Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կոկորդս սեղմող էս մի բուռ հուշը քեզ

Կոկորդս սեղմող էս մի բուռ հուշը քեզ
07.04.2023 | 19:17

Հիշում եմ մորս` գյուղում: Տան պատի տակ նստած, միայնակ, աչքը` ճամփին: Մի բուռ կին էր, մի քիչ հիվանդ, հորս մահից հետո` մարմրող մոմի լույս: Մենակ էր իր հուշերի, վաղուց մահացած մերձավորների ու մտերիմների ծնած դատարկության, մեր անփութության ու իր անսահման սիրո հետ: «Էկա՞ր, տղա ջան»,- իր աշխարհից դուրս էր գալիս ու մեղավոր ժպտում ինձ, թեև ես էի մեղավորը, ես էի անվերջ հեռացողը և օրերս առանց իրեն ապրելու ինձ դատապարտողը:

Հիմա անսահման տխուր եմ, երբ հիշում եմ, թե ինչպես հերթական անգամ դավաճանում էի իրեն, հեռանում իրենից, գնում երիտասարդական մի աշխարհ, որտեղ ինքը չկար: Գնում էի ու իրեն մոռանում կամ ինձ համոզում, թե մոռացել եմ: Հիշում եմ նրա հայացքը, որ սիրով ասում էր` ե՞րբ ես մեկ էլ գալու: Խեղճ ու կրակ մերս, համով-հոտով մերս, սիրո ծով մերս: Չէի խրատվում, տարին տարվա վրա չէի խելոքանում, խույս էի տալիս ինքս ինձնից ու առավելապես իրենից, չգիտեի, որ քիչ է մնացել նրա երկրային կյանքին, քիչ է մնացել ամենաանկեղծ մարդուն:

Սիրտս լցվում է, բառերը դատարկ, սնապարծ բաներ են թվում: Ինչքա՜ն հույս կար ամեն հանդիպման ժամանակ նրա խաժ աչքերում, որ ես անընդհատ կտրում էի, մինչև կտրվեց նրա կյանքի թելը:

Ների՛ր, մերո ջան: Դու ինձ լավ գիտեիր, ես քեզ չգիտեի, դու ինձ նվիրված էիր, ես` բնավ, դու ինձ սիրում էիր, ես քեզ սիրում եմ հիմա, անսահման: Դու ինձ կարոտում էիր, մշուշոտ հայացքով ինձ քաշում էիր, տուն բերում, հետս զրուցում, գուրգուրում, իսկ ես հեռու էի: Հիմա ես կարոտում եմ քեզ քո կարոտով, քեզ հայացքով քաշում-բերում եմ ինձ մոտ, հետդ զրուցում, տխրում ու փլվում իմ ներսում:

Այսօր տեսնում եմ Հայրենիքից հեռացող իմ ընկերներին, բարեկամներին, երեխաներին ու թոռներին: Հեռանում են, այսօր մեր Հայրենիքը դարձել է հեռացող ժողովրդի հայրենիք: Այսօր ես իմ մայրն եմ` խեղճացած, այսօր ես իմ հայրենիքն եմ, որից հեռանում են, ու ես հարցնում եմ` ե՞րբ եք նորից գալու, ու մեղավոր ժպտում եմ ինձնից հեռացողներին, ներում եմ նրանց ու չեմ ներում ինձ, որ հեռանում են:

Ես կարոտում եմ, մեռնում եմ հուշերի աշխարհում, դատարկվող հայրենիքի երկինքը ավազի նման սորում է ներքև:

Ների՛ր ինձ, մա՛յր իմ:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2670

Մեկնաբանություններ