Նախ անհրաժեշտ պարզաբանում. «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, որքան էլ անհավատալի հնչի, ստեղծվել է «նախորդ հանցավոր ռեժիմի» օրոք (03.12.2014 թ.), ղեկավարն էլ եղել է ոչ անհայտ հեղափոխական բժիշկը։ Չորս տարի շարունակ հիմնադրամը ոչ միայն չնչին մուտքեր է ունեցել, այլև անունն է անհայտ եղել հանրությանը: Հիմնադրամի գլխապտույտ «թռիչքը» սկսվեց 2018-ի թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, հենց այն պահից, երբ հոգաբարձուների խորհրդի նախագահի պարտականությունները ստանձնեց գունավոր հեղափոխության առաջնորդի տիկինը: Սրընթաց աճեցին հիմնադրամի մուտքերը. բանկերը, հանքերը, խոշոր առևտրային ցանցերը դարձան մշտական դոնորներ: Ըստ էության, Բաղրամյան 26 աճապարող ճամպրուկները կամա թե ակամա փոխեցին նշանակության հասցեն` «Սիթի օֆ սմայլ» (էլ պոզ ու պոչո՞վ է լինում ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը):
Վերջերս 3 միլիոն վարչապետների համար շատ անսպասելի ու անհասկանալի պատճառներով մի քանի հիմնադրամների ղեկավար Աննա Հակոբյանը անաղմուկ հեռացավ «Ժպիտների քաղաքի» ղեկավարի պաշտոնից: Եվ ճիշտ այն պահին, երբ ներիշխանական ինտրիգներ ծագեցին հիմնադրամի իրական և օրինական ղեկավար, հեղափոխական բժիշկ Գևորգ Թամամյանի և իշխանությունների միջև։
Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Հ.Գ. Պատկերացնում ենք` ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ձայնի ինչ դեցիբելով կբղավեր երկրի թիվ 1 ամբիոնից, եթե հիշյալ հիմնադրամն ու նրա վիթխարի մուտքերը առնչվեին ՀՀ նախկին նախագահներից որևէ մեկի տիկնոջ անվանը: