Վարչապետը երեկ խորհրդարանում հայտարարեց‚ թե Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 2020 թ. հուլիսի 1-ից: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ: Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան։ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25500 դրամ, գործող 18000 դրամի փոխարեն: Ծնելության աճի խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն»,- ասել է վարչապետը:
Նշենք‚ որ ժողովրդագրությունը պետության կարևորագույն հիմնասյուներից է։ Եվ հավանաբար այս նկատառումից ելնելով՝ ՀՀ նախկին իշխանությունները ծրագրել էին‚ որ 2040-ին ունենալու ենք 4 միլիոն բնակիչ‚ գործող իշխանությունները նպատակադրվել են 2050 թվականին ունենալ 5 միլիոն բնակիչ։
Բնակչության թվի ավելացման տարբերակները ներգաղթն ու բնական աճն են։ Որպես կանոն‚ ներգաղթի վրա հույս են դնում այն պետությունները‚ որոնք ունեն բացասական բնական աճ և փորձում են ներգաղթի միջոցով լուծել իրենց ժողովրդագրական խնդիրները։ Նման օրինակ է Ռուսաստանը։
Հայաստանը իր ծրագրերով պետք է նպաստի բազմազավակության ընդլայնմանը։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ընտանիքների կազմը Հայաստանում կրճատվել է։ Եթե 70-ական թվականներին միջին ընտանիքը կազմված էր 4,7 մարդուց‚ ապա այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչև 4-ի։ 2014 թվականից ներդրվեցին խրախուսման որոշ մեխանիզմներ՝ երրորդ‚ չորրորդ երեխաների ծննդյան համար՝ 1 մլն դրամ։ Վիճակագրությունը ցույց է տալիս‚ որ այդ տեսակետից ունենք 3-րդ‚ 4-րդ երեխայի ծնունդների աճ։ Սակայն միաժամանակ գրանցվում է 1-ին‚ 2-րդ երեխաների ծննդյան թվի անկում‚ և դրա պատճառը ամուսնությունների թվի անկումն է։ Բացի այդ‚ առկա է անպտղության խնդիր. վերջին հետազոտությունները ցույց են տալիս‚ որ 20-45 տարեկան վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում առաջնային և երկրորդային անպտղության ցուցանիշը կազմել է մոտ 15-17 տոկոս։
Ժողովրդագրական տվյալների անկման հետևանքները կարող են անդրադառնալ նաև տնտեսության վրա. աշխատունակ տարիքի բնակչության մասնաբաժնի նվազումը կարող է հանգեցնել արտադրողականության նվազման, կենսաթոշակային և ապահովագրական համակարգերը կարող են չափազանց ծանրաբեռնվել, աճող տարեց բնակչության հոգսը կարող է ամբողջությամբ դրվել տնային տնտեսությունների ուսերին։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ այսօր արդեն պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկվեն ժողովրդագրական խնդիրը բարելավելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում՝ չկա ժողովուրդ‚ չկա պետություն։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ