ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԽԵԼՔ ԽԵԼՔԻ ՏԱԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԽԵԼՔ ԽԵԼՔԻ ՏԱԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ
23.11.2010 | 00:00

Հնուց է ասված` ամեն ինչ մարդու համար է։ Ժամանակին մարդը ոչ միայն գեղջուկն է եղել, այլ նաև թագավորը։ Գեղջուկի արտը կարկուտը կտանի, հացի պակասությունը նեղություն կտա։ Հուսահատության գիրկն ընկնել չկա, ախ ու վախ անելով, ծանր հոգոց քաշելով ոչինչ չի լինի։ Թագավոր մարդ է, զգում է, որ երկրին վտանգ է սպառնում։ Երկրին` հողին, ժողովրդին, լեզվին։ Մի գեղջուկի արտը, հացը, հույսը կորցրած գեղջուկի ապրելու խնդիր չէ, այլ ամբողջ երկրի։ Ի՞նչ անել։ Խորհուրդ, միայն խորհուրդ։ Էլ ո՞ր օրվա համար են երկրի իմաստունները։ Լավ թագավորը նա է, ով ունի խելքը գլխներին, էսօրն ու վաղը տեսնող խորհրդատուներ, մարդիկ, որոնք տեսնում են էն, ինչ երևում է, ասում են էն, ինչ իրենց աչքի մեջ է պատկերվում, էս խոսքն ո՞ւր է տանում, էս քայլն ի՞նչ կբերի։ Մեծ ու փոքրով նստել ընտանեկան խորհրդի, երկրի իմաստուններով նստել թագավորական խորհրդի։ Ո՛չ. էսպես եղել է, ու երբեք հեքիաթի ժանրին չի պատկանում։ Հիմա եկել է մեր մեծ խորհրդի ժամանակը։ Ինքնագլուխ, ինքնահավան բոլոր թագավորները կործանվել են, վա՜յ էն արքային, որի մեջ գեղջուկը ոչ մի լավ բան չի տեսնում։ Տիրոջը հավատալով պիտի ասվի` թագավորն ապրած կենա...
Ազգային միասնության չարենցյան պատգամ-կարգախոսը, որ շեփորահարվում էր մեկ ու երկու տասնամյակ առաջ, հիմա հոգիներում է աստղոտվում։ Հիմա գյուղացուն էնպես են պլոկել, մաշկել, որ վերջինիս արդեն խորթ են իր հողը, ծննդավայրը, տունը, լեզուն։ Նրան մի հարց է հուզում. շուտ հեռանալ։ Փրկությունը տեսնում է անհայտներում։ Այսօր թագավորը և թագավորականները չեն կարող նայել գյուղաբնակի աչքերին, որովհետև նրանց հուզում է ոչ թե ամեն ինչից զրկված, ծանր բեռան տակ կքած գյուղացին, այլ նրա հողը։ Պտուղը, ոչ թե ծառը։ Երեկվա հողատերն այսօր դառնում է օլիգարխիկ համակարգի ճորտազոհը, աչքերը բացխփելով ուզում է հավատալ` իրեն հացից զրկողն իր հա՞յն է, թե... Իհարկե, փոքրիկ մեր երկիրը լցված է անիրավություններով։ Որ բնագավառն ուզում ես վերցրու։ Դատաիրավական աշխարհը դարձել է Անիրավական։ Երկար եմ մտածել։ Ինչ չի տեսել ու ինչ չի արել մեր ժողովուրդը։ Մեղքը ո՞րն է, որ արժանացել է անմարդկային պատիժների։ ՈՒրիշ ժողովուրդների նման անցել է պատմության ռուբիկոնը։ Գումարած տառապանքի բազում քառուղիներ։ Այո, հաղթել-հաղթահարել ենք, սեղմվել-օղակվել ու գոյատևել ենք։ Էս հին երկնքի տակ ապրելու մեր իրավունքը միշտ է ոտնահարվել։ Հիմա էլ մեր վերջին պատառ հողակտորն են ուզում հանել մեր աչքից, մեր արյունից, մեր լեզվից, մեր ոտատակից։ Եվ դրան նպաստում են վարձկան իշխանավորները, որ դաշտերի տեր են, անտառների տեր են, հանքերի տեր են, միլիարդների տեր են։ Թաթար-մոնղոլի ու թուրք-սելջուկի կիսատը սրանք են անում։
Հայ ժողովրդի մնացորդացը փախչում է իր երկրից, ասել է` ինքն իրենից` իր տնից, իր հողից։
Ռուբիկոնն ու բոլոր արհավիրքներն անցած ժողովուրդը կարո՞ղ է անցնել ոչ բառախաղ ռոբոկոնը։ Կասկածում են։ Ինձ հավատացրեք, խնդրում եմ, որ զուր եմ կասկածում։ Հավատացրեք, որ Սերժ Սարգսյանն իր բոլոր ջանք-եռանդը նվիրաբերում է Հայաստան-Արցախը փրկելու սրբազան գործին։ Եթե ուզում է, ինչո՞ւ է համախմբել ազգի հետ ոչ մի կապ չունեցող կեղեքիչներին։ Նայում ես նրանց, լսում նրանց խոսքը, ակամա արտաբերում ես` վա՜յ մե...
Վերջին քայլը ես տեսնում եմ։ Ո՞րն է։ Հավաքել, գլուխ-գլխի բերել ազգի իմաստուններին։ Ոչ նրանցից, որ հավաքվել են նախագահի շուրջն ու քաղաքապետարանում։ Նորից եմ ասում` ամոթ է նման խորհուրդներ ու խորհրդականներ ունենալը։ ՈՒմ էլ վերցնես։
Ճիշտ է, աղքատ-հպարտ թե նոր կոչումով օլիգարխ. բոլորն էլ մերոնք են, ինչպես ասում են` գողն էլ է մերոնցից, բոզն էլ, բայց հիմա ազգը, երկիրը փրկելու, ամենաճիշտ քայլն անելու ժամանակն է։ Ի՞նչ անել։ Տասնյակ ու տասնյակ երկրների օտարները երբեք էլ Սերժի խելքի կամ սիրուն աչքերի համար չեն գալիս Երևան։ Իրենց շահն են որոնում։ Դա, պարզ է, շատ լավ տեսնում են երկրի պատասխանատուները։
Հավաքվենք խորհրդի, խելքխելքի տանք։ Ես ընդամենն ասում եմ։ Մի բան եմ զգում, որ ամեն օր կորցնում ենք պետականությունը։ Եվ կորցնում ենք մեր անտեր խելքի, ագահության, ուրիշին հավատալու ու խաբվելու պատճառով։ Հայրենիքից փախած ու երկրում դեռ մնացած հայրենակիցներ, դուք ի՞նչ կասեք։ Թե չէ իրար հայհոյելով, սպառնալով, սպանելով, նիկոլներին ու ազատամարտիկներին բանտ նետելով ոչինչ չի ստացվի։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ