Նոյեմբերի 13-ից անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները սկսվել են Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ` բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ:
«Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, որ 6 օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առայսօր ոչ մի այլ ողջ զինծառայողի հնարավոր չի եղել գտնել: Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից», - հայտնում է ՄԻՊ-ը: