«Մենք հոգեբուժարանի խոհանոցում տապակվող ձկներ ենք, որ մեր ազատությունը հիմնավորելու այլ տարբերակ չունենք, քան ենթադրելը, թե ձկան ազատության մնացած դեպքը պահածոյացված տեսակն է»։
ՄԱՆԱՍԵ
«Գրառումների տետր առանց գրառումների»
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆՈՑԻ
«ԼԼ» գորշամոխրագույն ծովախորշի երկնագույն թերակղզում կայացավ դոդոշների գարնանային համաժողովը։ Ի թիվս այլ հարցերի, առաջ քաշվեց հանրապետության մշակութային կյանքի անոմալիաները «Դոդոշ-ասպետ» եռաստիճան շքանշանով նշանավորելու խնդիրը։ 2012-ի հավակնորդների թվում են այն դերասանները, ովքեր միևնույն օրը և ժամին նույնական մեկ հեռուստաալիքով խաղում են հանրային բարոյականը խեղանդամող սերիալում, մյուս հեռուստաալիքով ծանակում, այպանում, աքսորավայր են գործուղում հեռուստասերիալ մոգոնողի և դրանք հեռարձակողի յոթանասունյոթ պորտը։
Հ. Գ. -Շքանշանի թեկնածուներն ի հայտ կգան «ԼԼ» բազմագիտակ ընթերցողաց ցանկությամբ։ Ձեր թանկարժեք և արժանահիշատակ կարծիքները տեղակայեք «Իրատես de facto»-ի համացանցային կայքի «ԼԼ» բաժանմունքում։
Առաջնորդի պաշտամունքն առհասարակ բնորոշ է տնտեսական ճգնաժամ, սոցիալական հոգեվարք և մշակութագիտական այլասերում ապրող ժողովուրդներին։ Մենք, ինչպես քաջ հայտնի է, անկախանալով` էս ամենը վերապրում ենք։ Մեզ պե՞տք է առաջնորդ։ Հարկավ։ Մեր առաջնորդը պե՞տք է գերազանցի նախորդներին։ Վստահաբա՛ր։ ՈՒ մի՞թե նա չպետք է իր հաղթանդամ կերպարում ի մի բերի նախորդների լավագույն հատկանիշները։ Անշուշտ։ Արդ, տիարք մեծաքսակ-մանդատավորները աննկուն-վերջնագրային են, ինչպես Ֆիդել Կաստրո Ռուսը (Սամարայի արվարձաններում նրան քնքշաբար կանվանակոչեին Ֆեդկա Կաստրուլկին, երբ Կարիբյան ճգնաժամի ժամանակ ընկավ հայրենական «Պորտվեյն» գինու որակը)։ Միաժամանակ, նրանք հեքիաթային հարստության տեր են, ինչպես Իլհամ Հեյդարովիչ Ալիևը։ Եվ այդ հեքիաթը, իհարկե, հալալ-զուլալ քրտինքի արդյունք է։
Այսպիսով, անհրաժեշտ է դարի ոգուն համահունչ առաջ շարժվել համացանցային ճարպկությամբ։
Հայոց շեներն ու քաղաքները ժամանակավորապես (մինչև խորհրդարանական և նախագահական ընտրությունների ավարտ) անվանակոչում ենք «մեր թագավոր ախպերների» անուններով։ Ի դեպ, այդպես էլ կա։ Զի շեներն ու քաղաքները մեր և մեր խաչմերուկները, նրանց մերձակայքը, Առինջ բերդաքաղաքն ու Երևանի Աբովյան-Թումանյան խաչմերուկները շնչում-հառաչում են նրանց պատկերով և նմանությամբ։ Ամենուր նրանց հաղթական կերպարն է` գովազդային վահանակներին, ոչ գովազդային պատերին և դարպասներին։ Ամենուր, ուր գեթ մեկ ընչաքաղց է բարգավաճում, աճում ու փթթում։ Փաթաթվելով «իմ թագավոր ախպերների» ոտնամաններին։ Եթե թույլ տան։
Հիմա տիարք օլիգոպոլիկները կիսաժպիտ ու անխռով են։ Իսկ եթե դառնան երկրիս ու ազգիս նախագա՞հ։ Այսինքն, ազգընտիր։ Քիչումիչ երևակայենք։ ՀՀ բոլոր ընկեցիկները, բոմժերը, հարբեցողները, ընչազուրկները, կավատները, հեռուստասերիալի սիրահարները, կոյուղագործ-վարպետներն ու բարեհաճ բամբասողները լիուբոլ բարգավաճում են։ Ամսվա կտրվածքով յուրաքանչյուրն ստանում է մեկական ակնոց (անկախ նրանից` ունի՞ ակնոցի կարիք, թե՞ ոչ), երկու կգ թրջած կանաչ լոբի և մեկական նեխած բրդուճ։ Հանրապետության անխտիր բոլոր խաչմերուկներում նրա կիսանդրիներն են, առյուծը սանձած (անպատճառ բրոնզաձույլ)։
Կրեմլն ըմպում է նրանց օղին ու կոնյակը, գինին ու թանը։
Պետդուման ճաշակում է նրանց արտադրած խոզաճարպը, ալանին և սուջուխը։
Հանրապետությունը վերանվանվում է Օլիգոպոլիս։
Առավոտյան 7.00-ին ողջ հանրությունն աշխատանքի է ելնում` օրվա ապրուստը հայթայթելու։ Կներեք, բայց էդքան ակնոց, լոբի ու բրդուճ հե՞շտ է ամիսը մեկ Հայաստան հասցնելը։ Թեկուզ և դրանք ժամկետանց են, և մի բան էլ դրանց տերերն են փող տալիս, միայն թե ազատվեն էդ մնացորդից։ Իսկ բարեհաճությո՞ւնը։ Իսկ լայն ու թափով անցկացրած ժողովրդասեր տոնահանդեսնե՞րը։ Իսկ տորքանգեղյան տեսքն ու մնացյա՞լը։ Մի խոսքով, մեզ մի հնգամյակ վերափոխվել է պետք, բարգավաճել, աճել, կայանալ, կայունանալ։
Ի դեպ, «ԼԼ» գաղտնի ծառայությունների տեղեկությունների համաձայն` ԲՀԿ-ն (նրա ուղղամիտ-վերլուծական հատվածը) երազում է միակցվել ՀՀԿ-ին խիստ ուշագրավ ձևաչափով։ Այսինքն, էսպես` գազի համազգային ներկրումն այսուհետ դառնում է հանրապետական սեփականություն։ ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ ոչ անցողիկները պետծառայության են անցնում գազաբաշխման գրասենյակում` պետի պաշտոնով։
Դաշինքը վերանվանվում է ա՛յ էսպես` Հանրապետականի բարգավաճ մասնաճյուղ։
ՀԱԿ ՀԱԿԱՑՈՒՑԱՆՔՆԵՐ
(խնոցին հարվում է, սպասեք կաթնաշոռին)
ՈՒզես-չուզես, բայց ՀԱԿ-ի բանախոսներին ունկնդրելիս ստիպված եք պարբերաբար շոշափել սեփական ականջաբլթակները, խուտուտ տալ թևատակերը (այսինքն, ինքնաբուխ ինքնախուտուտի ենթարկվել) կամ նվազագույնը կսմթել փափլիկ մասերդ։ Զի երազն ու իրականությունը, երազախաբկանքն ու իրապատում հեքիաթն այնպես են միախառնվում, ասես 1990-98 թվականներին եղել է Կիլիկյան կամ Բագրատունյաց թագավորությունների պատճենումը։ Հետևաբար, չի՛ եղել «Մազութի գործ», հայրենական մոլիբդենը չի փոխանակվել իրանական «պեչենու» հետ, ՀՀՇ-ն էլ աշխարհազոր էր, որ դիրք էր բռնել նորանկախի բոլոր վտանգավոր ծակուծուկերում և արթուն-պահակ էր կանգնած սոված-տանջահար, միայն թե մոմն ու նավթը, քուսպն ու կատվի կերը ժամանակին տեղ հասնեին։
Հասան։ Տվին անցան։ Վերջնարդյունքում 1995-ին ԱԺ ժողովրդավարական ընտրություններ էին։ Եղել է, չի եղել` չեմ կարող պնդել։ Բանախոսների վարդագույն բառահեղեղն իր մրոտ գործը, այնուամենայնիվ, անում է։ Ոնց որ թե հեչ էլ, թե եղել է։ Կամ այս օրերին ո՞ւմ է պետք, թե 1996-ի նախագահական ընտրություններում ինչ-որ անհամ-անորակ բաներ եղան։ Զորօրինակ, «Հաղթողների խնջույքը», որի ժամանակ ուժային կառույցների ղեկապետ տիարք խրոխտ հայտարարեցին, որ ԱՅՆ ՕՐԸ (1996-ի սեպտեմբերի 21-ին) իրենք պատրաստ էին կործանելու 600, անգամ 6000 ՀՀ քաղաքացու, հանուն երկրի կայունության և անդորրի։ Եղե՞լ է արդյոք, թե չի եղել, դժվար է պնդել։
Մի խոսքով, հարկ է, որ ՀԱԿ-ի ակտիվն ընդունի, որ կա՛մ այս նախընտրական օրերին ՀԱԿ-ը գունագեղ ամնեզիայի մեջ է խորասուզված, կա՛մ մենք ենք քնահարամ հորթուկի դերում ու չենք տարբերում մայրական կաթնատու ստինքը գլուխ կաղամբից։
Ի դեպ, վերջերս երթուղայինում մի չարանենգ դեպք պատահեց։ Կիսանինջ ունկնդրում էի ռադիոկայաններից մեկի երեքօրյա վաղեմության թարմ լրահոսը, ու մեկ էլ ծանոթ-հայրենակարոտ ձայները շրմփացին վրաս։ ՀԱԿ-ի համամասնականի անցողիկ տասնյակի հանդեպ անսքող հավակնություններ ունեցող տիկնանցից մեկը բաղաձայն շեփորում էր, թե ՀՀՇ-ն լույսի պես պայծառ է իր անցյալում, թե մոլագարների զառանցանքն է մազութի մասին հերյուրանքը, թե 95-ի ընտրությունները քաղաքակիրթ հասարակության կայացման անկյունաքարն էին, թե... և այլն։ Հավատացի։ ՀԱԿ-ի մեծամասնական հոգնան իր ավերիչ դերը, այսուհանդերձ, կատարել էր։ Սակայն, սովորույթի համաձայն, փորձեցի կսմիթով ճշտել պատմական պահը։ Կսմիթս վատ չստացվեց։ Անգամ անսովոր գրգռիչ էր։ Մի քիչ էլ բուրումնավետ։ ՈՒ մեկ էլ կոնքամասիս սուր ծակող գործիքի հարված զգացի։ Ոռնոցիցս երթուղայինը փոխեց երթուղին և Նուբարաշենի փոխարեն բռնեց Ջրվեժի ճանապարհը։ Կսմթել էի կողքիս բազմած ցենտներանոց կնոջ, դե, հասկացաք, թե ինչը։ Նա էլ, պարզվեց ՀԱԿ-ի անցողիկներից մեկի զոքանչն էր։
Մի խոսքով, ՀԱԿ-ն ու ՀԱԿամերձ այլևայլք ԱԺ-ում կհանգրվանեն։ Սա է արդի պատմական պահի պահանջը։ Սխալվել կարող ենք բոլորս։ Վերջերս կենդանաբանական այգում էլ սխալվեց մակակ կապիկը, անունը` Վալոդ։ Սխալվեց և ձեռքի բանանը խոթեց գազանանոցում քարոզարշավ իրականացնող քաղակտիվիստուհի Մարիետայի ականջը։ Սույն տիկինը փորձում էր նորահայտ «Փռշտամ և զկռտամ» դաշինքի օգտին որսալ Վալոդի ձայնը։ Դե, Վալոդը զղջաց իր արարքը և համաձայնեց ձայնը վաճառել Մարիետային։ Չորս բուռ դդումի բոված կորիզի դիմաց։
ԽՆՈՑԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՈՒՅՐՈՎ
(թթված թթվասեր, անալի պանիր)
Քեզ մի տեսակ արհամարհված ես զգում։ Ինչի՞ց կլինի։ Փորձենք գլխի ընկնել։ Այսինքն, կռահել։ Արհամարհված ես, զի շուրջբոլորդ միջանցիկ քամիներ են, հագեցած ներքաղաքական գրբացությամբ, համեմված քաղհոգեորսության զառանցանքներով։ Բայց գուցե իսկը ժամանա՞կն է վերափոխելու երկրի քաղաքական քարտեզը, որը, ասես, 131 անգամ մարդաթող եղած քաղկույսի մահիճ է։ Եվ հասկանանք` երկրի Սահմանադրության այդ ո՞ր դրույթով է սահմանված, թե հանրապետության ահա այսինչ հատվածը, իր գյուղերով ու շեներով, արտերով ու բոստաններով, իր գիտնականներով ու ստահակներով, իր ծերերով ու մանուկներով, ահա այսինչ գյադուկին է ագուցված որպես տնամերձ, որպես խոհանոցային անհրաժեշտ սպասք կամ էլ, գուցե թե, ներանձնական գործածման թաշկինակ։
Չէ՞ որ գյադուկը (անուն-ազգանունը ինքներդ հարմարեցրեք) տվյալ գյուղի հայտնի տխմարն էր, շենի պատուհասը, գիտնականի վարորդ-գրպանահատը։ Եվ այլն։ ՈՒ ահա անկախությունը գյադուկից մանդատ թխեց ու մանանա հունցեց` վասն մեր փրկության։ Իսկ գուցե 2012-ին վերջապես դարձի գանք և ապաշխարե՞նք։ Գուցե հանրությանը քաջ ծանոթ և այդ դժնդակ օրերին մարդկային նկարագիրը չկորցրած պատվարժան այրերին ու տիկնա՞նց առաջադրենք և ընտրենք։ Այսպիսով, վերջապես հայոց խորհրդարանն էապես տարանջատենք խորտկարանից։
Գո՛ւցե։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -«Միտք եմ անում, միտք ու չեմ հասկանում»` լա՞վ է, թե՞ վատ է երկրում բազմաթիվ մեծահարուստներ ունենալը, որոնց թուրը կտրում է աջ ու ձախ, հարավից հյուսիս, Ախթալայից Նուբարաշեն։
Գուցե և լավ է։ Նայում ես շուրջբոլորդ, ու փառավորվում է հոգիդ։ Դղյակներ, պանդոկներ, երկնաքերներ և, որպես քերծվածք հոգուդ վրա, ժամկետանց տրոլեյբուսներ, կենսաթոշակ և այլն։ ՈՒշագրավ ժամանակներում ենք ապրում։ Սև-ճերմակ իրականությունում, և կյանքը զվարճալի է և ոչ միօրինակ, ինչպես, ասենք, Բելգիայում, Թուրքմենստանում կամ հարևան Վրաստանում։