Այսօր խորհրդարանում ԵԽ պատվիրակության և ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները համատեղ քննարկելու են Ստամբուլյան կոնվենցիան։ ԱԺ-ի շենքի դիմաց էլ կոնվենցիային դեմ ուժերը բողոքի ակցիա են անցկացնելու։ Այս հարցի շուրջ զրուցել ենք հայկական արժեքների պաշտպանության «Կամք» ՀԿ անդամ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ։ Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն արդեն մի քանի ամիս է, ինչ ստորագրահավաք են անցկացնում ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ։ Մեր զրուցակիցը նախ նշեց, որ տևական ժամանակ տեղեկատվական շրջափակման մեջ են, քանի որ լրատվամիջոցներին արգելվել է լուսաբանել իրենց ակցիաները, իսկ սոցիալական իր էջերով ևս չի կարող նյութեր տարածել։
-Այս վիճակն է ստորագրահավաքի 100-րդ օրից սկսած, երբ ֆեյսբուքյան իմ էջին եկավ «համապատասխան կարգավորումեր», որ չեմ կարող այլևս նյութեր տարածել,- նշեց մեր զրուցակիցը։- Ստամբուլյան կոնվենցիան գլոբալիստների կողմից առաջ մղվող փաստաթուղթ է, և Ֆեյսբուքն էլ այդ ծրագրի բաղադրիչներից մեկն է։ Հիմա թե Հայաստանից է գնացել դժգոհությունը, թե հենց նրանք են այդպես որոշել, դժվարանում եմ ասել։ Բայց մի բան հստակ է. ամեն գնով փորձում են մեր շարժումը պահել տեղեկատվական վակուումի մեջ, որպեսզի ավելի քիչ քաղաքացիներ տեղյակ լինեն այդ կոնվենցիայի վտանգներին։ Իրենց ձեռքի տակ եղած ԶԼՄ-ներով («Ազատություն» ՌԿ, Հ1, անգամ «Շանթ») փորձում են ապակողմնորոշել, մանիպուլացնել ՀՀ քաղաքացիներին։ Հայաստանում խոսքի ազատությունը ոչ շահեկան վիճակում է։ Եթե խոսքի ազատություն ասելով հասկանում ենք այն, որ այդ խոսքը միայն պիտի գլոբալիստներին ձեռնտու լինի, դա ամենևին էլ կապ չունի խոսքի ազատության հետ։ Եթե դրա մեջ չի մտնում ազգային, հոգևոր արժեքների, տեսակի պաշտպանության խոսքը, ուրեմն դա խոսքի ազատություն չէ, միակողմանի, իրենց ձեռնտու խոսք է։
-ՈՒ՞ր է տանում այդ միակողմանի խոսքի ազատությունը, ինչի՞ կհանգեցնի դա։
-Նեոլիբերալիզմից մենք անցում ենք կատարում գլոբալիզմին։ Եթե ժամանակին ասում էին` Հայաստանի քաղաքացուց իր երկրի հարստությունը թալանվում է, և դրանից օգտվում են մի քանի օլիգարխներ, այսօր օգտվողները ոչ թե տեղի հայ բիզնեսմեններն են, այլ դրսի գլոբալիստական ուժերը։ Արդյունքում Հայաստանի քաղաքացին էլի մնում է աղքատ ու թալանված։ Թալանողների դերերն են փոխվել, թալանը նույնն է մնացել։ Պատահական չէ, որ միջազգային ֆորումները սկսել են Հայաստանում անցկացնել։ Այս գործընթացին անձամբ ես դեմ եմ, ինձ համար կապ չունի ով է թալանողը։ Գուցե փոքր-ինչ աբսուրդ հնչի, բայց ավելի նախընտրելի է, որ այդ թալանողը լինի տեղի գործարարը, հայը, քան դրսի գլոբալիստը։ Բայց միանշանակ է, որ թալանը պետք է կանգնեցվի։ Հայաստանում բոլոր հնարավորությունները կան, որ քաղաքացին լավ ապրի, արտագաղթ չլինի, բոլոր ռեսուրսները մենք ունենք, որ մեր գյուղերը զարգացնենք, տնտեսությունն առաջ մղենք։
-Իշխանություն փոխվեց, և նորերը խոստացան, որ մարդիկ լավ կապրեն, իսկ Ձեր նշած թալանն էլ, ըստ խոստումի, չպիտի լիներ։ Տարիուկես հետո մարդիկ ոչ միայն լավ չեն ապրում, այլև Դուք փաստում եք, որ թալանչիներն են ընդամենը փոխվել։ Ինչու՞ այսպես ստացվեց։
-Այս պահին չեմ ցանկանում քաղաքական դիտարկումներ անել, քանի որ մեր շարժումը վերքաղաքական է։ Սակայն կարող եմ ասել, որ լավ բաներ էլ են եղել, մարդկանց աչքերում հույս կա, բայց լուրջ մտահոգություն ունենք, որ այդ հույսը կարող է ի դերև ելնել, մարդիկ հերթական անգամ հուսախաբ կարող են լինել։ Մենք ամեն գնով պայքարելու ենք, որ այս հույսը չկոտրվի, մարդիկ իմանան, որ լավ են ապրելու, Հայաստանը հզոր է լինելու։
-Վերադառնանք կոնվենցիային, ի՞նչն է Ձեզ ամենից շատ մտահոգում այդ փաստաթղթում։
-Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենը նոր չի սկսվել, տարիներ շարունակ այն եփվել է։ Օգտվելով այս փոփոխությունից, այլասերվածները փորձում են իրենց «փայն» ավելի մեծացնել և ավելի մեծ կտոր փախցնել։ Սրա համար փորձում են ամեն կերպ ներկայացնել, թե հեղափոխությունը իրենք են արել, մեծ մասնակցություն են ունեցել և այսօր պետք է իրենց «փայը» ստանան։ Այսօր ինչքան կեղտ կա հասարակության մեջ, ջրի երես է դուրս եկել։ Դրա մեջ մենք մեր ազգային գոյության ձևի, տեսակի պահպանման համար լուրջ վտանգներ, սպառնալիքներ ենք տեսնում։ Հասկանում ենք, որ այս ամենի դեմն օր առաջ պիտի առնել։ Միայն Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարելով չէ, որ այս խնդիրները կարող ենք լուծել, պետք է հասնել այն բանին, որ ԶԼՄ-ներով, մասնավորապես հեռուստաընկերություններով քարոզվող աղբը, բռնությունը, հոռի բարքերը արմատախիլ անենք։ Այս արատավոր երևույթների փոխարեն պիտի ազգային արժեքներին, մարդկային դրական հատկանիշներին մեծ տեղ հատկացվի: 2006-ին ինձ Հայաստանից արտաքսեցին, երբ 9 տարի հետո վերադարձա Հայաստան, մարդկանց մեջ սարերի փոփոխություն տեսա։ 14-15 տարի առաջվա ու այսօրվա երևանցին բացարձակ նույնը չէ։ Մեկ-մեկ մարդիկ ասում են, թե ինչի հետևից ես ընկել, ինչ ես փորձում փոխել, բայց չպետք է այդպես մտածել։ Հավատացեք, այդ ուժերը լուռ, ամենօրյա աշխատանք են տանում ու եթե ևս 10 տարի կարողանան այդպես ազատ աշխատել, մենք լրիվ այլ տեսակի հայ կունենանք, որն իրական հայի հետ կապ չի ունենալու։ Գլոբալիստական մտածող մարդիկ կլինեն, որոնց հիմնական խնդիրը լինելու է ուտելը, սեռական վայելքները։ Խոսում ենք հիմա մարդու իրավունքներից, բայց այդ իրավունքները սահմանափակվում են միայն անասնական ցանկության, սեռական բնազդների իրավունքներով։ Մենք դրանից դուրս իրավունք չունե՞նք։ Այսօր բազմազավակ ընտանիքները խնդիրների մեջ թաղված են, դրա մասին ոչ մեկը չի բարձրաձայնում, նրանք իրավունք չունե՞ն։ Վիրավոր ազատամարտիկները բազում խնդիրներ ունեն, նրա՞նք էլ իրավունք չունեն։ Այսինքն, մենակ մեր դարդն ու ցավն այն է, թե այդ այլասերվածները ո՞նց, ո՞ր դիրքով ավելի շատ հաճույք ստանան, տղա-տղա՞, թե՞ աղջիկ-աղջիկ։ Սա՞ է մեր խնդիրը։ Մենք հակառակում ենք համոզված ու կարծում ենք, որ սա մեզ դրսից է պարտադրվել, մեր հոգեկերտվածքին բացարձակ խորթ է, հայի ու Հայաստանի հետ սա ընդհանրապես կապ չունի։ Դրսի այս պարտադրանքը մենք չենք հանդուրժելու։
-Դուք նշեցիք, որ այս կոնվենցիայի շուրջ խմորումները նոր չեն սկսվել, բայց իշխանության եկել են նոր մարդիկ, որ կարող էին միանգամից վերջ դնել այդ ամենին՝ հայտարարելով, թե ոչ մի դեպքում այն չեն վավերացնի։ Ինչու՞ այդ ճանապարհով չեն գնում։
-Ժամանակը ցույց կտա, թե ինչ կանեն, մենք հույս ունենք, որ չեն վավերացնելու։
-Բայց Ձեզ, օրինակ, չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ իշխանության գրեթե ոչ մի ներկայացուցիչ այսքան ժամանակ հրապարակավ դեմ չի խոսել այդ կոնվենցիային, հակառակը, կողմ արտահայտվողներ են եղել։
-Դա իսկապես շատ մտահոգիչ է։ Այսօր ստորագրահավաքի 107-րդ օրն է, մեզ արդեն միացել են 50 հազարից ավելի քաղաքացիներ։ ԱԺ-ի ընդամենը 6 պատգամավոր է միացել, որոնցից ընդամենը մեկ հոգի է իշխանական ուժի ներկայացուցիչ՝ Սոֆյա Հովսեփյանը։ Բայց նրա ստորագրությունից հետո մեզ տեղեկություններ հասան, որ մեծ ճնշում է եղել նրա նկատմամբ, ներքին խոսակցություններ, քննարկումներ են եղել։ Բոլորի մեջ վախի մթնոլորտ է, դրա համար պատգամավորները էլ չկարողացան միանալ մեր ստորագրահավաքին։ Ժողովրդավարական Հայաստանում պատգամավորները, քաղաքացիները պետք է իրենց կարծիքն արտահայտելու ազատություն ունենան։ Չի կարելի ճնշել որևէ մեկին։ Անշուշտ, հիմա այդ պատգամավորները կհերքեն, որ նման բան կա, սակայն Հայաստանը փոքր երկիր է, իսկ Երևանն էլ փոքր քաղաք, բոլորը բոլորին գիտեն։ Նրանց վրա ճնշում եղել է, որ ստորագրությունների թիվը չմեծանա։
-50 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել. իշխանությունը հաշվի կնստի՞ այդքան մարդու կարծիքի հետ։
-Բերանով է հեշտ ասել` 50 հազարից ավելի ստորագրություն։ Բուլղարիայում ընդամենը 10 հազար ստորագրությամբ այդ կոնվենցիան հակասահմանադրական ճանաչվեց, այն դեպքում, որ նրա բնակչությունը մի քանի անգամ ավելի է Հայաստանից։ Այսպիսի չափում կա. ստորագրության և ընտրության մասնակցողի հարաբերակցությունը 5-15 է։ Սա պայմանավորված է նաև նրանով, թե տվյալ երկրում մարդիկ որքան են քաղաքականացված։ Հայաստանում վերցնենք 1-ին 5 հարաբերակցությունը, այսինքն մեկ ստորագրողը՝ 5 ընտրող։ Ստացվում է՝ ընտրությանը մասնակցող 250 հազար քաղաքացի արդեն այդ կոնվենցիային «ոչ» է ասել։ Ինչպես կարելի է չանսալ սեփական քաղաքացիների կամքին և դրան դեմ գնալ։ Մի էական հանգամանք էլ. սա դեռ սկիզբն է, այնպես չէ, որ 50 հազար ստորագրություն հավաքեցինք ու ձեռքներս ծալած նստելու ենք։
-Ստորագրահավաքին մարդիկ ակտի՞վ են։
-Այո, հարյուրավոր քաղաքացիներ են մեզ միանում։ Պարզապես ամենամեծ խնդիրն այն է, որ մեր առաջ արհեստական խոչընդոտներ են ստեղծել։ Սպիտակ քաղաքում մեզ վրա գործ են հարուցել, անընդհատ անհարկի տանում-բերում են ու չենք կարող մեր շրջագայությունը մարզերում շարունակել։ Այսօր Հայաստանի մարզերի բնակիչներն այդքան հնարավորություն չունեն, որպեսզի գան Երևան և ստորագրահավաքին մասնակցեն։ Չնայած եղել են դեպքեր, որ Սյունիքից, Տավուշից էլ են եկել մարդիկ ու ստորագրել։
-Այսօրվա ակցիայի նպատակը ո՞րն է, ենթադրենք, խորհրդարանականներն այսօր դրական գնահատականներ տվեցին և ԵԽ-ի պատվիրակներին վստահեցրին, որ այն ԱԺ-ն կվավերացնի։
-Այսօր ԵԽ-ի բարձրաստիճան պատվիրակները հանդիպելու են ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահների հետ։ Առաջին իսկ օրից հայտարարել ենք, որ մեզ համար բացարձակ անընդունելի է ցանկացած արտաքին ճնշում։ Մեր ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնությունը նաև անկախության շարժում ենք անվանում։
-Ինչու՞, ումի՞ց եք անկախանում։
-Երբ քո ազգային էությունն ես պաշտպանում, նաև քո անկախությունն ես ապահովագրում։ Ե՞րբ է քո անկախությունը երերում։ Երբ քեզ փորձում են ձուլել օտարների հետ, կորցնում ես քո տեսակը, ազգայինը։ Էլ ի՞նչ անկախության մասին է խոսքը, երբ բոլորը միատեսակ են լինում։ Աբսուրդն այն է, որ իրենք բազմազանությունից են խոսում, բայց ակտիվ պայքարում են Աստծո կողմից տրված իրական բազմազանության դեմ, երբ տարբեր ազգեր իրենց առանձնահատկությունները, բնորոշ հատկությունները պիտի ունենան։ Այնինչ այսօր փորձում են միատարր, մի ամորֆ մասսա ստեղծել, որը կլինի վերահսկելի։ Մենք այս ամենը խիստ դատապարտում ենք ու դեմ ենք մեր տեսակը կորցնելուն։ Այս շարժումը հենց դրա համար էլ կոչվում է անկախության շարժում։ Մեր ներքին գործն է, թե որ փաստաթուղթը կընդունենք, որը՝ ոչ։ ՀՀ քաղաքացիները կորոշեն, թե որ փաստաթուղթն է իրենց հարկավոր։ Վենետիկի հանձնաժողովի տված «խորհուրդը» այս կոնվենցիայի առնչությամբ մեզ համար էլի անընդունելի է։ Երբ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, թե այն ուղարկելու են Վենետիկի հանձնաժողով, մենք առաջին իսկ օրից հայտարարեցինք, որ դա տակտիկական քայլ է և չի կարող ԵԽ-ին կից, «տակը» գտնվող կառույցը փաստաթղթին դեմ կարծիք տալ։ Այսօր Հայաստան եկած պատվիրակներին էլ խիստ բացասական ենք վերաբերվում։ Թույլ չենք տա որևէ արտաքին ճնշում Հայաստանի վրա։
-Արդեն տեղեկություն կա, որ այդ կոնվենցիայի համար Հայաստանին որոշակի գումար է տրվել, Կուբայից միասեռականների խումբ է եկել, այսինքն, ըստ էության, այդ փաստաթուղթն արդեն գործարկման մեջ է։
-Այո, գումար տրվել է, բայց ավելի մեծ չափի նախատեսված է վավերացումից հետո։ Եթե պատկերավոր ասեմ` մարդուն սոված են թողել, դեմն էլ մեծ սեղան են բացել, խորոված չալաղաջ են դրել ու ասում են` այն փաստաթղթի տակ ստորագրիր ու մոտեցիր սեղանին։ Հիմա Հայաստանում այս վիճակն է։
-Հայաստանի իշխանությունը կդիմանա՞ գայթակղությանը։
-Եթե սեղանին չմոտեցանք, սոված չենք մեռնի, մեր երկրի պոտենցիալին հավատում ենք, մի քանի տարի հետո կարող ենք զարգացնել երկիրը։ Մեր այսօրվա վատ վիճակը միմիայն քաղաքական վատ կառավարման հետևանք է։ Ընդամենը մի դրվագ. ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե տղա եք, պահեք, սա հենց այդ քաղաքականության հետևանքն է։ Մեզ համար արհեստական խնդիրներ ստեղծեցին։ Անգամ շրջափակված մենք մեր ռեսուրսներով կարող ենք լավ ապրել։
-Իսկ եթե, այդուամենայնիվ, մոտեցան այդ սեղանին։
-Այդ պահին կկշտանան, բայց չալաղաջի հետ թույն է, մի քանի ժամից ողջ պատմությունը կվերջանա։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ