«Միշտ պատրաստ եմ աջակցելու նման ծրագրերին»
11.10.2019 | 00:54
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հայտարարած ազգային արժեքների պահպանման և տարածման թեմայով դրամաշնորհների մրցույթի հաղթողները հայտնի են: Ստացված 58 հայտից 13-ն են արժանացել ժյուրիի հավանությանը: Ազգայինը պրոպագանդելու համար նրանցից յուրաքանչյուրը մեկ միլիոն դրամ կստանա: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ հաղթողներին անձամբ հանձնեց հավաստագրերը: «Կարևոր է ազգային գաղափարների, արժեքների պահպանումն ու տարածումը: Միշտ պատրաստ եմ աջակցելու նման ծրագրերին»,- նշեց նա:
Հիմնադրամի տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ հաղթող մասնակիցների ներկայացրած ծրագրերը երեք հոսքի է բաժանում: Առաջինը, ասում է, մշակութային ծրագրերն են՝ երգ-երաժշտություն, պար և այլն: «Երկրորդը կրթական խնդիրները բարձրաձայնող ծրագրերն են, որ տպագրվող բրոշյուրների կամ այլ նյութերի տեսքով պետք է տարածվեն դպրոցներում, բուհերում և կրթական այլ հաստատություններում: Երրորդ հոսքի հաղթողները կարևորագույն արժեքների (ընտանիք, ազգ, բանակ) մասին ցանկանում են ֆիլմաշարեր ու մուլտֆիլմեր նկարահանել: Սա, ճիշտն ասած, ամենաշատն է ինձ դուր եկել, որովհետև հայ մանուկները, արտասահմանյան սարսափ մուլտֆիլմերի փոխարեն, կարող են ազգի ու ընտանիքի մասին պատմող բարի պատում դիտել»,- նշում է Մկրտչյանն ու հավելում, որ դրամաշնորհների մրցույթ հայտարարելու ընթացքում հասկացել են՝ ճիշտ ճանապարհի վրա են: Բացատրում է՝ եթե մինչև այս ավագ սերնդի ներկայացուցիչներին թվում էր, թե անդառնալի գործընթացներ են եղել, ու մեր երիտասարդներն ու պատանիները եվրոպական կեղծ արժեքների ազդեցության տակ են, նրանց հետ շփվելով հասկացել ու համոզվել են՝ հայրենիքի ճակատագրով մտահոգ երիտասարդներն ավելի ամուր են կառչած հայկական ավանդական արժեքներին: Պարոն Մկրտչյանն ընդգծում է՝ թեև 12 տարի շարունակ կրթական դրամաշնորհներ են հատկացնում, բայց առաջին անգամ է, որ ազգային արժեքների պահպանության ծրագրերի համար մրցույթ է հայտարարվել: Պատճառը, ասում է, պարզ է բոլորիս. մեր օրերում լայնածավալ գրոհ է ձեռնարկվում ներքին ու արտաքին ուժային տարբեր կենտրոնների, խաղացողների կողմից. «Ինչպես գիտեք՝ այսօր «Բաց հասարակության» (Սորոսի) և արևմտյան այլ ուժերից սնվող հիմնադրամներն անխնա փող են բաժանում, ինչն ուղղակի սպառնալիք է ազգային արժեքների համար, հենց այդ պատճառով էր նաև, որ որոշեցինք ազգային արժեքների պահպանության այս ծրագիրը կյանքի կոչել ու խրախուսել այն տարածող մեր հայրենակիցներին»:
Դրամաշնորհ ստացողների թվում են նաև «Ծափ ծափիկ» ծրագիրը ներկայացնող Մարիամ Դիլբանդյանն ու Սևանա Չեգերեան, որ ցանկանում են երաժշտական նախադպրոցական առաջին դասագրքի ու մանկական 40 երգերի անիմացիայի ձայնասկավառակ թողարկել: «Ազգային, ժողովրդական, Կոմիտասի մշակած երգերը, որ տեղ են գտնելու ձայնասկավառակում, արևմտահայերենով ու արևելահայերենով են լինելու: Այսօր մեզ հասանելի մանկական երգերը 1950-ականների ձայնագրություններ են: Մանուկների համար նախատեսված երգերն անգամ համեմված են գնչուական, արաբական մելիզմներով: Մայրենիով մանկական երգերի անհրաժեշտությունը հատկապես Սփյուռքում է զգացվում, որովհետև երեխաները, որ հնարավորություն չունեն հայկական նախակրթարաններ կամ դպրոցներ հաճախելու, գոնե այս երգերով կարող են հայերեն սովորել»,- նշում է Մարիամ Դիլբանդյանը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ