Որոշ երկրներ սեփականաշնորհել են քաղաքացիներին,
Որոշ քաղաքացիներ` երկրները։
Վայրի կապիտալիզմը սմբակն է բարձրացրել`
Տեսեք, հա՜, չմոտենաք բարեկիրթ կապիտալիզմին»։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ, «Ձիարշավ»
ՋՈՒՆԳԼԻԱԿԱՆ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄՆԵՐ
Հայրենական արտադրության տնտեսական տեսաբաններ, դուք ո՛ղջ լերուք։
Իսկ Սևակը կասեր. «Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա...», հասկանալի է, չէ՞, աշխարհն ուսել ու տանում է։ Ինչպես նախարարի խորհրդական։ Եվ այլն։ ՀՀ-ն երկու հասարակական խմբի է մասնատվել` նրանց, ովքեր ելել են շալակն աշխարհի, և նրանց, ովքեր աշխարհն են շալակած տանում։ Աշխարհի (նույնն է թե` Հայաստանի ու Արցախի) շալակն են ելել Բյուրականի աստղադիտարանի աստղագետները (շալակտարը ՀՀ ԳԿ նախարարն է), Մալաթիայի շուկայի գործարար-վերավաճառողները (շալակտարը շուկայատերն է) և այսպես շարունակ։
Եվ ահա Ամանորին ընդառաջ կոալիցիոն տեսաբանները հրճվանքից գրեթե խելքամաղ հևասպառ դայլայլում են Հայոց շուկայի օրհներգը. ազատություն ամենեցուն, ամենուր և ամեն բանում։ Նաև տնտեսական չարաշահումներում։
Իսկ ջայլամը (հասուն արուն) կշռում է 150 կգ։ Բայց նրա կերը օրվա ընթացքում 3 կգ-ից չի անցնում։ Որքա՞ն են կլանում շալակելածը և որքա՞ն` շալակտարը։
Ընդդիմադիր տեսաբանները քսան տարի է` բողոքում ու հավատացնում են, էդ ի՜նչ մի մեծ բան է 3 միլիոն մարդու կերակրելը։ Ընդ որում, բոլորն էլ աշխատասեր, ուշիմ, պանրակեր։ Եվ ընդդիմադիր։ Սակայն հուզախռով մակարդակներում, հրապարակներում, հարթակներում, կանգառներում և խոհանոցում։
Իսկ գուցե ժամանակն է, որ մեր ընդդիմադիր ներուժը խարջենք շուկաներում, մարկետներում ու ցույցի դուրս գանք` ջունգլիներում օրինապահության հաստատման հեռանկարով։
ԿՈՉԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ
-Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը իշխանական կոալիցիային անդամագրվելն է... ենթասպայի աստիճանով։
Սոցինտերնի անդամ ՀՅԴ-ն գնային հաբռգումների շրջանում իջավ ջրի հատակը, բայց, դե, գիտեք էլի, ամենեևին չանցավ վտանգը։ Սակայն գուցե նրանք, այնուամենայնիվ, գրոհով վերցնեին ԱԺ-ն, վերականգնեին սոցիալական արդարությունը, անցնեին պարետային ռեժիմի, ուղեգորգերը, համակարգիչներն ու վարչական շռայլության բոլոր մյուս բաղադրիչները վաճառքի հանեին, անջատեին ջեռուցումը և արդարության ու հավասարության կոչնակներ հղեին ի լուր հայության։ Կամ գուցե կազմակերպեն պանրադուլ, բաստուրմադուլ և սուջուխամերժում։ Ա՜յ սա հեղափոխական լուրջ հնչերանգներ կունենար։ Թե չէ ինչի նման է, ՀՅԴ-ն իշխանություն է, թե ընդդիմություն, կուսակցապետ Վահան-ընկերը քաղաքական խունջիկլամիշի հերթական տրանսի մեջ է, բողոքում է, որ օլիգարխի ջիպն անցնում է կարմիր լույսի տակով, որ իր երկսենյականոց բնակարանում զօր ու գիշեր տառապում է հայոց ճակատագրով ու երազում այն պայծառ օրը, երբ էս անտերը երկիր կդառնա, ու ինքը կփոխադրվի երեքսենյականոց։
ՄԱԼԱԹԻԱՅԻՑ ՄԱԼԱՅԶԻԱ
Մալայզիան ասիական երկիր է։ Այնտեղ ջունգլիներ կան և հսկա վիշապներ։ Սակայն բազմազգ ու բազմակրոն այս պետության տնտեսությունը բնավ ջունգլիաբարո չի զարգանում։ ՈՒ ինչպես աշխարհի շատ երկրներում, այստեղ էլ ժամանակին գլխի են ընկել, որ ջունգլիների օրենսգիրքը պետք է սրբորեն պաշտպանել։ Այսինքն, Կիպլինգի հրաշալի պատգամները «Մաուգլի» դյուցազնաերգից կիրառել կյանքում։ ՈՒրեմն` «Ես ու դու արյունակից ենք» նշանաբանը կիրառելի է գաղափարական մակարդակներում, «Իմ որսը կլինի քոնը»` տնտեսական դաշտում։
Եվ ահա, բուծելով ու սնուցելով մալայզիական օլիգարխներին, պետությունը շուկայում հանդես չի գալիս խաղաքարտի անփառունակ դերում։ Նա շուկայի մասնակիցն է, եղանակ ստեղծողներից մեկը, անհրաժեշտության դեպքում էլ` դմբուզ ցույց տվողը։ ՈՒ ահա թե ինչպես։ Դիցուք, Մալայզիայի օլիգարխ Լ.-ն քուսպ ու շաքարավազ է ներկրում։ Գ.-ն` գազ ու մազութ։ Բ.-ն` ցորեն ու կորկոտ։ Դ.-ն` ատամի մածուկ, զուգարանի թուղթ և չամիչ։ Հ.-ն էլ, իր հերթին, ներկրում է մեխ, հոգնայի սարք, փուչիկ, բալիստիկ հրթիռներ, ապխտած երշիկեղեն և արևի ժամացույցներ։
ՈՒ ի՞նչ եք կարծում։ Մալայզիայի մենաշնորհատերերը բարեկրթության մարմնացում են և պետականամետության շրջիկ հուշարձաննե՞ր։ Ո՛չ, ամենևի՛ն, երբե՛ք։ Ձեռքները մի պտղունց ճար որ լինի, բազմակրոն ու բազմազգ երկիրը կմասնատեն ֆազենդաների ու սահմանադրորեն կօրինականացնեն ճորտատիրական կարգերը` ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով։ Բայց ախորժակներին քացա՜խ։ Պետությունն իր հերթին չամիչ, փուչիկ, հրթիռ ու հոգնայի սարք է ներկրում, նաև շաքարավազ, ձեթ ու ալյուր, ու երբ տեղական նշանակության օլիգարխները մալայզիավարի մոլոքոր են «կպնում» ու գները հայավարի «թույնում են», կառավարությունն իր տեսականին շուկա է դուրս բերում և առանց բարձրադղորդ հանձնաժողովի դարակազմիկ քննության կարգավորում է գները։
Իսկ ահա Մալաթիա թաղամասում շուկայամերձ մի հրաձգարան կար։ ՈՒ մի համեստ աշխատավոր։ Բայց դե, հասկանալի է, հեղաշրջումները հենց դրա համար են, որ խիստ անհամեստ հնարավորություններ ընձեռեն ընդհատակի գործիչներին։ Մալաթիայի հրաձգարանատերը գեղեցիկ մի օր դարձավ Հայաստան աշխարհի տարաչափ ու բազմաձև բերաններն ու քիմքերը քաղցրացնողը։ ՈՒ թող փորձի ինչ-որ մեկը սեփական նախաձեռնությամբ քաղցրացնել հանրության քիմքը, այսինքն` շաքարավազ ներկրի։ Նույն պատկերն է հայոց ջունգլիների բոլոր մյուս մութ ու փարթամ անկյուններում։ Երրորդ հանրապետության շուկայական ջունգլիներում, ցավոք, մաուգլիներ չկան։ Շերխանների տիրակալությունն է։ ՈՒ եթե մետրոպոլիտենը հայավարի շահութաբեր լիներ, վաղո՜ւց մասնավորին հպատակության երդում կտար։
Եվ ինչ փույթ, թե Երևանի քարտեզներում ճշգրտորեն մատնանշվում է մետրոպոլիտենի կառուցվելիք կայարանը։ «Հ2» հեռուստաընկերության հարևանությամբ։ ՈՒր վաղուց բարգավաճում են մենատնտեսների առանձնատները։
Ինչպես հայոց շուկայական ջունգլիներում` մետրոպոլիտենի լայնաթափ շահագործումը բացարձակապես անտեղի շռայլություն է։ ՈՒ մետրոպոլիտենի հերթական կայարանը դեռ այնքան ժամանակ անհաս երազ կմնա, քանի դեռ արդի իշխանական սուզանավերից մեկը չի մարել երթուղայինների բիզնեսի հանդեպ իր կրքոտ տարփանքը։
Եվ ի՞նչ, երթուղային բիզնեսի բոսերին ի՞նչ ճանապարհով է հնարավոր հետ մղել։ Բարոյախոսությա՞մբ, թե՞ քարոզներով։ Ընդամենը պետք է պետական մենաշնորհ դարձնել քաղաքային տրանսպորտի շահագործումը։ ՈՒ խնդիրն ինքնըստինքյան իր լուծումը կստանա։ Չզարմանաք, էդ է, որ կա։
ՈՒ շատ հետաքրքիր է, էդ ինչպե՞ս, ո՞ր տրամաբանությամբ է տնտեսական առումով հակահեղափոխական տրոլեյբուսը պետական գանձարանի շլինքից կախվում, գերշահավետ երթուղայիններն էլ ծառայում մասնավորի լայնարձակ գրպանին։
Երևի չեք մոռացել, թե ինչ ողբ ու կական էին բարձրացրել երթուղայինների գծատեր-սեփականատերերը գազի թանկացման լուրն առնելով։ Ըստ նրանց հիմնավորումների, նոր գնագոյացման պայմաններում իրենք կսնանկանան, ու երթուղայիններն ամոթխած կլքեն պետական փողոցներն ու պողոտաները։
Այսինքն, ահա երկու տարի երթուղային ողջ ցանցը վնասով է աշխատում։ ՈՒ սա էլ մեր տնտեսական խառնակության օրինաչափություններից է։ Վնասով են աշխատում, անվնաս թրփոշանում։
ԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՇՈՐՇՈՓՆԵՐԸ
Յուրաքանչյուր քիչ թե շատ տառաճանաչ տնտեսագետ հաճույքով կսահմանի ազգայնացման երևույթը։ ՈՒ կպնդի, որ ազգայնացմամբ պետության լիիրավ սեփականությունն են դառնում արդյունաբերության ամբողջ ճյուղեր, նմանապես հողն ու ընդերքը, ներկրումներն ու մյուս շահութաբեր բարեմասնությունները, հետո կավելացնի, որ կապիտալի ազգայնացումը հարկադրական, սակայն պետության կողմից լրիվ հատուցելի օտարումն է։
Չի մոռանա նաև հիշեցնել, որ ապապետականացման ու սեփականաշնորհման գործընթացներն իրենց քիչ թե շատ հարգող երկրներում ուղեկցվում են ազգայնացմամբ։
Տարիներ առաջ բանիմաց տնտեսագետ և պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն ԱԺ-ում ազգայնացման մասին օրենքը դրեց շրջանառության մեջ։ Խորհրդարանի ազգայնական մեծամասնություն հանրապետականները միահամուռ ոգեկոչմամբ տապալեցին օրինագիծը։
Անկեղծ որ լինենք, աչքի թայն էլ հանեցին։ Ոչ Թաթուլի, օրինագծի։ Զի, շատ դժվար է իշխող կուսակցության տարբեր տրամաչափի ղեկապետերին տեսնել խորհրդային արտադրության մեքենաներով երթևեկելիս կամ ոսպով ապուր ճաշակելիս։ ՈՒ քանի որ խոսքը ՀՀԿ-ի մասին է, մի քիչ, զուտ ընկերական շարժառիթներով, քորենք նրանց կրունկները։ Ճիշտ ժամանակն է։
ՀՀԿ-ի մուտքը հայ իրականություն որքան անսպասելի, նույնքան անհրաժեշտ էր։ ՀՀ-ում գրանցված թիվ 1 քաղաքական կառույցը ձևավորվեց հանրապետության համար բարդ ու հակասական ժամանակափուլում։ Էլ շրջափակում ու ազատամարտ, էլ ճգնաժամ ու ԱԻՄ-ական ոտնձգություններ։
Մի խոսքով, «Անկախության բանակ» զորամիավորման հենքի վրա ձևակերտվեց ռազմաքաղաքական ծայրահեղ ընդդիմադիր միավորումը, որը 1990-ին գրանցվեց որպես «Հանրապետական» կուսակցություն։ Սակայն 1992-ի աշնանից անհաշտ ընդդիմադիր ազգայնականների կենտրոնակայանում իսկական քաղաքական մակընթացություն էր. կուսակցության շարքերը համալրեցին Վազգեն Կարախանյանը, Անդրանիկ Մարգարյանը, Գալուստ Սահակյանը, Տիգրան Թորոսյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը։
Թարմ հորձանքը վերափոխեց տղայամիտ մտայնությունները, կարգի բերեց հայրենակարոտ հավակնությունները, մաշկեց արմատական կրքերը։ ԱՄԿ ավանդույթներն ու ցեղակրոն ուսմունքն ընթերցվում-գիտակցվում էին իրապաշտական լույսի ներքո։ Հետո «Հրազդան» տոնավաճառն ի գործածում հանձնվեց վերափոխյալ հանրապետականներին։ Հետո պահի հրամայականը քաջագույնս գնահատող վերափոխյալները միակցվեցին ՀՀՇ հածանավին արևի տակ (հասկանալ է պետք` խորհրդարանում) մի երկու խելքը գլխին ոտնաչափ տեղ ունենալու հույժ նշանակալից հրամայականով։
Հետո էլ Թորոսյանը գլխավորեց խորհրդարանը։
Գլուխը քարը, եթե ՀՅԴ-ն կամ Կարապետիչը գային իշխանության, դժվար թե մեր անկախական օրն ավելի զվարճալի անցներ։ Պարզապես որոշ հանրապետական գաղափարախոսների այսօր և հապշտապ անհրաժեշտ է բուժվել ամնեզիայից։ Թե չէ զավեշտի գլուխգործոց է, մարդիկ նշում են կուսակցության 20-րդ տարեդարձը, նրա պատմությունը սկզբնավորելով 1992-ի աշնանից։ ՈՒ մոռացության են տրվում ՀՀԿ հիմնադիր անդամների անունն ու գործը` սկսած Աշոտ Նավասարդյանից։ Իսկ հիշարժան անուններ այստեղ կային. Լևոն Հակոբյան և Արթուր Մալխասյան («Անկախության բանակի» հրամանատարը), Սիմոն Շահազիզյան և Հայկ Գևորգյան, Լևոն Էյրամջյանց ու Յուրի Բախշյան, Գուրգեն Արսենյան և այլք։
Մի խոսքով, աշխարհը շալակած տանում են ներկա կոալիցիոն և ընդդիմադիր կուսանդամները։
Իսկ մենք, ազգովին, մանկավարժ ու մանկաբարձ, զինվոր ու բանվոր, լրագրող ու պարզապես գրող աշխարհի, նույնն է թե` հանրապետության շալակն ենք ելել։
ՈՒ անամոթաբար դեռ պահանջներ ենք ներկայացնում շալակտարներին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ