«Սիրո և համերաշխության» հեղափոխության վարչական խեղկատակությունը
02.06.2020 | 17:05
ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2019-ի սկզբին Շիրազի փողոցի ամենաբանուկ մասում, կանգառի հարևանությամբ գործի անցավ մետաղյա շինարարական տարբեր կոնստրուկցիաների, մետաղի ջարդոնի և տախտակի ներկրմամբ և առևտրով զբաղվող բացօդյա բազան: Բազայի անձնակազմի սանիտարահիգենիկ կարիքները հոգալու նպատակով տեղադրվեց փայտաշեն արտաքնոց: Նշյալ բազային դեմ հանդիման բազմաբնակարան բարձրահարկեր են: Բնականաբար բազայից արտավիժող աղմուկը և ծուխը խաթարեցին բնակիչներիս հանգիստը: Բազան աշխատում է վաղ լուսաբացից մինչև ուշ երեկո, առանց հանգստյան օրերի: Բազան աշխատում է, նրա սեփականատերը վստահաբար բավարարված է իր գործարար նախաձեռնությամբ, սակայն կոպտորեն ոտնահարում է հանրային համակեցության տարրական նորմերը: Սակայն չէ՞ որ հանրապետությունը հայտնվել է Սորոսի կիսալուսնի տիրակալության տակ։ Եվ բանականի և բարոյականի բոլոր սահմանները ոտնահարող իրողությունները իշխանական ներկա վերնակույտի վարքի հենքն են, և ներքոնշյալ նյութը թերևս ավելորդ անգամ փաստում է, որ այո, երկրում հակապետականության խրախճանքն է, ամենուր, ի մասնավորի` Շիրազի փողոցի մի հատվածում։
ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԶԱՎԵՇՏԻ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ
«Քաղ. Վրեժ Առաքելյանին (Շիրազի փող. հ. 26 շ. 72 բն.)
Ի պատասխան Երևանի քաղաքապետին հասցեագրված 12.02.19 թ.
Թիվ Ա-1244 (բանալի 1470196) դիմումի, որը վերահասցեագրվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ Ձեր դիմում առաջարկի վերաբերյալ, հայտնում ենք, որ տեղում ուսումնասիրվել է խնդիրը: Մեր կողմից զգուշացվել է բազայի տնօրինությանը աշխատանքները կազմակերպել հնարավորինս անաղմուկ:
Ինչ վերաբերում է բազայի տարածքում տեղակայված «Իկարուս» մակնիշի անսարք ավտոբուսը որպես սանհանգույց օգտագործելուն, ապա այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ այնտեղ առկա է առանձին սանհանգույց:
Հարգանքով՝Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար՝ Գ. Բաբայան:
«Քաղ. Վրեժ Առաքելյանին (Շիրազի փող. հ. 26 շ. 72 բն.) 15.04.2019 թ. 28/Ա-3797
Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ» հեռախոսահամարով 12.04.2019 թ. ստացված ահազանգի՝ Շիրազի փող. թիվ 26 շենքի հանդիպակաց տարածքում գտնվող բազայում աշխատանքները աղմուկով կազմակերպելու վերաբերյալ հայտնում ենք, որ տեղում ուսումնասիրվել է խնդիրը: Մեր կողմից զգուշացվել է բազայի տնօրինությանը աշխատանքները կազմակերպել հնարավորինս անաղմուկ:
Հարգանքով՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար՝ Գ. Բաբայան»
«Քաղ. Վրեժ Առաքելյանին (Շիրազի փող. 26 շ. 72 բն.) 20.08.2019 թ. (28/Ա-9028)
Ի կատարումն Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ» հեռախոսահամարով 19.08.2019 թ.-ին ժամը 10.06-ին ստացված ահազանգի (բանալի 1600584, Ա9028)՝ Ձեր բողոքի մասին հայտնում ենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից Շիրազի փող. 26 շենքի հանդիպակաց տարածքում գտնվող օբյեկտի տնօրինությանը զգուշացվել է տարածքում կատարվող անթույլատրելի գործողությունները և հակասանիտարական վիճակը վերացնելու ուղղությամբ:
Հարգանքով՝ Երևան քաղաքի Աջափնյակ, վարչական շրջանի ղեկավար՝ Գ. Բաբայան››:
Քաղ. Վրեժ Առաքելյանին (Շիրազի 26 շ. 72 բն.) 21.02.2019 թ. (28/Ա-1279)
Ի պատասխան Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր 15.01.2019 թ. հ. Ա-1279 դիմումի,որը վերահասցեագրվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Շիրազի փողոց 26 շենքի դիմաց Երևան համայնքին պատկանող հողամասը ապօրինի կերպով զավթելու և մետաղական տաղավար տեղադրելու փաստի առնչությամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից 06.12.2018 թ. կազմվել է հ. 028252 արձանագրությունը:
Հարգանքով՝ Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գ. Բաբայան»:
ԹԵԼՄԱՆԻ ԲԱԼԱՍԱՆԸ
Քաղաքացի Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
(Շիրազի փող. 26 շ, 72 բն.)
Ի կատարումն Երևանի քաղաքապետի 13.03.2020 թ. հ. Ա-2795 (բանալի 1749105) և 16.032020 թ. հ. Ա-2847 հանձնարարականների (բանալի 1749874) Ձեր բողոքի մասին, հայտնում ենք, որ Շիրազի փող. 26 հասցեում` վերգետնյա անցման հարևանությամբ գտնվող բազայի գործունեության վերաբերյալ, որը խանգարում է բնակիչների անդորրը, Մաշտոցի ոստիկանություն գրություն է ուղարկվել` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Շիրազի փող. 26 հասցեում ապօրինի կրպակ տեղադրելու վերաբերյալ հայտնում ենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՎԻՎ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով 06.12.2018 թ. հ. 028252 արձանագրությունը, որը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի քննարկմանը։ Իրավախախտման վերաբերյալ 16.01.2019 թ. կայացվել է Վ-1/12 որոշում` նշանակելով վարչական հույժ` 200000 ՀՀ դրամի չափով։
Ոռոգման ջրի հետ կապված` հայտնում ենք, որ 2019 թ. ոռոգման ջրի անբավարարության պատճառով վարչական շրջանի որոշ կանաչ տարածքներ, այդ թվում և Ձեր կողմից նշված զբոսայգին, անբավարար ոռոգվեց։ Այս տարի նախատեսում ենք բավարար քանակի ոռոգման ջուր, որը կլուծի բարձրացված խնդիրը։
Շիրազի փողոցում իրականացված ծառերի էտման և ձևավորման գործընթացի մասին հայտնում ենք, որ այն իրականացվել է համապատասխան մասնագետների եզրակացության հիման վրա։ Բազայում տեղադրված փայտե արտաքնոցը տեղադրված է ժամանակավոր։
Հարգանքով` Թ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Տիար Հայկո, Ձեր ցուցումով տիար Թելմանն իր պատասխան նամակ-բողոքներիս, որոնք, ըստ էության, իմ անձնական բողոքները չեն, զի ոտան կոխան են դարձվում հանրային շահն ու արժանապատվությունը, բերում է արտառոց փաստարկներ, խնդիրները լուծելու փոխարեն դրանք ուղղակի խցկում է փակուղի, շարունակելով իր նախորդ Գևորգ Բաբայանի զավեշտալից գործը։ Դրվագում եմ նրա պատասխանը. «...հայտնում ենք, որ Շիրազի փող. 26 հասցեում վերգետնյա անցման հարևանությամբ գտնվող բազայի գործունեության վերաբերյալ, որը խանգարում է բնակիչների անդորրը, Մաշտոցի ոստիկանություն գրություն է ուղարկվել` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»։ Տեղեկացնում եմ, որ կամ ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկել, կամ էլ նշյալ բազայի տնօրենն ու բանվորները անթաքույց արհամարհել են ոստիկանության զգուշացումը, բազայում աղմկում են ավելի եռանդուն, լկտի և բացահայտ ձևով։
***
ՈՒղղակի ցնցող է երկրորդ դրվագը. «...Իրավախախտման վերաբերյալ 16.01.2019 թ. կայացվել է Վ-1/12 որոշում` նշանակելով վարչական տույժ` 200000 դրամի չափով»։
Քաղաքապետ Հայկո, վարչական շրջանի ղեկավար Թելման, գուցե գլխի գցե՞ք անհույս տկարամտիս, թե ով է տուգանվել 200000 դրամի չափով, և ինչու մինչև օրս, այսինքն տուգանումից 14 ամիս անց մետաղի ջարդոնի վերածված կրպակը չի տեղահանվում, շարունակում է իր փառավոր գոյությունը։ Գուցե Վ-1/12 որոշմամբ հենց իրավախախտ կրպա՞կն է տուգանվել։ Միգուցե քաղաքապետարանն ու վարչական շրջանը բավարար տեխնիկա և բանվորական ուժ չունե՞ն չարաբաստիկ կրպակը տեղահանելու համար։ Հարցերի պատասխանը ես և հանրությունը կստանանք, երբ կրպակը կամ կտեղափոխվի, կամ էլ դուք նրա վրա մի ցուցանակ կփակցնեք այս բացատրությամբ. «Մետաղյա այս խարխուլ և զավթիչ կրպակը տուգանվել է 200000 դրամի չափով, համաձայն Վ-1/12 որոշման և նվաճել է իր տեղում մնալու սահմանադրական իրավունքը։
Հարգանքով` Երևանի քաղաքապետ` Հայկ Մարության։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար` Թելման Թադևոսյան»։
ԼԻԿԲԵԶ
Ձեր նամակ-պատասխանի վերջին տողը նախորդ դրվագի բանական-բարոյական շարունակությունն է։ Ահա այն. «Բազայում տեղադրված փայտե արտաքնոցը տեղադրված է ժամանակավոր»։ Այսինքն, կամ բազայից այն պետք է հեռացվի, կամ էլ նրա փոխարեն պետք է կառուցվի քարաշեն և գերարդիական մի բազմաֆունկցիոնալ արտաքնոց` հարիր բազայի խառնիճաղանջ գործունեությանը։
Գրեթե կասկած չունեմ, որ փայտե արտաքնոցի փոխարեն կառուցվելու է քարաշեն արտաքնոց։ Առաջարկում եմ նրա կառուցման համար հայտարարել միջազգային ճարտարապետա-շինարարական մրցույթ։
Մի խոսքով հանրային այս արդար բողոքների շարանը Հայկոյի և Թելմանի, նաև Մաշտոցի ոստիկանության համար Արարատին նետված քար է, Արարատն էլ նրանց պատկերացմամբ, չկասկածեք, որ վարչապետ Փաշինյանն է։
Ինձ այժմ մնում է ուղղակի եղբայրաբար դիմել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանին և Երևանի Մաշտոցի շրջանի ոստիկանությանը` ինքներդ գնահատեք ձեր պաշտոնական վարքը, նաև հիշեք, որ այս հինավուրց լուսնի ներքո հավերժ չէ ոչինչ։ Ի վերջո, դուք վաղ թե ուշ պաշտոնանկ եք լինելու, բայց անմոռաց է մնալու ձեր վարչական խեղկատակությունը։
Անցած ապրիլի 18-ի առավոտյան բազայի պարսպից դուրս գտնվող ժանգապատ թիթեղների բլրի կողքին կանգնած բեռնատարից թիթեղների նոր խմբաքանակ էր գահավիժում ներքև։ Աղմուկը դժոխային էր, արձագանքս ելքային` ահազանգ քաղաքապետարանի թեժ գծին։ Նաև զանգ առ ոստիկանություն։ Ո՛չ ահազանգը, ո՛չ էլ արձագանքը որևէ նշանակություն չունեցան, բաշիբոզուկների խառնամբոխը շարունակում է իր հակահանրային գործը։ Այստեղ ավելացնեմ, որ ոստիկանությունը էապես կաշկանդված է վարչական իրավախախտումների մասին ՀՀ տխրահռչակ օրենքով, որը, ըստ էության, ճանապարհ է բացում հակահանրային նկրտումների առաջ։
Մնում է ավելացնել, որ ելքը մեկն է` տվյալ բազայի գործունեությունը պետք է դադարեցվի։
Նաև ավելացնեմ, որ Աջափնյակ համայնքում նոր թաղապետի օրոք բարեխղճորեն խնամվում են կանաչ տարածքները։ Սակայն խնդրո առարկա զբոսայգին կրկին անջուր է, մնացել է անձրևների հույսին։
Ի դեպ, Աջափնյակի կանաչապատման գրասենյակը երկար տարիներ գլխավորում էր հանրահայտ Ժորան, որին օրնիբուն տեսնում էինք Աջափնյակի կանաչ տարածքները խնամելիս։ Նրա օրոք մեր զբոսայգին խնամված էր։ Բայց իմքայլական վարչական մղձավանջը կանաչապատման գրասենյակի նոր ղեկավար է նշանակել, որն էլ զբոսայգին վերացնելու երազանքով է տառապում։
Ի դեպ, կորոնավիրուսի արհավիրքն անգամ չստիպեց բազայի աշխատակիցներին դիմակ և ձեռնոց կրել։ Աղտոտ, փոշեպատ ու ժանգապատ այս տարածքում, ուր, հիշեցնում եմ, գլխավոր շինությունը փայտաշեն արտաքնոցն է, աղմուկին զուգընթաց իշխում է վարակի տեղական համաճարակի բռնկման վտանգը։ ՀՀ պարետ Ավինյանն արդյո՞ք հավուր պատշաճի կարձագանքի նշյալ ահազանգիս։ Կասկածում եմ, բայց հույս ունեմ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ