Մեկ մարդու կողմից իշխանության բոլոր թևերն իրեն ենթարկելը, երկրի վարչապետի կողմից դատական իշխանությանն իր կամքը նույնիսկ բացահայտ հակասահմանադրական եղանակով (դատարանների մուտքերը շրջափակելու կոչով ու կազմակերպմամբ), ուղղակի թե անուղղակի կերպով թելադրելն ի՞նչ է, եթե ոչ իշխանության ուզուրպացիա: Սա նոր Հայաստանն է, այս առումով այն իսկապես նոր է, բայց ոչ ոք ինձ չի կարող ապացուցել, համոզել, թե ի տարբերություն մինչ «թավշյա հեղափոխությունը» եղած Հայաստանի, նոր Հայաստանը զերծ է, ասենք, կոռուպցիոն համակարգից: Հիմա էլ կոռուպցիոն համակարգը գոյություն ունի, կա կոռուպցիա, այդ թվում նաև՝ քաղաքական: Եվ այս պարագայում, բնականաբար, խոսք չի կարող լինել նոր Հայաստանի մասին:
Դատարանների մուտքերը շրջափակելու հակասահմանադրական կոչից և այդ կոչի՝ գործողության վերածվելուց հետո, վարչապետը որևէ լուրջ հակազդեցության չհանդիպելով, սկսեց ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին անօրինական պահանջներ ներկայացնել:
«Հարգելի գործընկերներ, մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում նաև՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար,- ս. թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:- Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ, ըստ ամենայնի, հուսահատ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ, որոշ շրջանակներ որոշել են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել բռնության ու բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ, և նույնիսկ տեղի են ունենում այս առումով կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ, ահա, իրենք պատրաստ են, պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել»:
ՈՒշագրավ է, որ վարչապետը «մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» բառերը ծիծաղով, ժպիտով արտաբերեց: Հավանաբար պատճառն այն էր, որ չկարողացավ սուտն առանց դրա, այսինքն՝ լուրջ դեմքով մատուցել, քանի որ հանրապետության բազմաթիվ բնակավայրերում խաչմերուկների, փողոցների փակումը, բազմահազար քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարումը, ողջ հանրապետության բնականոն կյանքը կաթվածահար անելը, ՀՀ Ազգային ժողովի շենքի շրջափակումը, վարչապետին ու խորհրդարանին իր, իր քաղաքական թիմի և հասարակության մի մասի կամքը թելադրելը չեն կարող բռնի չհամարվել: Ի՞նչ է՝ վերոնշյալ գործողությունները հասարակության՝ Փաշինյանի ու նրա կողմնակիցների գործողություններին դեմ, բայց նրանց հետ քաղաքացիական պատերազմից խուսափելու նպատակով բախման չգնացած մասի (այդ թվում նաև՝ հարձակման պատրաստ, սահմաններին իր զորքն ու զինտեխնիկան կենտրոնացրած Ադրբեջանի ներխուժմանը տեղիք չտալու հիմնավոր մտահոգությամբ), Ազգային ժողովի, կառավարության, պետական այլ հաստատությունների կամքո՞վ էին… Բռնին միայն զինված հեղաշրջումը, միայն Կիևի մայդանը չէ:
Հիմա անդրադառնանք մի շարք ուժերի, այդ թվում նաև՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող ուժերի վերաբերյալ Փաշինյանի ասածին: Եթե մինչ Փաշինյանի հիշյալ ելույթը իսկապես եղել են բռնության քարոզ իրականացնող այդպիսի ուժեր, առավել ևս՝ «նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող», եթե նրանց վերաբերյալ վարչապետի ասածը հորինվածք չէ՝ իր քաղաքական ընդդիմախոսների գլխին ոստիկանության «երկաթյա» մահակն իջեցնելու նպատակով, ապա Փաշինյանն ինչու՞ չհայտնեց և առայսօր էլ չի հայտնել այդ ուժերի կամ դրանք ներկայացնող անձանց անունները: Լավ, համարենք, որ այդ ուժերի հետ կապված որոշակիացումը (ովքե՞ր, ե՞րբ և ինչպե՞ս են բռնության քարոզ իրականացրել) ոչ թե վարչապետը պետք է կատարեր, այլ ոստիկանությունը, սակայն արի ու տես, որ ոստիկանությունն էլ մինչ օրս չի հայտնել, թե ովքեր են եղել մինչ հունիսի 6-ը բռնության քարոզ իրականացրած անձինք և ուժերը, այդ թվում նաև՝ «նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող»: Իսկ հունիսի 6-ից հետո՞…
Ոստիկանությունը, ըստ Blognews.am կայքի գլխավոր խմբագիր, «Ադեկվադ» շարժման (այժմ արդեն՝ կուսակցության) անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանի, սահմանափակել է իրենցից 11-ի ազատ տեղաշարժի իրավունքը՝ պատճառաբանությամբ, որ մի քաղաքացուց ահազանգ է ստացել առ այն, որ «Ադեկվադ»-ի տվյալ անձինք Երևանի Մաշտոցի պողոտայում վախի մթնոլորտ են ստեղծել և ահաբեկել են իրեն: «Ինչպե՞ս կամ ի՞նչ են ասել» հարցի պատասխանը դեռ չկա, «Ադեկվադ»-ի բերման ենթարկված անդամները ժխտում են այդ մեղադրանքը, նրանցից Կոնստանտին Տեր-Նակալյանը ոստիկանության պատճառաբանած ահազանգը համարում է սուտ մատնություն, եթե, իհարկե, այդպիսին եղել է, ինչը «Ադեկվադի» ու մեր հասարակության համար դեռ պարզ չէ: Հուսանք, որ շուտով պարզ կլինի, քանի որ տվյալ ահազանգից առավելագույնը տասն օրվա ընթացքում իրավապահ մարմինը պարտավոր է կայացնել համապատասխան որոշում: Ընդհանրապես անհասկանալի է, թե ի՞նչն է համարվում վախի մթնոլորտի ստեղծում, քանի որ դրա համար ՀՀ քրեական կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պատիժ կամ պատասխանատվություն նախատեսող որևէ հոդված չկա: Անկախ ամեն ինչից, պարզ է արդեն, որ եթե անգամ հիմնավորվի վերոնշյալ ահազանգը, խոսք կարող է լինել միայն ինչ-որ սպառնալիքի, բայց ոչ բռնության քարոզչության մասին:
«Ադեկվադի» հիշյալ անդամներին բաց թողնելուց կարճ ժամանակ հետո, հունիսի 10-ին ոստիկանությունը ձերբակալել կամ ձեռնաշղթաներով բերման է ենթարկել «Ադեկվադ» ՀԿ-ի նախագահ Արթուր Դանիելյանին՝ պատճառաբանությամբ, թե նա սպառնացել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնել Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ, ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի, այդպիսի սպառնալիք կամ կոչ չի եղել, Արթուր Դանիելյանն ասել է, որ եթե իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը չվերականգնեն իրավապահ համակարգի բնականոն գործունեությունը, կարող է ստեղծվել մի իրավիճակ (ինքնադատաստանի և այլն), երբ իրենք ստիպված լինեն կոչ անել քարով ցխել Նիկոլ Փաշինյանի գլուխը: Ոստիկանությունը հետո Դանիելյանին բաց է թողել և հիմա, ինչպես հայտնել է նույն օրը, հանգամանքներն է ճշտում: Սակայն այս դեպքում ևս պարզ է, որ խոսք չի կարող լինել բռնության քարոզչության մասին, քանզի ոստիկանությունից արդեն նշել են Դանիելյանին բերման ենթարկելու պատճառը՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիք:
Ավելի վաղ, մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով կազմակերպված հանրահավաքի ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը ցխելու վերաբերյալ շատ ավելի կոշտ («եթե…»-ով, բայց առանց «կարող է»-ի) հայտարարությամբ էր հանդես եկել Փաշինյանի մտերիմներից կամ աջակիցներից Ջիվան Աբրահամյանը, սակայն այդ կապակցությամբ քրեական գործ չհարուցվեց: Դանիելյանն արդեն հայտարարել է՝ ինքը Փաշինյանի վերաբերյալ նման արտահայտություն է թույլ տվել, քանի որ նախապես իմացել է, որ ոստիկանությունը այդ հայտարարության մեջ որևէ հանցակազմ չի տեսնում:
«Տեսնում ենք, որ, ի տարբերություն Բակո Սահակյանի, Նիկոլ Փաշինյանի գլուխը, ըստ երևույթին, չերվոն ոսկուց է,- տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:- Եվ ազգային հարստություն, որի մասին անգամ հիպոթետիկ, ապագայում որպես ինչ-որ սցենար, ոտնձգություն նկարագրելը ծանրագույն հանցագործություն է, որի համար պետք է մարդկանց ձեռնաշղթաներով այդպես բռնել, տանել ու ահաբեկել…»:
Ըստ նրա, «Ադեկվադ» շարժման նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նպատակ ունենալով լռեցնել և ահաբեկել: Միաժամանակ հասկանում են, որ ոստիկանական համակարգն այս վիճակին հասցնելու պատասխանատուները վերևում են նստած:
«Եթե մեր իրավական համակարգը չի գործում ընդհանրապես, կամ գործում է միայն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով, ուրեմն դա նշանակում է, որ երկրում ստեղծվում է իրավական վակուում,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։- Նման պարագայում չեն կարող լինել արդարություն, արդարադատություն ու նորմալ հասարակական կարգ։ Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ, ըստ էության, կոչ է արվում ու հասկացվում մարդկանց, որ մեր պաշտպանությունը, մեր անվտանգությունը մեր իսկ հոգսն է, մենք պետք է ինքնակազմակերպվենք և իրացնենք ինչպես մեր ինքնապաշտպանությունը, այնպես էլ արդարադատությունը, եթե տեսնում ենք, որ իրավական համակարգը՝ ոստիկանությունից մինչև դատարաններ, պայմանավորված է միայն ու միայն մեկ մարդու քմահաճույքներով»։
Իսկ այս «բեսպրեդելը» «բեսպրեդել» չի՞ ծնելու…
«Դրա ռիսկը, իհարկե կա, ոչ թե «բեսպրեդելը» «բեսպրեդել» է ծնելու, այլ հասարակության ատոմիզացիան (այդ բաժանարարությունը, երբ որ իրար ատող խմբերի է բաժանվում հասարակությունը) անխուսափելիորեն հասնելու է մի կետի, և անխուսափելի են լինելու, եթե այս ընթացքը չկասեցվի, ընդհուպ մինչև քաղաքացիական բախումները՝ ուժի կիրառությամբ, գուցե նաև զենքի կիրառությամբ,- ասաց Տեր-Նակալյանը։- Դրա համար էլ հիմա Նիկոլը փորձում է չարագործների ուրվագծել, որովհետև իր համար էլ է ակնհայտ դարձել, որ, որպես խրտվիլակ, ՀՀԿ-ին ու նախկիններին օգտագործելն իր օգտավետության ռեսուրսն արդեն սպառել է, պետք է նոր բոբո, որ մատով ցույց, տա, ասի՝ այ, տեսեք, այս չարերը կգան, բան կանեն, դրա համար ինձ՝ լուսավորիս, պահեք, ինքն արհեստականորեն թեժացնում է այդ ներհասարակական բաժանարար գծերը…»։
Եթե այդ քաղաքացիական բախումը լինի, դա Հայաստանի ազգային անվտանգության հիմքերին, մեր երկրի պաշտպանունակությանն ուղղված նպատակաուղղված հարված չի՞ լինի։
«Իհարկե, ասեմ ավելին՝ ոչ մի երկիր չի կարող ամուր, կուռ, պաշտպանունակ անվտանգության համակարգ ունենալ, եթե թիկունքում իրար են տալիս,- ասաց «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամը։- Եվ եթե վաղը, մյուս օրը պարզվի, որ Նիկոլն ու իր թիմն այս ամեն ինչն արել են դիտավորությամբ, արդեն այստեղ խոսքը լինելու է նրանց պատասխանատվության ենթարկելու ոչ միայն սահմանադրական կարգի տապալման հոդվածով, այլև պետական դավաճանության, որովհետև եթե գործող իշխանությունը դիտավորությամբ ներհասարակական պառակտումներ է ստեղծում և այդ ատոմիզացիան խրախուսում է, դա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն»։
Ըստ հիշյալ շարժման (այժմ՝ կուսակցության) անդամի, եթե անգամ ազատագրված տարածքները չկորցնենք, ոչ մի բան չկորցնենք, բայց Հայաստանում այժմ ընթացող ներքաղաքական, ներհասարակական զարգացումների պատճառով լինի զոհ, լինի արյուն, դրա պատասխանատուն, այո, ներկայիս իշխանություններն են լինելու, ցանկացած պարագայում իշխանությունը միշտ պատասխանատու է երկրի համար:
«Բայց եթե պարզվի, որ սա ոչ թե միամիտ կամ հիմարությամբ է արվում, այլ չարամիտ դիտավորությամբ, դա արդեն կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմտնի ոչ միայն որպես հայոց պատմության մեծագույն ձախողակ, այլև հայոց պատմության մեծագույն պետական դավաճան»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Անդրադառնանք նաև վարչապետի արտահայտած այն մտքին, թե «թավշյա հեղափոխությունից» հետո մի շարք ուժեր փորձեցին իրենց համար Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, սակայն մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում: Իսկապե՞ս… Իսկ ինչի՞ մասին են վկայում Աբովյանի քաղաքապետի (և ոչ միայն…) ընտրությունները և գնալով անկում արձանագրող վարչապետի վարկանիշը…
Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ վարչապետը սկսել է ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին անօրինական պահանջներ ներկայացնել:
«Եվ նույնիսկ տեղի են ունենում այս առումով կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ, ահա, իրենք պատրաստ են, պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել,- իր խոսքը շարունակելով, ասաց Փաշինյանը:- Եվ այս ասելիքը, հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք՝ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն, և այսպես շարունակ»:
Վերոնշյալ արձանագրումը կատարելուց քիչ հետո ՀՀ վարչապետը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին խնդիր առաջադրեց՝ «Ինչ վերաբերվում է այդ սևազգեստ խմբերին, այդ սևազգեստ խմբերին պետք ա տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել, վառ ծաղիկներով հնարավորինս, բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի», դրանից հետո էլ նույնիսկ հարցրեց. «Պարոն Օսիպյան, պա՞րզ է խնդիրը առաջադրված», «Պարոն Վանեցյան, պա՞րզ է խնդիրը առաջադրված»:
ՀՀ ոստիկանապետին գուցե պետք է կարեկցել, որ ասաց՝ «Այո, պարոն վարչապետ, կկատարենք», թերևս նույն կերպ պետք է վերաբերվել նաև Վանեցյանի առնչությամբ, քանի որ նա նույնպես ասաց՝ «Այո, պարոն վարչապետ, պարզ է, կկատարենք»: Ի՞նչ են կատարելու, սև զգեստներով քաղաքում խմբով շրջելը ոչ հանցանք է, ոչ էլ զանցանք՝ անգամ, եթե դա ուղեկցվում է իշխանությունների հանդեպ որոշակի ընդդիմադիր տրամադրություններ ստեղծելով, ինչը նույնպես հանցանք կամ զանցանք չէ, այլ սահմանադրական հիմնական իրավունքներից և ազատություններից օգտվել, ինչից իր քաղաքական թիմի հետ ժամանակին լայնորեն օգտվել է հենց ինքը՝ Փաշինյանը:
«Լկտի պահվածք» ասվածը խիստ սուբյեկտիվ գնահատման ենթակա է, կամայականության և մարդու իրավունքները, ազատությունները խախտելու պարագայում իրավապահ մարմինների աշխատակիցները այդպիսին կարող են գնահատել ցանկացած քաղաքացու իրենց դուր չեկած ցանկացած արարք, մանավա՛նդ, եթե այդ քաղաքացին ունի ընդդիմադիր հայացքներ և, նամանավա՛նդ, եթե տվյալ պահին հանդես է գալիս իշխանությունների դեմ քարոզչությամբ: ՀՀ քրեական օրենսգրքում կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լկտի պահվածքի համար պատիժ կամ պատասխանատվություն նախատեսող հոդված չկա, վարչապետին կարելի էր հասկանալ, եթե նա տվյալ համատեքստում խոսեր խուլիգանությանը, հասարակական կարգի, անդորրի խախտմանը հակազդելու անհրաժեշտության մասին:
Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծելուն պատրաստ լինելու կամ պատրաստվելու միտքն արտահայտելը, դեռ բռնության կոչ կամ քարոզչություն չէ, և կարելի՞ է դա համարել հանցանք, եթե «բռնությամբ» ասելով կամ այդ միտքն արտահայտելով, ինչ-որ անձինք նկատի ունեն ոչ թե ահաբեկչությունը, այս կամ այն աստիճանի մարմնական վնասվածք հասցնելը, այլ խաչմերուկների, փողոցների, պետական հաստատությունների շրջափակումը, ինչն անցյալ տարի իր քաղաքական թիմի հետ արեց Փաշինյանը: Եթե կարելի է, ապա Փաշինյանը նույնպես իր ասածների և արածի համար պետք է պատասխան տա, անշուշտ, եթե ՀՀ-ում չեն գործում երկակի ստանդարտներ:
Ի վերջո, ոստիկանության, ԱԱԾ-ի աշխատակիցներն ինչպե՞ս են «սև շորերի» հարցը լուծելու, մերկացնելու՞ են այն կրող քաղաքական ընդդիմադիրներին, ու՞մ հաշվին են «ծաղկավոր բաբչկա» կապելու՞ և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհելու Փաշինյանի նշած անձանց, «ծաղկավոր բաբչկաների» ու հնարավորինս վառ ծաղիկների ձեռքբերման համար արդեն մրցույթ հայտարարե՞լ են… Ի՞նչ է՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների խնդի՞րն է «ծաղկավոր բաբչկա» կապելը, նրանք թատրոնի հանդերձարա՞ր են, նրանց խնդի՞րն է հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհելը, Կարաբալա՞ն են, և եթե այս ամենը բառացի չհասկանալ, ինչպե՞ս հասկանալ ու համադրել մարդու իրավունքների նկատմամբ տարրական հարգանքի հետ: Զավեշտական կորակեի այս ամենը, եթե չափազանց տխուր չլիներ, իսկ ինչ վերաբերում է բռնության քարոզչությանը, դա արդեն մեկ այլ հրապարակման նյութ է:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ