ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ԿԽՄԿ-ն հումանիտար հրադադարի պահպանման պայմանները բավարար չի համարում գործողություններ սկսելու համար

11.10.2020 | 20:06

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու որևէ մարդասիրական գործողության մեջ ներգրավվել նման իրավիճակում, որովհետև այդ հումանիտար հրադադարը պետք է պահպանվի ամբողջությամբ, որն իր հերթին նաև կապահովի այնտեղ աշխատող մեր թիմերի անվտանգությունը: Մենք տեսնում ենք հրետակոծությունների մասին հրապարակումներ երկու կողմերից էլ»,- ասաց Ամատունին՝ ավելացնելով, որ բնականաբար, նման իրավիճակը թույլ չի տալիս գործողություններ սկսել, նման պայմանները բավարար չեն: Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած հանդիպման արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածության կետերից մեկով նշվում է, որ կրակը դադարեցվում է մարդասիրական նպատակով՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար: Հարցին թե, ովքեր են մտնում «պահպանման տակ գտնվող անձինք» ձևակերպման մեջ, Զառա Ամատունին պատասխանեց, որ այդ կապակցությամբ որևէ հստակեցում չկա: «Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը որոշում կայացնողների թվում չէ, որովհետև քաղաքական բանակցությունների մեջ ներգրավված չէ: Մեր դերը խիստ մարդասիրական է, մենք կողմերին աջակցելու ենք կատարել իրենց պարտավորությունները` մարմինների, անձանց վերադարձը: Ինչ վերաբերում է շրջանակին, դա որոշում են կողմերը: Այս պահին մենք կողմերի հետ կապի մեջ ենք այն առումով, որ հայտարարության հետքերով հանդիպումներ ու քննարկում ենք ունենում ներգրավված կողմերի իշխանությունների հետ: Մանրամասները հստակեցվում են»,- նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:

Դիտվել է՝ 3042

Մեկնաբանություններ