ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ԽՈՐԹ, ԲԱՅՑ ՀՈՒՍԱԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ԽՈՐԹ, ԲԱՅՑ ՀՈՒՍԱԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ
28.02.2012 | 00:00

Աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ ամուսնական զույգերը երկար տարիներ ապրելով միասին, չեն կարողանում երեխա ունենալ: Շատ ընտանիքներ, որոնք հնարավորություն չունեն ստանալու համապատասխան բուժում, համակերպվում են Աստծուց տրված իրենց բաժին ճակատագրի հետ, ոմանք էլ, եթե ներում են ֆինանսական հնարավորությունները, «անպտղություն» կոչվող չարիքի դեմ պայքարի տարբեր միջոցների են դիմում: Խոսքն արհեստական բեղմնավորման մասին է, որն այսօր արդեն լայն տարածում ունի մեր հասարակության շրջանում: Այն ոչ միայն ընդունված, այլև ամենահուսալի տարբերակն է բնական ճանապարհով զավակ ունենալու հաճույքից զրկված շատ մարդկանց համար: Սակայն երբեմն մայրանալ ցանկացող կինը չի կարողանում իր երազանքն իրականացնել նույնիսկ այդ եղանակով, եթե ներքին օրգաններում ունի լուրջ խնդիրներ (հեռացված է արգանդը կամ առկա են սոմատիկ հիվանդություններ, որոնց ժամանակ հակացուցված են հղիությունն ու ծննդաբերությունը):
Վերջին տարիներին Հայաստանում կիրառվում է հասարակության համար շատ խորթ և դեռևս անծանոթ բեղմնավորման մեկ այլ միջոց` «սուրոգատ մայր» (փոխնակ) անվանումով: Սուրոգատ մայրությունը կամ փոխնակ մայրությունը մի կնոջ կողմից մեկ այլ կնոջ արգանդում հղիության կրումն է: Այս դեպքում օգտագործվում են գենետիկական ծնողների սպերման և ձվաբջիջները, որոնք տեղադրվում են առողջ կնոջ (փոխնակ մոր) արգանդի խոռոչում: Փոխնակ մոր արգանդն օգտագործվում է որպես բնական միջավայր պտղի զարգացման համար. նա կրում է այդ երեխային և ծննդաբերելուց հետո հանձնում նրա իսկական ծնողներին:
Փոխնակ մայրությունն աշխարհում տարածված երևույթ է: Այս երևույթի հետ կապված առաջին հաջողված դեպքը տեղի է ունեցել 1980 թվականին, ԱՄՆ-ի նահանգներից մեկում, երբ 37-ամյա կինը, որը երեք երեխաների մայր էր, համաձայնեց երեխա պարգևել անպտղությամբ տառապող մի կնոջ, ինչի համար էլ ստացավ առատաձեռն վարձատրություն:
Հայաստանում վերարտադրողականության 3 օժանդակ մեթոդներից (արհեստական սերմնավորում, արհեստական բեղմնավորում և փոխնակ մայրություն) ամենաթանկն ու ամենաբարդը համարվում է վերջինը: Եթե վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները նախկինում հասու էին միայն տնտեսապես հարուստ և զարգացած երկրների քաղաքացիներին, ապա այժմ մեր երկրում նույնպես դրանք դարձել են կիրառելի: Ճիշտ է, այդ երևույթի մասին հայ հասարակությունը դեռևս բարձրաձայն չի խոսում, քննարկում` համարելով այն հղիության «ոչ նորմալ» ձև, բայց այսօր այդ երևույթն ավելի ընդունելի է, քան սրանից մի քանի տարի առաջ էր: Հայաստանում փոխնակ մայրության ծրագիրն օրինականացվել է 2002-ին, բայց սկսել է կիրառվել 2006-ից: Նման տեսակի բեղմնավորմամբ Հայաստանում զբաղվում են մի քանի բժշկական հաստատություններ: «Մարդու վերարտադրողականության առողջության և վերարտադրողականության իրավունքների» մասին ՀՀ օրենքով փոխնակ մայրությունն առաջին անգամ կիրառվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»: Այսօր սուրոգատ մայրերի ինստիտուտը գործում է նաև «Շենգավիթ» և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում:
Ի սկզբանե, որպես փոխնակ մայրեր ընտրվել են անպտուղ զույգի հարազատները, բայց վերջին տարիներին սուրոգատ մայրությունը շատերի համար համարվում է մասնագիտություն և աշխատանքի միջոց:
«Առողջ միտք» կազմակերպությունը, որը ստեղծվել է 2007-ին, բժշկական, բարոյահոգեբանական ծառայություններ է մատուցում այն զույգերին, որոնք տառապում են անպտղությամբ և փորձում փոխնակ մոր միջոցով զավակ ունենալ: Կազմակերպությունը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը: Նա համագործակցում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի հետ, որն էլ իր հերթին իրավաբանական միջամտությամբ կարգավորում է կողմերի հարաբերությունները, լուծում իրավական հարցերն ու նրանց միջև ծագած տարաձայնությունները: Փոխնակ մայրության դեպքում ողջ գործունեությունն իրականացվում է իրավական փաստաթղթի միջոցով, ինչը ձևակերպվում է երկու կողմերի միջև (փոխնակ մոր և կենսաբանական ծնողների):
Ըստ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Սիրունյանի` փոխնակ մայրն օգտվում է Հայաստանի քաղաքացու բոլոր իրավունքներից, նրա պարտավորությունները վավերացվում են նոտարական համապատասխան փաստաթղթով: Տասնվեցէջանոց պայմանագրի հաստատումից հետո փոխնակ մայրն ընդամենը պարտավորվում է չխախտել այն: Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ, այնուամենայնիվ, կողմերից մեկը խախտել է պայմանագրում նշված որևէ կետ, պարոն Սիրունյանը հավաստիացրեց, որ ոչ. իր աշխատանքային գործունեության ընթացքում դեռևս նման բան չի եղել: Թե ինչ իրավունքներ և լրացուցիչ պարտավորություններ է ստանձնում կինը փոխնակ մայր դառնալու պահից, կախված է կենսաբանական ծնողի (պատվիրատուի) և փոխնակ մոր միջև փոխհամաձայնությունից և խիստ անհատական է: Պատվիրատուի կարևորագույն պահանջներից մեկն այն է, որ փոխնակ մայրը, ով ինն ամիս կրելու է նրա երեխային, խստագույնս հետևի առողջությանը, հանգստություն պահպանի, չաշխատի, ֆիզիկական աշխատանքներ չկատարի, լավ սնվի: Իսկ փոխնակ մայրն այս դեպքում կարող է պահանջել, որ պատվիրատուն իրեն ամսական վճարի պատշաճ գումար և իր համար ապահովի այդ իննամսյա հարմարավետ կյանքը: «Կարճ ասած, լինում են բազմաբնույթ պահանջներ, և եթե դրանք փոխադարձորեն ընդունելի են երկուսի համար, ապա վերածվում են պարտավորությունների»,- նշում է Ա. Սիրունյանը, ընդգծելով, որ փոխնակ մայրը որևէ կերպ չի շահագործվում, չի նվաստացվում, նա ունի նույնքան և այնպիսի իրավունքներ, ինչպիսիք ցանկացած մարդ: Պայմանագրի ոչ պակաս կարևոր կետերից է նաև այն, որ ինն ամիսների ընթացքում պատվիրատուն ժամանակ առ ժամանակ ստուգի հղիի ապրելակերպը` ի՞նչ առօրյա ունի, ո՞ւմ հետ է շփվում, ինչո՞վ է զբաղվում: «Բնականաբար, խախտում է համարվում այն, երբ պարզվում է, որ փոխնակ մայրը, որը պարտավորված է պտղի համար վտանգ ներկայացնող աշխատանքներ չկատարելու, գնում է, ասենք, գորգ լվանալու և այս կարգի աշխատանքներ անելու: Այսինքն` արգելվում է ցանկացած գործունեություն, ինչը կարող է վնասել պտղին»,- ասում է Ա. Սիրունյանը: Վերջինիս տեղեկացմամբ, փոխնակ մայրության պատմության մեջ եղել են նաև դեպքեր, երբ մինչև երեխայի ծնվելը կենսաբանական ծնողները բաժանվել են և հրաժարվել երեխայից կամ դժբախտ պատահարի զոհ դարձել: Երկու պարագայում էլ, իհարկե, երեխան լույս աշխարհ է գալիս: Առաջինի դեպքում (ամուսնալուծության) փոխնակ մայրը, եթե ցանկություն ունի, կարող է վերցնել երեխային և օրենքով համապատասխան կարգով ալիմենտ ստանալ կենսաբանական ծնողներից: Դժբախտ պատահարի դեպքում պետությունն է հոգ տանում երեխայի մասին մինչև չափահաս դառնալը:
Հայաստանում փոխնակ մայրությունը հիմնականում համարվում է գումար վաստակելու միջոց: Մասնագետներն իրենք էլ են փաստում, որ այդ կանանց մեծամասնությունը սոցիալապես ծանր վիճակում է գտնվում, նրանք չունեն աշխատանք կամ սեփական երեխաներին պահելու հնարավորություն:
Որքան էլ կարիքի մեջ գտնվող կանայք գումար վաստակելու ցանկությունից դրդված դառնում են փոխնակ մայրեր, փորձում «աչք փակել» իրականում գոյություն ունեցող դժվարությունների առջև, որքան էլ համոզում են իրենց, որ անսովոր ճանապարհով հղիությունն այնքան էլ վտանգավոր չէ, այնուամենայնիվ, ներքին վախը, անհանգստությունը կարող են սթրեսների պատճառ դառնալ:
Առաջին հայացքից «թեթև ու հեշտ» թվացող այս աշխատանքը իրականում լի է մի շարք բարդություններով և ռիսկային է երկու կողմի համար էլ: Դավիթ Մխիթարյանն ինքն էլ է փաստում, որ, մինչ գործառույթի մեջ մտնելը, փոխնակ մայրերի հետ տարվում են համապատասխան աշխատանքներ, նրանք որոշ չափով նախապատրաստված են լինում: Կենսաբանական ծնողների համար էլ հեշտ չէ: Նրանք երկար ժամանակ համոզում են իրենց, որոշումը կայացնելուց հետո երկար ծանրութեթև անում և երբ պատրաստ են լինում, ապա նոր մտնում են գործընթացի մեջ: Ակնհայտ է` նրանցից առաջինը շահագրգռված է գումար աշխատելով, իսկ երկրորդ կողմը` երեխա ունենալով: Միայն հարկ է նշել, որ քիչ չեն դեպքերը, երբ փոխնակ մոր դերը ստանձնում են հարազատները, այս պարագայում արդեն գումարի կամ վարձատրության մասին խոսք լինել չի կարող:
Թե որքան է փոխնակ մայր դառնալու ցանկություն հայտնած կանանց թիվը, Դ. Մխիթարյանը դժվարացավ ասել, քանի որ վիճակագրական կայուն թիվ չկա: Ըստ նրա, փոխնակ մայրերի հավաքագրմամբ և նրանց հետ աշխատող կազմակերպությունները մի քանիսն են: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական վիճակագրությունը: Սակայն փաստն այն է, որ տարեցտարի դիմողները շատանում են, նաև նրանք, որոնց հայտնաբերում են կազմակերպությունները: Սեփական արգանդում օտար երեխա ունենալու պահանջարկը վերջին 1-2 տարիներին մեծացել է Հայաստանում: Ամենաառաջին պատճառն անպտղությունն է, ինչը առկա է ամուսնական զույգերի շուրջ 20 տոկոսի մոտ: Ոլորտի մասնագետներին հատկապես մտահոգում է խնդրի առնչությամբ հասարակության տեղեկացվածության շատ ցածր մակարդակը, նրանց անտարբեր վերաբերմունքը այդ երևույթի հանդեպ: Այսօր ոչ բոլորն են հասկանում «փոխնակ մոր» ծրագրի էությունը, իսկ հասկանալուց հետ էլ ոչ բոլորն են այն ընդունելի քայլ համարում:
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը իր հարցազրույցներից մեկում, խոսելով բեղմնավորման ժամանակակից մեթոդի` սուրոգատ մոր մասին, հավաստիացրել է, թե անպտղությամբ տառապող զույգերի համար ամենաճիշտ քայլն այս եղանակով հղիանալն է: «Մեր օրենքը չի արգելում այդ եղանակով երեխա ունենալ: Շատ ավելի լավ է սեփական գենը տեղադրել մի կնոջ օրգանիզմում և պահպանել ժառանգականությունը, քան երեխա որդեգրել»,- ասել է նա:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում գործող մարդու վերարտադրողական առողջության բաժանմունքը, որը գործում է շուրջ երեք ու կես տարի, արտամարմնային բեղմնավորմամբ շուրջ 15 երեխա է պարգևել անզավակ ընտանիքներին: Այդ երեխաների թիվը գնալով ավելանում է: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ամուսնական զույգը սուրոգատ մոր օգնությամբ հաճախ ցանկանում է ունենալ ոչ թե մեկ, այլ երկու, երեք, կամ միանգամից հինգ երեխա: Ըստ Դ. Մխիթարյանի, նման դեպքերից է ռուսական ընտանիքի` Կալոևների, փոխնակ մոր միջոցով հնգյակ ունենալու փաստը: Ընտանիքի մայրը, Աննա Կալոևան, որը 15 տարի անօգուտ բուժվել էր անպտղությունից, երեխա ունենալու միակ ելքը տեսել է փոխնակ մոր միջամտությամբ: Կալոևները, տեղեկանալով, որ Հայաստանում նման ծառայությունները 5 անգամ էժան են, քան Ռուսաստանում, դիմել են Երևանի բժշկական կենտրոններից մեկին: Բժիշկների խորհրդով նա փորձել է մեկ անգամ ևս հղիանալ և հաջողվել է: Արդյունքում նա զույգ երեխա է ունեցել, իսկ փոխնակ մայրը` երեք: «Կալոևների ընտանիքն ունեցավ հնգյակ, բայց մենք ունեցել ենք բազմաթիվ զույգեր, որոնք երկար տարիներ չեն կարողացել երեխա ունենալ 5 և ավելի (մինչև 20) տարի: Օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն տվեց նրանց սեփական երեխաներն ունենալու: Ես ունեցել եմ երկու զույգ, որոնք փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու համար արդեն երկրորդ անգամ են դիմում մեզ: Իսկ մյուս զույգն էլ երկրորդ երեխային է բարեհաջող ունեցել, այսինքն` նրանք ունեն 2 երեխա, որոնք երկուսն էլ ծնվել են օժանդակ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ և փոխնակ մոր միջոցով»:
Թե Հայաստանում քանի՞ երեխա է լույս աշխարհ եկել փոխնակ մոր օգնությամբ, հայտնի չէ, վիճակագրական այդպիսի տեղեկություն նույնպես չկա, բայց մոտավոր հաշվարկներով, կարելի է ասել, այդ ճանապարհով ծնված երեխաների թիվը հասնում է տարեկան 6-8 %-ի:
Որքա՞ն գումար է հարկավոր փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար: Թեև այս գործընթացի համար ծախսվող գումարի չափը ևս հստակ չէ, որովհետև «ամեն կազմակերպություն իր գինն ունի», բայց որպես կանոն, միջին հաշվով Հայաստանում այդ ծառայությունն արժե 25 հազար ԱՄՆ դոլար: Գնագոյացումն ու փոխհատուցման չափերը, ըստ մասնագետների, կախված են կիրառվող տեխնոլոգիայի տեսակից, օգտագործվող դեղորայքից և ընդհանրապես բժշկական պարագաների և միջոցների արժեքներից: Ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում փոխնակ մայրության ծրագիր կազմակերպելն ավելի թանկ հաճույք է: Ըստ պաշտոնական տվյալների, ՈՒկրաինայում, Ռուսաստանում այն կատարվում է 50-70 հազար դոլարի սահմաններում, ԱՄՆ-ում` 100-110 հազար: Դա է պատճառը, որ հաճախ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մարդիկ (մոտ 60 տոկոսը) երեխա ունենալու համար դիմում են հայ փոխնակ մայրերին: Ըստ պարոն Մխիթարյանի, նրանք հիմնականում սփյուռքահայեր են, որոնք թեև Հայաստանից դուրս են բնակվում, բայց իրենց խնդիրները փորձում են լուծել այստեղ: Բացի այդ, հայ մարդը ցանկանում է, որ իր երեխային ծնի հայ կինը, ոչ թե այլազգի:
Աշխարհի շատ երկրներում (Ավստրիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ-ի որոշ նահանգներ և այլուր) օրենքն արգելում է փոխնակ մայրության գաղափարը: Երկրներ կան, որտեղ արգելված է միայն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը: Բայց ամենալուրջ պատնեշը եկեղեցին է, որը չի թույլատրում այդ ճանապարհով երեխա ունենալ: Հայաստանյայց առաքելական եկեղեցին ևս դեմ է փոխնակ մայրությանը, սակայն, չգիտես ինչու, վերոնշյալ պետություններում օրենքը հաշվի է նստում եկեղեցու հետ, Հայաստանում` ոչ: Հայ առաքելական եկեղեցին սուրոգատ մայրության գաղափարի հանդեպ իր մերժողական մոտեցումները հիմնավորում է նրանով, որ «ի վերջո ամուսնության նպատակը որդեծնությունը չէ, այլ միասնական կյանքը», հետևաբար «ամուսնական հարաբերությունների ամբողջականությունը, ուր հայտնվում է երրորդ անձը` ի դեմս փոխնակ մոր, ոտնահարվում է, ուստի և, փոխնակ մայրը, որը կրում է այդ երեխային, դառնում է նրա մայրը»:
Ինչևէ, փոխնակ մայրությունը եղել է և շարունակելու է լինել մարդկության պատմության մեջ, որովհետև հնարավոր չէ արգելել մարդուն ունենալ իր ժառանգականությունը կրող սերունդ: Եկեղեցու վերաբերմունքն այս փաստի առնչությամբ թերևս հասկանալի է` մարդը խառնվում է Աստծո գործերին, ինչը սխալ և անթույլատրելի է: Եկեղեցական նման դիրքորոշման դեմ բժիշկ-մասնագետներն էլ իրենց առարկությունն ունեն: Օրինակ, ինչո՞ւ չընդունել այն պարզ տրամաբանությունը, որ ինչ կատարվում է երկրի վրա, կատարվում է միայն Աստծո կամքով և նրա նախախնամությամբ: Ինչո՞ւ չհասկանալ այն, որ եթե բժշկագիտության մեջ մարդկությանը հաջողվել է հասնել այնպիսի մակարդակի, որի շնորհիվ նա վերարտադրողական նման մեթոդներ է գտնում, գուցե Աստծո կամքով է: Դավիթ Մխիթարյանի խոսքով` «Եթե առաքելական եկեղեցին չի ընդունում այդ երևույթը, դա դեռ չի նշանակում, թե որևէ կոնկրետ մարդ նույնպես չպետք է ընդունի, որովհետև 21-րդ դարում խոսել այն մասին, թե եկեղեցին ի՞նչ չափով կամ ինչպիսի՞ մասնակցություն պետք է ունենա մարդու կյանքում, բավականին բարդ, քննարկվող խնդիր է: Ես ուզում եմ հիշել Հովհաննես Պողոս Առաջինի (Հռոմի պապ) խոսքերը։ Երբ նա իմացավ փոխնակ մայրության գաղափարի և նրանից ծնված առաջին երեխայի մասին, արտահայտելով իր վերաբերմունքը, ասաց. «Ես չեմ մեղադրում կամ դատապարտում այդ երևույթը, պարզապես մտավախություն ունեմ, որ կինը կարող է վերածվել երեխա արտադրող գործարանի»: Խոր փիլիսոփայական այս խոսքերը ես համարում եմ ճիշտ պատասխան և համամիտ եմ, որ չպետք է լինի մարդու շահագործում, մարդու իրավունքների ոտնահարում, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ ցանկացած ընտանիք էլ իրավունք ունի սեփական երեխայի ծնունդով երջանկանալու, թեկուզ այն լինի անբնական ճանապարհներով»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3606

Մեկնաբանություններ