակալությունն ունի Թեհրանից ոչ հեռու տեղակայված Պարչինի բազայում գտնվող այդ բունկերի արբանյակային լուսանկարները և ուրիշ ծանրակշիռ ապացույցներ։ Պնդումներ կան, թե Իրանն ամեն ջանք գործադրում է (և դրա մի մասը հաջողության է հասել) միջուկային մարտալիցքեր կրող բալիստիկ հրթիռների ռազմական բաղադրամասերի գնման և մշակման ուղղությամբ։ Հաստատված է, որ Իրանի տրամադրության տակ բավականաչափ տեխնիկական գիտելիքներ, հմտություններ ու պաշարներ կան` առաջադրված խնդիրների լուծման համար։ Հատկանշական է, որ դեռ մինչ զեկույցի հրապարակումը լրատվամիջոցները տարածեցին տվյալներ, թե իրանական միջուկային ծրագրերում հսկայական ավանդ ունի նախկին խորհրդային գիտնական Վյաչեսլավ Դանիլենկոն, ով 1990-ականների կեսերին պայմանագրային հիմունքներով աշխատում էր Իրանի ֆիզիկայի հետազոտությունների կենտրոնում, որը երկրի միջուկային ծրագրերի հետ կապված օբյեկտներից մեկն է։ Խիստ հետաքրքրական է, որ սկզբում աղբյուրները հաղորդում էին, թե ինքը ֆիզիկոսն է խոստովանել, որ կապեր է ունեցել Իրանի հետ, սակայն «կարծել է, թե մասնակցում է քաղաքացիական նախագծերի»։ Այն ժամանակ Ռուսաստանը հայտարարում էր, թե նա ուկրաինացի գիտնական է, բայց հետագայում պարզվեց, որ երկու ֆիզիկոս կա Վյաչեսլավ Դանիլենկո անուն-ազգանունով։ Նրանցից մեկը` ՈՒկրաինայի քաղաքացին, հավաստիացրեց, որ երբեք չի եղել Իրանում։ Փաստաթղթում առանձնապես ընդգծված է, որ Իսլամական Հանրապետության հրաժարումն իր միջուկային ծրագրերի տարբեր ուղղությունների մասին տեղեկություններ բացահայտելուց սոսկ խորացնում է կասկածները։ Այնպես որ, թեև զեկույցում ուղղակի պնդումներ չկան, որ Իրանը, իրոք, զբաղված է միջուկային զենքի ստեղծմամբ, ԱՏԷՄԻԳ-ը հասկանալ է տալիս, որ Թեհրանի որոշ գործողություններ իմաստ ունեն միայն միջուկային սպառազինությունների մշակման բնագավառի հետազոտությունների համատեքստում, և որ ատոմային ծրագրի մի մասը կարող է ցանկացած պահի օգտագործվել ռազմական նպատակներով։
Մի շարք միջազգային դիտորդների և մասնագետների կարծիքով` զեկույցն այլ կերպ անհնար է մեկնաբանել, և դա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՏԷՄԻԳ-ի ներկայացրած զեկույցների մեջ ամենակոշտն է։ Փորձագետները կարծում են, որ Իրանը ծայրահեղ դեպքում մեկ տարի հետո ընդունակ կլինի ստեղծելու միջուկային զենք։ Այլ մասնագետներ ենթադրում են, որ իրականում Իրանին ավելի շատ ժամանակ` մի քանի տարի պետք կլինի դրա համար։ Նրանցից ոմանք այն կարծիքին են, որ Իրանի ղեկավարությունը ձգտում է հնարավորինս շուտ միջուկային զենք ստեղծելու հնարավորություն ունենալ։ Մինչդեռ «Վաշինգտոն փոստը» հաղորդում է, որ աշխարհի առաջատար հետախուզական ծառայությունները, իրենց հերթին, նույնպես համոզված են, որ Իրանը շուտով հաջողությամբ կավարտի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Ամեն դեպքում, պարզ է մեկ բան` իրանական միջուկային ծրագրի առնչությամբ վաղուց հասունացող ճգնաժամը վճռական փուլ է թևակոխում։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ Թեհրանը դեռևս պնդում է, որ միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես քաղաքացիական նպատակների` էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Իրանի նախագահը ԱՏԷՄԻԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոյին մեղադրել է այն բանում, որ նա ԱՄՆ-ի դրածոն է` քաղաքական պատվեր կատարող, որը ոչ մի հեղինակություն չունի, և «եթե Ամերիկան հակամարտություն է ուզում Իրանի հետ, իրանցիների պատասխանը հաստատ նրան կստիպի փոշմանել դրա համար»։ Արտաքին գործերի նախարար Սալեհին էլ հայտարարել է, թե զեկույցում չկան լուրջ ապացույցներ, որ Իրանը մտադիր է ատոմային մարտագլխիկ ստեղծել, իսկ ԱՏԷՄԻԳ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցիչ Սալթանիեի կարծիքով` հաշվետվությունը կազմված է «ոչ պրոֆեսիոնալ, դրդապատճառները քաղաքական են և ուղղակի կրկնում են նախկինում արդեն հնչած պնդումները»։ Ընդ որում, իրանցիներն առանձնահատուկ ընդգծում են, որ զեկույցը հրապարակվել է Ռուսաստանի, Չինաստանի և «չմիանալու շարժման» այլ երկրների դիրքորոշմանը հակառակ, ինչը «վկայում է պետությունների մեծամասնության սպասելիքների նկատմամբ անուշադրության մասին», և այդ փաստաթուղթը հրապարակելու գործում շտապողականություն է հանդես բերվել։
Այն, որ Թեհրանը ձգտում է ևս մեկ տարաձայնություն սերմանել և դրանից օգուտ քաղել, միանգամայն բնական է։ Սակայն հարկ է նկատել, որ համաշխարհային ընկերակցությունը, իրոք, հեռու է Իրանի միջուկային խնդրի հանդեպ միասնական դիրքորոշումից։ Տարբեր երկրներում տարբեր մեկնաբանություններ են հնչում` ռազմաշունչից մինչև հաշտվողական, և այդ տարաձայնությունները կարող են սաստկանալ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում հարց բարձրացվի Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին։ Վաշինգտոնում ԱՏԷՄԻԳ-ի հաշվետվության քննարկումն սկսվել էր դրա հրապարակումից դեռ շատ առաջ, իսկ Թեհրանից հնչող հակաամերիկյան հայտարարություններին զուգընթաց, նախագահ Օբաման աներկմտորեն արտահայտվեց Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցների օգտին։ Բեռլինում այն կարծիքին են, որ պատժամիջոցներն ավելի ազդեցիկ են, քան խնդրի ուժային լուծման սպառնալիքը, և մերժում են ռազմական միջամտության թեմայով ցանկացած բանավեճ։ Պատժամիջոցների կոշտացման հնարավորության մասին է խոսվում նաև բրիտանական արտքաղաքական գերատեսչությունում, և լրացուցիչ միջոցառումներ են որոնվում իրանական ֆինանսական հատվածի, նավթի-գազի արտադրության, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրի մասնակից անձանց ու հիմնարկների առնչությամբ։
Նախկինում լրատվամիջոցները պնդում էին, թե բրիտանացի զինվորականներն ակտիվորեն ծրագրեր են մշակում ի դեպս արտակարգ իրավիճակի, իսկ պաշտպանության նախարարությունը «կարծում է, որ ԱՄՆ-ը կարող է արագացված կարգով իրանական առանցքային միջուկային օբյեկտներին նշանառու հարվածներ հասցնելու ծրագրի իրականացման որոշում կայացնել»։ Ֆրանսիան զգուշավոր է մոտենում Իրանի վրա հարձակման հնարավորությանը, սակայն արտգործնախարար Ժյուպեն հավելել է. «Ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի, բայց եթե Իսրայելը հարձակման ենթարկվի, ապա Ֆրանսիան միշտ նրա կողմը կլինի»։ ՄԱԿ-ի ԱԽ-ում նոր պատժամիջոցների կանխման հնարավոր կողմնակիցներից մեկի` Չինաստանի ղեկավարությունը ձեռնպահ է կտրուկ արտահայտություններից, հասկանալ է տալիս, որ հաշվետվությունից դժգոհ է։ Միաժամանակ հայտարարում է, որ «իրանական կողմը ևս պետք է ճկունություն ու թափանցիկություն հանդես բերի և ավելի լրջորեն գործակցի գործակալության հետ», առավել ևս, որ «Իրանը մի պետություն է, որը ստորագրել է միջուկային զենքի չտարածման արձանագրությունը, որը նրա վրա միանգամայն կոնկրետ պարտավորություններ է դնում»։ Միևնույն ժամանակ, Մոսկվայում, ուր շտապ կարգով անցկացվեց ռուս-իրանական հերթական խորհրդակցությունը, բացասական գնահատեցին ԱՏԷՄԻԳ-ի հաշվետվության հնարավոր հետևանքները։ «Իրանի դեմ ուղղված ցանկացած լրացուցիչ պատժամիջոց միջազգային ընկերակցությունում կընկալվի որպես Թեհրանի վարչակարգի տապալման քայլ»,- ասվում է Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարության մեջ։ Ռուսաստանը կարծում է նաև, որ լրացուցիչ ժամանակ է պետք Իրանի միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի առկայության նոր անհերքելի վկայություններ ստանալու համար։ «Վերլուծությունը պետք է անցկացվի հանգիստ իրավիճակում, քանի որ կարևոր է պարզել` իրո՞ք ի հայտ են եկել նոր, ընդ որում, հավաստի փաստեր, որոնք հաստատում են իրանական միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի առկայությունը, թե՞ խոսքը հույզերի գիտակցված և անօգուտ բորբոքման մասին է»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։ Սերգեյ Լավրովը հիշեցրել է նաև, որ Իրանի նկատմամբ ռազմական ուժի գործադրումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի ԱԽ կանոնադրությամբ նախատեսված այն դեպքերում, երբ կա՛մ գործում է ինքնապաշտպանության իրավունքի դրույթը, կա՛մ առկա է այդ առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ որոշումը։
Ակնհայտ է, որ այս խոսքերն առաջին հերթին հասցեագրված են Երուսաղեմին, սակայն դրանց ականջ կդնե՞ն, արդյոք, հրեական պետությունում, հատկապես Ահմադինեժադի շարունակական սպառնալիքների պայմաններում, ամենևին պարզ չէ։ Առավել ևս, որ չորս տարի առաջ, առանց որևէ պատժամիջոցի, իսրայելական ՌՕՈՒ-ն ոչնչացրեց սիրիական Դեյր Էզ Զորի անապատում կառուցվող միջուկային ռեակտորը, իսկ 1981-ի գործողության ընթացքում Իսրայելն ավերել էր Իրանի «Թամուզ» ատոմակայանը։ Ավելին, այս օրերին ֆրանսիական հետախուզության անանուն աղբյուրը հաղորդել է, թե ընթացիկ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ը, իբր, գաղտնի Իսրայել է առաքել 55 ռումբ` յուրաքանչյուրը մեկ տոննա կշռով, որոնք նախատեսված են ստորգետնյա ապաստարաններն ավերելու և լավ ամրացված ստորերկրյա կառույցների ներսում հրդեհ առաջացնելու համար։ Միաժամանակ ասվում է, թե Օբաման, թույլ տալով «գերռումբերի» մատակարարումը, հայտարարել է, որ ամերիկյան ղեկավարությունը պաշտոնապես Իսրայելի առջև «կանաչ լույս» չի վառի Իրանի ռմբակոծության համար։ Իսկ գլխավորը, որ իրանցիները, ըստ լուրերի, իրենց ատոմային սարքավորանքը տեղափոխում են էլ ավելի խոր և դժվարամատչելի ստորերկրյա օբյեկտ, ընդ որում, դա կավարտեն մոտավորապես մեկ տարվա ընթացքում։ Այնպես որ, շատ հավանական է, որ երբ հայտնի է դառնում, որ վարչապետ Նաթանյահուն ջանում է նախարարների կաբինետին համոզել պաշտպանելու Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու որոշումը, որ Իսրայելի նախագահ Պերեսը իրեն ոչ բնորոշ կոշտ տոնով իրազեկում է` «Ժամացույցի սլաքներն առաջ են գնում ու նախազգուշացնում, որ քիչ ժամանակ է մնացել» և, ընդհանուր առմամբ, «Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունը հիմա ավելի մեծ է, քան գործակցության դիվանագիտական եղանակները», ապա դա միայն վախեցնելու համար չէ, որ արվում է։ Ամեն դեպքում, այժմ Երուսաղեմը պաշտոնապես արձագանքել է ԱՏԷՄԻԳ-ի փաստաթղթին և հայտարարել, թե նման լուրջ հաշվետվությունը ավելորդ անգամ ընդգծում է, որ իրանական ատոմը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Ընդ որում, նրանք դեռևս հույս ունեն, որ Թեհրանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները կլինեն կոշտ և գլխավորը` վերջինը իրանական միջուկային սպառնալիքի վերացման փորձերի ճանապարհին։
Իսկ մեզ` հայերիս, մնում է հուսալ, որ առայժմ ընդամենը քարոզչության շրջան է, որ հարձակումը խիստ խնդրահարույց է ու քիչ հավանական (թեև, անշուշտ, նման հավանականությունը լիովին բացառել չի կարելի), որ ԱՏԷՄԻԳ-ի զեկույցը, այնուամենայնիվ, Արևմուտքի և Իսրայելի կողմից չի ընդունվի որպես Իրանի վրա հարձակման նախապատրաստության առիթ, և որ, ի վերջո, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք տեղի էին ունենում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ հինգ պետությունների և Գերմանիայի միջնորդությամբ և 2010-ին ընդհատվեցին, այնուամենայնիվ, կվերսկսվեն։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ