Մասնավորի ձեռքից` պետությանը, պետությունից` մասնավորին, կամ «գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում» սկզբունքն է գործում։ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի սեփականություն հանդիսացող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը, որը պետականացվել էր, կրկին կմասնավորեցվի։
Գործադիրը երեկվա նիստում որոշեց «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը աճուրդով օտարել` մեկնարկային գինը սահմանելով 7 մլդ դրամ, կամ 14,6 մլն դոլար։ Նախագիծը քննարկելիս վարչապետի առաջարկով հենց տեղում հաշվարկ արվեց, թե երբ կկայանա աճուրդը։ Նախնական հաշվարկով, ըստ օրենքի, այն պետք է տեղի ունենա այս տարվա դեկտեմբերի 15-ին կամ 16-ին։ Ըստ երևույթին, պետությունը մտադիր չէ բաժնեմաս ունենալու, քանի որ, նախագիծը ներկայացնելիս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Գրիգոր Բադալյանն այս առնչությամբ ոչինչ չասաց։ Մինչդեռ, երբ այս հյուրանոցը պետականացվեց, ուրախացան ոչ միայն նրանք, ովքեր անձնապես խնդիրներ են ունեցել Արմեն Ավետիսյանի հետ, այլև նրանք, ովքեր մտածեցին, թե կկարողանան իրենց հանգիստը մարդավայել կազմակերպել, ոչ «գիշատիչ» գներով։ Բայց, ըստ էության, միևնույն է, նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյայի սեփականությու՞նն է այս հյուրանոցը, թե՞ արտասահմանյան խոշոր ընկերության կամ տեղի մեծահարուստի, ով ժամանակին օլիգարխիկ կլանի ներկայացուցիչ է եղել և հիմա «ինքնամաքրվել» է։ Փաստը մնում է փաստ, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքը եղել և մնում է օտարերկրացիների և հարուստների հանգստյան գոտի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ