1923-ին հրատարակված Թեոդիկի «Ամենուն տարեցույցը» տարեգրքում զարմանալի տողեր կան Վահրամ Փափազյանի կյանքի երիտասարդական շրջանի վերաբերյալ։ Զարմանալի` երկու տեսանկյունից։ Նախ` ոտն ի գլուխ բեմով տարված և վաղ երիտասարդական օրերից արտիստական բացառիկ ձիրք ունեցողի շեղումն է ճակատագրով նախանշված ուղուց, և երկրորդ` այս պատմության մասին անգամ թռուցիկ հիշատակություն չկա նրա «Հետադարձ հայացք» ինքնակենսագրական պատումում։ Հավանաբար, ժամանակներն այլ էին և նման հիշողություններն առանձնապես չէին խրախուսվում իշխանությունների կողմից։ Գուցե նաև Փափազյանն անդրադարձել է իր բազմահարուստ կյանքի այս ինքնատիպ դրվագին, սակայն խորհրդային գրաքննությունն արգելակել է դրա հրապարակումը։ Դժվար է պնդել։ Եվ, անկեղծ լինենք, կարիք էլ չկա։ Կարևոր են դեպքը, եղելությունը, որոնք նոր լույս են սփռում ազգային մշակույթի փառավոր ասպետներից մեկի անվան վրա։
Եվ ահավասիկ պատմությունը։ 1914-ի ամռանը Բաքվի Կուլտուրական միության ծախսով Վահրամն անցնում է Վենետիկ` կազդուրելու առողջությունը։ Այստեղ է կայանում նրա նշանավոր հանդիպումը Սիամանթոյի հետ։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Փափազյանը Բոսֆորի նեղուցով փորձում է Օդեսա վերադառնալ` վերստին Բաքվում գործունեությունը շարունակելու նպատակով։ Նյութական դժվարությունը դրդում է արտիստին անխոհեմ քայլի. նա ցամաք է դուրս գալիս Պոլսում։ Է՛լ ավելի «անխոհեմ» է լինում` անդամակցելով օսմանյան կոնսերվատորիային` Մնակյանի, Անտուանի և Ռեշատ բեյի հետ։ Սակայն արդեն իսկ համբավ ունեցող արտիստը լրտեսների ուշադրության կենտրոնում էր։ Բեմական մի ներկայացման Ժամանակ հետապնդման լուրն առնելով փախչում է։ Հակառակ պարագայում, ինչպես նշում է Թեոդիկը, Վահրամը պիտի բախտակիցը դառնար աքսորվող հայ մտավորականության։
Աքսորից ու մահից խույս տալով Փափազյանը հայտնվում է Օդեսայում։ Նավը լքելը, սակայն, դյուրին չէր։ Բավականին խստացված էր անցագրային ռեժիմը, և հրավեր չունեցող ուղևորները հետ պիտի դառնային Պոլիս։ Վահրամը պիտի հանգրվաներ Օդեսայում, հետդարձի բոլոր կամուրջներն անդարձ այրված էին։ ՈՒ նա դիմում է միակ հնարավոր միջոցին` նավախարսխի ճոպանի օգնությամբ գաղտնի հեռանում է նավից։ ՈՒ անմիջապես դիմում է տեղի հայկական եկեղեցու սպասավոր Գրիգոր քահանային և նրա միջնորդությամբ հանդիպում իշխան Արղությանին։ Վերջինս օգնում է հասնելու Բաքու և միանալու Կուլտուրական միության թատերախմբին։ 1914-ի ձմեռային խաղաշրջանում Փափազյանը բազմաթիվ դերերով փայլում է բեմում, խաղալով, մասնավորապես, Դոն Ժուան և Օթելլո։ 1915-ի ամռանը թատերախումբը հանգստի և հյուրախաղերի է մեկնում Շուշի։
1915-ի ձմռանը երիտասարդ Վահրամ Փափազյանը կամավոր ճակատ է մեկնում, անտեսելով շատերի հարուցած արգելապատնեշները։ Զորավար Անդրանիկն ու Դրոն իրենց հերթին անտեղի են համարում մեծ ապագա խոստացող արտիստի մասնակցությունը պատերազմական գործողություններին։ Քեռին է նրան հանձն առնում պահել ռազմի դաշտում, իրենից չհեռանալու պայմանով։ Բայց Վահրամը համհարզային ծառայության համար չէր, ռազմաճակատ հասել։ Սվինամարտի ժամանակ վիրավորվում է կրծքից, արժանանում Գեորգիևյան խաչի։ Նշանավոր այս սվինամարտում նա կեղծանունով էր հայտնի` Էռնեստ Վակռամ։ Իսկ զորամասը կռվում էր առաջապահ դիրքերում, Պարսկաստանի սահմանի վրա։ Այսպիսով, զորավար Քեռին ուներ մի զարմանալի թիկնապահ` Էռնեստ Վակռամը` Վահրամ Փափազյանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Շնորհակալություն ենք հայտնում Խաչիկ Ստամբոլցյանին` Թեոդիկի տարեգիրքը ներկայացնելու համար։
Մի քանի խոսք Թեոդիկի մասին։ Իսկական ազգանունը Ճեզվեճյան է։ Արշակուհի Ճեզվեճյանը հասարակական գործիչ էր և բանասեր, հայ գրող և բանասեր Թեոդիկի (իսկական անունը Լաբճինճյան Թեոդոս) կինը։ 1907-ից աշխատակցել է ամուսնու հիմնադրած «Ամենուն տարեցույցին»։