Վերջերս մտել էի Իսահակյան փողոցի «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող խանութը։ Հանկարծ ականջս սղոցեց օտար, անծանոթ ելևէջներով երաժշտություն: Դիմեցի աշխատողներից մեկին, թե այս ինչ տհաճ երաժշտություն եք լսում և այսքան բարձր։ Նա հպարտորեն պատասխանեց` թուրքական։ Մյուսն էլ, թե` մենք սիրում ենք թուրքական երաժշտություն ու միշտ լսում ենք:
Իհարկե, շատ զարմացա, իմ վրդովմունքը հայտնեցի։ Փորձեցի նրանց մեջ արթնացնել արժանապատվության զգացում։ Բայց իզուր։ Մի քանի երիտասարդ տիկնայք էլ պաշտպանեցին նրանց, թե` դե մի բան ա, էղել ա, ի՞նչ եք անընդհատ հիշեցնում: «Մեր երաժշտությունն էլ ըստուց-ընդուց վերցրած ա, մաքուր հայկականը չկա»:
Գուցե խանութում գտնվողների մեջ համակիրներ ունեի, բայց նրանք գերադասում էին լռել: ՈՒզեցի տնօրենի հետ խոսել, ասացին` նա երկրում չէ: Բայց զգացի, որ նրանք ոչ միայն ստում են, այլև ինչ-որ բան են թաքցնում...
Հուզված, զայրացած դուրս եկա։ Ինձ հետաքրքրեց խանութի անունը։ Ճշտեցի. «ZERGA» օտարահունչ և միայն անգլերեն տառերով: Հետևությունը թողնում եմ ընթերցողին։
Ավելացնեմ, որ իմ զրուցակիցները երիտասարդ կանայք էին՝ մայրեր կամ ապագա մայրեր: Աստված մի՛ արասցե, որ նրանք քանակ կազմեն: Այդ երևույթի տարածումը երիտասարդների շրջանում, այն էլ մայրաքաղաքի կենտրոնում, խիստ վտանգավոր է և ժամանակի ընթացքում, չեմ էլ կասկածում, ծանր հետևանքներ կունենա մեր ազգային երաժշտության ապագայի համար:
Ռուզան ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խմբագիր