Կառավարությունը տևական լռությունից հետո վերջապես անդրադարձել է կանաչած Սևանի խնդրին, ինչի մասին մասնագետներն ահազանգում են երկու շաբաթից ավելի: Առանձին պաշտոնյաներ, մասնավորապես շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, անդրադարձել են հարցին ու տարբեր բացատրություններ տվել Սևանի կանաչ գույն ունենալուն: Մասնագետների ու նախարարի ասածները մասամբ են համընկնում, օրինակ, հրապարակումներին, որ լճից ջուր խմած անասունները սատկել են, Գրիգորյանը լուրջ չի վերաբերվում: Ավելին, ըստ նրա, գյուղացիներն արդեն սատկած կովերին քարշ են տվել, հասցրել լճափ, որ հետագայում կառավարությունից փոխհատուցում պահանջեն: Մինչ հայ մասնագետներն ու խնդրին քաջատեղյակներն օրեր շարունակ կետ առ կետ ներկայացնում են խնդիրը, մեկնաբանում կանաչած լճի պատճառները, կառավարությունը մեկտողանոց հետևյալ հայտարարությունն է տարածում. «Սևանա լճի «ծաղկման» խնդրի շուրջ միավորվել են պետական կառույցներն ու միջազգային կազմակերպությունները»: Առնվազն տարօրինակ ու անտրամաբանական է՝ Հայաստանի ներուժը թողած՝ դիմել միջազգային այլ կառույցների ու խնդրել հստակեցնել՝ ինչպե՞ս լուծել Սևանի հարցը: Պարզից էլ պարզ է, որ միջազգային կազմակերպությունները որևէ մեկի գեղեցիկ աչքերի համար, թեկուզ միայն խորհրդատվություն, անվճար չեն անցկացնելու: Բացի այդ, նման վերաբերմունքը, ինչ-որ առումով, անարգանք է մեր գիտնականների ու մասնագետների նկատմամբ, որ անմնացորդ նվիրումով ահազանգում են Սևանին սպառնացող վտանգի մասին՝ ի տարբերություն, օրինակ, իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի, որ Սևանի կանաչումը կապում է մաղձի հետ:
«Ոնց գցում-բռնում եմ, պատճառը «թարախն» է՝ նեգատիվը, սուտը, որ ուղղորդված ու հետևողականորեն բաց է թողնվում վերջին ամիսներին»,- ասում է Թունյանը, որի ներկայացրած քաղաքական ուժը մինչ այսօր որևէ քայլ չի արել համընդհանուր մաղձը ցրելու, մարդկանց «սևերի» ու «սպիտակների» չբաժանելու, իրական սեր և համերաշխություն քարոզելու առումով: Ավելին՝ հասարակության մեջ մերոնցականների ու ձերոնցականների բաժանումը սկսվել ու խորացել է նրանց աջակիցների ձեռքով:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ