Երեկ կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, նշեց, որ բնապահպանությունում եթե որևէ բան պետք է փոխվի, դա պետք է արվի օրենսդրության փոփոխությամբ, նախարարությունը չի կարող գնալ այնպիսի քայլերի, որոնք հակասում են օրենքներին։ Սրանից ելնելով, նախարարից փորձեցինք ճշտել՝ հնարավո՞ր է Ամուլսարի հարցում օրենսդրություն փոխվի, ինչը թույլ կտա հանքը չշահագործել։
«Ես խոսում էի ընդհանուր բնապահպանության ոլորտի հետ կապված ցանկացած հարցի մասին և նկատի չունեի կոնկրետ Ամուլսարը։ Այստեղ չպետք է մոռանալ, որ օրենքները չունեն հետադարձ ուժ, ունեն որոշակի ազդեցություններ, և կոնկրետ այս դեպքում հարցն ընդհանրացնել ճիշտ չեմ համարում։ Սակայն Դուք գիտեք, որ բնապահպանության ոլորտում մենք փոփոխություններ ենք իրականացնում, փորձելով կարգավորել այն, ինչ պետք է կարգավորվի, և դրանք ազդելու են նոր ծագող հարաբերությունների վրա»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։ Նախարարի հետ մեր կարճ զրույցում չէինք կարող չանդրադառնալ Ամուլսարի հետ կապված մի կարևոր հարցի ևս. կառավարությունն ի սկզբանե դեմ էր այս հանքի շահագործմանը և կիսում էր բնապահպանների մտահոգությունը, սակայն, վերջին մի քանի ամսում ծրագիրը հստակ հասկացրեց, որ հանքը պետք է շահագործվի։ Կարելի՞ է ենթադրել, որ միջազգային կառույցներն են ճնշում։ «Ինձ այնպիսի հարց տվեք, որն իմ լիազորությունների շրջանակում է։ Ինձ որևէ մեկը ճնշման չի ենթարկել»,- նշեց նախարարը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ