ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԲԼԵՅԱՆԸ ԵՎ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ԲԼԵՅԱՆԸ ԵՎ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
27.01.2012 | 00:00

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ոչ անհայտ Աշոտ Բլեյանը հերթական հիմնանորոգումն է ձեռնարկել կրթահամալիրի ներսում և դրսում: «Մխիթար Սեբաստացին» լայնարձակ տարածքներ է զբաղեցնում Հարավարևմտյան Բ1 թաղամասում: Բարի և հոգեշահ գործ է: ՈՒղղակի աչքդ են շոյում շարվեշարան բարդիները, թենիսի խաղահրապարակներն ու տիար Բլեյանի վառվռուն երևակայության արդյունք կրթական ծրագրերը: Ամեն դեպքում եկեք արժանին մատուցենք Աշոտ Բլեյանին:
Մարդը կառուցում է: Նաև գաղափարներ սերմանում և հայեցակարգեր առաջադրում: Այս մասին` քիչ հետո:
Այժմ անդրադառնանք ներկա նախաձեռնումներին: Տիար Բլեյանը, հիմնանորոգմանը զուգընթաց, կանաչագեղ օազիսի է վերածում կրթահամալիրը: Մասնավորապես, աղբամանները դուրս են բերվել կրթահամալիրի տարածքից և տեղադրվել հարևան շենքի բակում: Նմանապես «օազիս» մուտք չեն գործում փայտամշակման արտադրամասը, կրթահամալիրի բուֆետներն ու ճաշարանը սպասարկող մեքենաները, որոնք ևս հանգրվանում են հարևան բակում: Բնականաբար, թե՛ աղբամանները, թե՛ ավտոմեքենաները խոչընդոտում են հարակից բազմաբնակարան շենքերի բնակչության բնականոն տեղաշարժին ու կենսաբանական կանոնակարգված ապրելակերպին: Բայց դե Բլեյանը Բլեյան չէր լինի, եթե բացահայտ ոտնձգությունը չամրագրեր քաղաքակիրթ, ավելի ստույգ` հուռռա՜- հայրենասիրական շղարշով: Բանն այն է, որ կրթահամալիրում գործում է ինչ-որ «Կանաչների խումբ»: Բայց` դադար: Կարևոր մի բան անտեսեցինք: Տիար Բլեյանի ծխող մանկավարժները (գլխավորապես կանայք) կրթահամալիր-օազիսի տարածքում զրկված լինելով ծխելու (գուցե նաև խմելու) խիստ հասկանալի հնարավորությունից… այո, այո, շուրջկալում են նշյալ աղբամանները և ծխում դրանց համապատկերում: Անզուգական հնարամտության նրբաճաշակ դրսևորում: Կեցցե՛ս:
Միաժամանակ «Կանաչների խմբի» ակտիվը լուսանկարչական սարքերով զինավառ իր հերթին է շուրջկալում հարևանությամբ ապրող բնակիչներից նրանց, ովքեր ծխում են փողոցում: Դիցուք, եթե զբոսնում ես ընդարձակ այգում ու դեռ ծխախոտիդ վերջին (հասկանալի է` ամենաերանելի) ումպերը նոր պիտի վայելես, կանաչ ակտիվը վրա է պրծնում ու պահանջում պատասխանել` այդ ո՞ւր էիք պատրաստվում նետել ծխախոտի մնացորդը:
Կանաչները նաև հետամուտ են, որ որևէ մեկն իրենց աղբամանից չօգտվի, որ լվացք չփռվի պատշգամբներում, որ հարևանները կրթահամալիրի շրջակայքում չհազան, չփռշտան, առհասարակ, իրենց վայելուչ պահեն:
Բայց բնակիչները սովոր են տիար Բլեյանի ցուցքերին, մասնավորապես, 1995-ին նրա հիմնադրած «Նոր ուղի» կուսակցության «Նոր ուղի» գունազարդ հանդեսում տպագրված հետևյալ դրույթներին (որոնք ագուցվում էին հարևանների, առհասարակ ողջ հայության պարանոցին թույլատրելի, ավելի հաճախ անթույլատրելի հնարքների կիրառմամբ). «Մերժելով հայ ժողովրդի ավանդական քաղաքականությունն ու ավանդական արժեքները, «Նոր ուղին» եզրակացնում է. ՆՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ: «Նոր ուղին» «խաղաղ գոյակցության» բանաձև է համարում հրաժարումը հայոց պատմական հայրենիքից և ընդհանրապես տարածքային որևէ պահանջից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Վերոնշյալ «Նոր ուղին» կանգնում է Հայաստանը 30 հազար քառակուսի կիլոմետրում սահմանափակելու հայեցակարգի դիրքերում»:
Դարձյա՛լ կեցցես: Բայց ինչո՞ւ այս դեպքում էլ չսահմանափակվել կրթահամալիրի 3 հեկտար տարածքով ու չհարգել շրջակայքի տարածքային ամբողջականությունը:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ