Գուցե Վանեցյանը դառնա այն այլընտրանքը, որի շուրջը կարող են համախմբվել շատ ուժեր
20.09.2019 | 00:22
Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես ինքն է բազմիցս խոստովանել, ամենաշատը մտահոգում էր իշխանության ներսում այնպիսի համակարգի ձևավորումը, որը կկանխի տուրբուլենտ փուլում հնարավոր կոլապսները, որոնք կարող էին լուրջ դժգոհությունների և անկայունության պատճառ դառնալ, ինչի հետևանքով Փաշինյանն ինչպես հեշտ հայտնվել էր իշխանության ղեկին, նույն հեշտ ու արագ ձևով կարող էր դուրս մղվել իշխանությունից։
Նիկոլ Փաշինյանին նախ և առաջ մտահոգում էր ֆինանսական, հարկաբյուջետային, բանկային համակարգերի կայունությունը, սակայն ոչ պակաս անհանգստացնող էին նաև ուժային կառույցները՝ պաշտպանության ոլորտը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Եվ քանի որ իշխանափոխության սկզբնական ամիսներին արդիական էր այս ոլորտներում կայունությունն ապահովելու խնդիրը, Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ սթափ մտածելու ունակություն դրսևորեց և այդ բնագավառներում չգնաց կադրային փորձարկումների ու դրանց ղեկավարումը չվստահեց իր հետ փողոցներ փակած անփորձ քայլականներին՝ թիմակիցներին գործուղելով այն ոլորտներ, որոնք, իր կարծիքով, օպերատիվ առումով ռազմավարական նշանակություն և վտանգ չեն պարունակում։ Իսկ թե այդ ոլորտներին ինչ վնաս հասցրին հեղափոխական չպատրաստված կադրերը, այլ հարց է։
Պետք է նշել, որ կարևորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող նախարարություններում ղեկավարող պաշտոնյաներին հաջողվեց ամենաբարդ ժամանակաշրջանում, նաև անփորձ ու անգրագետ կադրերի հետ հակամարտություններում, այնուամենայնիվ, պահպանել իրենց վստահված բնագավառների կայունությունը։
Երկրի ֆինանսատնտեսական և ուժային կառույցների լծակները փորձառու մասնագետների ձեռքում գտնվելը բավականին լուրջ դիմադրության էր արժանանում, և իշխանության քաղաքացիական հատվածը, որն ուղղակիորեն սերում էր Սորոսի ու այլ կասկածելի հիմնադրամներից, անընդհատ պահանջներ էր դնում այդ լծակներն իրեն հանձնելու համար։ Դա էր պատճառը, որ սորոսականների կողմից ֆինանսավորվող մամուլում պարբերաբար վարկաբեկիչ, կեղծ լուրեր էին տարածում՝ փորձելով ստեղծել անվստահության մթնոլորտ ու ճնշում գործադրել անձամբ վարչապետի վրա։
Այս պայմաններում Փաշինյանը երկար ժամանակ փորձում էր հավասարակշռություն պահել իր իշխանության քաղաքական թևի, իշխանության մեջ ներգրավված Լևոն Տեր-Պետրոսյանի կլանի ներկայացուցիչների և սորոսական թիմի միջև։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետագծին ծանոթ փորձագետներն ամիսներ առաջ կարծիք էին հայտնում, թե այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը, չնայած իշխանության ձևավորման սկզբունքների շուրջ եղած ստվերային պայմանավորվածություններին, հետագայում ինչ-որ թևեր, այսպես ասած, գցելու է։ Այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ տեսնում ենք, որ ըստ էության վարչապետը սկսում է ազատվել այն ուժայիններից, որոնք ապահովել են իր իշխանության կայունությունը հեղափոխությունից հետո առաջին 1,5 տարվա ընթացքում։ Սա իհարկե պատահական չէ, և ունի բազմաթիվ ներքին ու ակնհայտորեն նաև արտաքին քաղաքական պատճառներ։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բավականին աղմկահարույց և զգայուն հրաժարականը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի շատ ծրագրեր։ Նախ և առաջ պետք է նշել, որ այս հրաժարականի մասին խոսվում էր բավականին երկար ժամանակ, և հիմնականում առաջ էր քաշվում քաղաքական խանդի վարկածը, ինչը հիմնված էր այն փաստի վրա, թե ԱԱԾ ղեկավարի և պաշտպանության նախարարի վարկանիշը շատ ավելի բարձր է քան վարչապետի՝ օր օրի անկում ապրող վարկանիշը։ Սա, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի տիպի խառնվածք ունեցող գործչի համար բավականին լուրջ փաստարկ է, լուրջ հարված նրա ինքնասիրությանն ու նկրտումներին։ Այս նուրբ թելի վրա շատ հմտորեն խաղում էր հենց սորոսական թևը, որն իր լրատվամիջոցներով, սոցցանցերով անընդհատ արծարծում էր այս թեման։ Սակայն իրականում տարաձայնությունները շատ ավելի խոր հիմք ունեին։ Փաշինյանը, ինչ-որ մի փուլից սկսած, սկսեց հասկանալ, որ իր ներկա քաղաքական թիմը, որ հեղափոխությունից հետո ձևավորվել է տարբեր շերտերից, իր համար թիկունք չէ, և ինքը չի կարող հենվել դրա վրա։ ՈՒստի պետք է ընտրություն կատարի՝ ում հետ շարունակել իշխանավարումը՝ փորձված պրոֆեսիոնալների՞, թե՞ այսպես կոչված սորոսական թիմի հետ։ Այստեղ էր, որ սորոսականները նախաձեռնեցին բավականին լուրջ գրոհ՝ ստանալով շատ լավ առիթ՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ էության, օգտագործելով իրական բնապահպանների և ջերմուկցիների մի մասի անհանգստությունը, ինչպես սովորաբար լինում է, սորոսական կլանը մտավ խաղի մեջ և մինչ այժմ փորձում է իր շահերին ծառայեցնել իրական բնապահպանների և որոշ շերտերի կողմից փոքր-ինչ ուռճացված անհանգստությունները։ Սա լավ առիթ էր, որպեսզի ցույց տան կառավարության ղեկավարին իրենց ուժը փողոցում և հասկացնեն, թե ինչ կարող է լինել, եթե սորոսյան թիմը կանգնի ոչ թե Փաշինյանի կողքին, այլ գործի նրա դեմ։ Կառավարության ղեկավարն ակնհայտորեն տեղի տվեց այդ ճնշումներին. նախ՝ տեղի էին ունենում ստվերային հանդիպումներ, տարածվում ասեկոսեներ, թե Հայաստանի վարչապետն իրականում «Բաց հասարակության ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանն է, հետո արդեն սկսեցին բացահայտ հանդիպումները վարչապետի և «Սասնա ծռերի» միջև։ «Սասնա ծռերի» հետ հանդիպումը խոսում էր նաև այն մասին, որ Փաշինյանը նոր խաղի կանոններ է ցանկանում հաստատել սորոսականների և այս ուժի ռազմական թև հանդիսացող «Սասնա ծռերի» հետ։ Բոլորին հայտնի է, թե ինչ պայմաններում տեղի ունեցավ այդ հանդիպումը, և կառավարությունն ու Սասնա ծռերն ինչպիսի մեծ քարոզչական ակցիա իրականացրին շարքային այս հանդիպումն ուռճացնելու, հանրայնացնելու և պետական մակարդակի իրադարձություն դարձնելու համար։ Պարզ էր, որ այդ քննարկման շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Մասնավորապես, ենթադրվում էր, որ «Սասնա ծռերն» Ամուլսարի հարցում նահանջելու են։ Կյանքը ցույց է տալիս, որ հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Փոխարենը դրա դիմաց նրանք ամենայն հավանականությամբ կառավարության ղեկավարից պահանջում էին իշխանությունից հեռացնել այն ուժային ղեկավարներին, որոնք 2016 թ. հուլիսին մասնակցել էին ռազմական այդ խմբի վնասազերծման աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանը հասկանում էր, որ հանդիպելով ահաբեկչական գործողություն իրականացրած կազմակերպության պարագլուխների հետ՝ մեծ հարված է հասցնում ուժային կառույցներին, բայց քանի որ որոշումն արդեն կայացված էր, Փաշինյանը գնաց վա բանկ։ Հասկանալի է, որ Օսիպյանից, Վանեցյանից ազատվելն ընդամենը ժամանակի խնդիր է։ Փաշինյանը, այսպիսով, նախընտրությունը տվեց իշխանության սորոսյան թևին, իսկ ուժայիններից ազատվելու համար ընդամենը մեկ-երկու տեխնիկական հարց էր պակասում։ Այս էր պատճառը, որ վերջին շրջանում վարչապետը ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի առջև այնպիսի պահանջներ էր դնում, որոնք, ինչպես Վանեցյանն էր նշել հրաժարականից հետո իր հայտարարությունում, անհամատեղելի են սպայի ուսադիրների և պատվի հետ։ ՈՒստի շատ ավելի ռացիոնալ ու պատվաբեր է հրաժարական տալը, քան աշխատել մի ղեկավարի հետ, որն այնպիսի հանձնարարականներ է տալիս, որ ոչ իրենց գործառույթի մեջ է մտնում, ոչ էլ օրենքից է բխում։
Դատելով իրադարձությունների ընթացքից՝ կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը փոխում է երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կուրսը։ Այսինքն՝ եթե ժամանակին վարչապետն ասում էր, թե արտաքին քաղաքական դաշտում որևէ ռևերս չի լինելու, այժմ իրական լծակները փոխանցելով սորոսյան թիմին՝ տրամաբանական է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում սկսվում է ռևերսի շրջանը։ Սա իհարկե հղի է բավականին լուրջ վտանգներով առաջին հերթին ազգային անվտանգության տեսակետից։ Հասկանալի է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, թե՛ Թրամփի վարչակազմը բավականին բացասաբար են վերաբերվում այն ուժերին, որոնց իշխանության է բերում Փաշինյանը։ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, Սահմանադրական դատարանի որոշման անտեսումը նույնպես ցույց են տալիս, որ ըստ էության Փաշինյանը գնում է վա բանկ ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովից առաջ, որին պետք է որ մասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Ռոհանին։ Սակայն հայաստանյան զարգացումները, իշխանական վերադասավորումներն ու արտաքին քաղաքական շրջադարձերը կարող են բավականին լուրջ փոփոխություններ մտցնել նաև ԵԱՏՄ հանդիպման ձևաչափում. որոշ առաջնորդների մասնակցության հարցը հնարավոր է վերանայվի։
Հայաստանում ստեղծված պայմաններում հնարավոր է ցանկացած զարգացում, քանի որ իշխանությունը չունի ներքին կայունացման ռեսուրս։ Իշխանությունը 1,5 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ իր համար ստեղծել տնտեսական, քաղաքական, ուժային, սոցիալական, արտաքին հենարաններ։ Այս առումով մուտք ենք գործում բավականին լուրջ տուրբուլենտության գոտի։ Եվ հենվելով աշխարհաքաղաքական զարգացումների տարբեր օրինակների (մասնավորապես ՈՒկրաինայի, Վրաստանի) վրա՝ կարող ենք հետագա իրադարձությունների կանխատեսումներ անել։
Վերադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ պետք է նկատենք, որ դատելով վերջինիս հայտարարություններից՝ ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացրել։ Իր բավականին բարձր ու կայուն վարկանիշով, մեծ կապերով, ռեսուրսներով Վանեցյանը կարող է հեռանկարային քաղաքական գործիչ դառնալ։ Նա նաև հստակ տարանջատվեց նախկիններից ու ներկաներից, և ամենայն հավանականությամբ կձևավորվի այլընտրանքային նոր բևեռ։ Եվ գուցե Արթուր Վանեցյանը դառնա այն այլընտրանքը, որի շուրջը կարող են համախմբվել շատ ուժեր։ Չի բացառվում, որ այս ամենը մոտ ապագայում ավարտվի նոր կուսակցության ստեղծմամբ։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ