Ի՞նչն եք գովերգում
10.09.2019 | 00:48
Աղբի մեջ կորած մայրաքաղաքի ապաշնորհ ղեկավարի զրոյին հավասարեցված վարկանիշը հազիվ թե որևէ քարոզչական հնարքով հնարավոր լինի վերականգնել: Հայկ Մարությանից դժգոհ են և շարքային երևանցին, և նրա հետ աշխատողները: Սակայն սա չի խանգարում, որ քաղաքապետարանի աշխատանքը գունավոր ու հրաշալի ներկայացվի Հանրային հեռուստատեսությամբ:
Մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներից անմիջական հրահանգ է իջեցվել, որ շաբաթը մեկ անգամ Հ1-ով քաղաքապետարանի «տքնաջան» աշխատանքը ներկայացվի։ Եթե մայրաքաղաքի բնակիչ չլինես, այդ տեսանյութերից կարող ես ենթադրել, թե եվրոպական զարգացած քաղաքի մասին է խոսքը: Բայց աղբի կույտերն ամեն վայրկյան ոչ միայն վկայում են չկայացած ու գործից անտեղյակ քաղաքային իշխանության մասին, այլև հասարակությանը հերթական անգամ ապացուցում, թե որքան սխալ ընտրություն է արվել:
Ավելին, Փաշինյանն անձամբ է սեփական ֆեյսբուքյան էջով տեղեկացնում, թե քանի աղբաման ու քանի մեքենա է քաղաքապետարանը Երևան բերել, բայց մայրաքաղաքն էլի շարունակում է մնալ կեղտի ու գարշահոտության մեջ: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը գովերգի Մարությանի «կառավարելու հրաշալի հատկությունները», մայրաքաղաքի բնակիչը սեփական մաշկի վրա է զգում «հուսահատության գազելների և մահաբեր վերելակների» կայուն ներկայությունն իր առօրյայում, որին գումարվել են աղբով ծանրաբեռնված մայթերը, ոռոգում չտեսած ու կրակի երախում հայտնված կանաչ տարածքները: Այ, սա բացառելու համար իրոք կառավարելու հրաշալի հատկություններ պետք է ունենալ:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ