ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դվինում արևն ավելի ջերմ է

Դվինում արևն ավելի ջերմ  է
11.06.2019 | 01:15

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱՅՈՒՄ Է

Արարատի մարզի Դվին համայնքի մասին պատմելիս գյուղի բնակիչները հպարտությամբ նշում են, որ այն եղել է պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից մեկը, Մեծ Հայքի Արարատ աշխարհի Ոստան գավառի մարգարիտը:
Պատմությունը վկայում է, որ 330-338 թթ. Մեծ Հայքի թագավոր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակի գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը եղել է Դվին քաղաքի հիմնադրումը (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու պատճառով ջրերը դուրս էին եկել հունից և մայրաքաղաքի շուրջը ստեղծել էին ճահիճներ։ Պատմիչ Մովսես Խորենացու վկայությամբ՝ անգամ օդը դարձել էր վատառողջ։ Հաշվի առնելով ստեղծված վիճակը արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում են անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թ. դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թ. բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնում է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածում մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատում է քրիստոնեությունը։ Այնուհետև հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորում են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցում են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։


Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։ Ըստ արաբ մատենագիրների, Դվինի բնակիչները խոսել են հայերեն:
Երբեմնի հզոր մայրաքաղաքը բազմիցս ենթարկվել է հարձակումների: Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքներից հետո (1225), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարական արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր: Սակայն Դվին բնակավայրը դարձյալ նոր շունչ ստացավ, երբ 1831 թ. վերաբնակեցվեց Պարսկաստանի Խոյ նահանգից գաղթած հայ ընտանիքներով: Սկզբում այն կոչվել է Դյուգյուն Հայ, Դյուկուն Հայ, Դվին Դյուկյուն, Դվին Հայի, Դվին Ներքին, Դվին է վերանվանվել 1950 թվականին։ Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

ԴՎԻՆԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
Այսօր Դվինն ապրում է համեստ կյանքով: Գյուղ մտնող ճանապարհի ողջ երկայնքով ձգվող գերազանց խնամված խաղողի այգիները, մրգատու ծառերով տնամերձերը, տների դիմաց վարդերով պարսպապատված բակերը վկայում են բնակիչների աշխատասիրության մասին:
2002 թվականից Դվինի համայնքապետի լիազորությունները ստանձած ԱՐԾՐՈՒՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ հանդիպեցի գյուղապետարանի վերանորոգված շենքում: Աշնանը սպասվում է համայնքների խոշորացում, արդյունքում մի քանի գյուղեր կմիավորվեն Վերին Արտաշատ համայնքի շուրջը: Սակայն գյուղերի բնակիչները դեմ են խոշորացմանը, նրանց կարծիքով, եթե մինչ հիմա գյուղի բազմաթիվ խնդիրներ լուծում չեն ստացել, խոշորացման դեպքում առավել ևս չեն լուծվի: Դվինը աղքատ համայնքներից չէ, որոշ փողոցներում ընթացող շինարարությունից երևում է, որ արտագնա աշխատանքից տղամարդկանց ուղարկած գումարները բավարարում են ընտանիքի ապրուստի, շինարարական որոշ աշխատանքների և հողամասի մշակման համար, թեև մեծ հաշվով հոգսերը կանանց ուսերին են:
Բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Ինչպես Արարատյան դաշտավայրի բազմաթիվ գյուղերում, Դվինում նույնպես ամենաշուտ հասնող միրգը ծիրանն է: Համայնքապետի խոսքով՝ անձրևի աննախադեպ տեղումների պատճառով այս տարի ծիրանի բերքը սակավ է, մինչդեռ սովորաբար սեզոնին ունեցել են 1500 տոննա բերք: Մրգի հիմնական մթերողները եղել են «Սպայկա»-ն և գյուղի հատուկենտ անհատ ձեռներեցներ, որոնք ծիրանից բացի մթերում են դեղձ, կեռաս, ելակ, խաղող, բանջարեղեն: Բերքի հիմնական գնորդը Արտաշատի պահածոների գործարանն է՝ «Արտֆուդ»-ը, որը ծիրանը մթերում է 40-50 դրամով: Արծրուն Աբրահամյանի փոխանցմամբ՝ առհասարակ Արարատյան դաշտավայրի միրգը համեղ է, սակայն Դվինի ծիրանն ամենահամեղն է, քանի որ հողը կավոտ չէ, իսկ արևն այստեղ ավելի շռայլ է:


Համայնքապետի խոսքով՝ Դվին համայնքի գլխավոր խնդիրներից են մթերումը, դաշտային անբարեկարգ ճանապարհներն ու ոռոգման համակարգի վիճակը: Գառնիի սառնորակ խմելու ջուրը սպառողին բաշխվում է գրաֆիկով, մինչդեռ ոռոգման սեզոնին ջրի սակավությունը գլխացավանք է գյուղացիների համար, քանի որ Ազատի ջրամբարի մակարդակն այդ ընթացքում նվազում է, ցանքատարածությունները նորմալ չեն ոռոգվում, արդյունքում սպասվող բերքի 50 %-ը վնասվում է: Համայնքն ունի 580 հեկտար վարելահող, 8000 հեկտար արոտավայր: Դվինի ազգությամբ եզդի բնակիչների հեռանալուց հետո համայնքում անասնագլխաքանակի կտրուկ նվազում նկատվեց, քանի որ հիմնականում նրանք էին արածեցնում նախիրը: Գյուղն այսօր ունի շուրջ 100 գլուխ խոշոր և 300 գլուխ մանր եղջերավոր անասուն:
Դվին համայնքի բյուջեն կազմում է 60 միլիոն դրամ, որի մի մասը հատկացվում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձի և մանկապարտեզի ընթացիկ ծախսերի համար, տնտեսված միջոցները դարձյալ հատկացվում են համայնքային այլ խնդիրների լուծման համար: Հունիս-հուլիս ամիսներին կառավարության կողմից միջհամայնքային ճանապարհների վերանորոգման համար հատկացված գումարներով կասֆալտապատվի Դվին-Նորաշեն ճանապարհը:
Դվին համայնքի դպրոցում սովորում է 350 աշակերտ, այս տարի դպրոցն ունեցավ 17 շրջանավարտ, մանկապարտեզ է հաճախում է 60 երեխա, թեև տարածքը նախատեսված է մեծ թվով երեխաների համար: 3200 բնակիչ ունեցող համայնքի համար այս թվերը մտահոգիչ են: «Կար ժամանակ, երբ դասերից հետո գյուղը թնդում էր երեխաների աղմուկ-աղաղակից, ամռան արձակուրդների ժամանակ էլ չեմ ասում, իսկ հիմա երբեմն կարոտ ենք մնում այդ աղմուկին, թեև երբ գյուղապետարանի հարակից այգում երբեմն միջոցառում է անցկացվում, գյուղը շնչավորվում է երեխեքի երգ ու ծիծաղից»,- ասում է համայնքապետը:

«ԻՄ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԴԱՍՏԱՆՍ Է ՈՒ ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏ ԳՅՈՒՂԻՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
Գյուղում շրջելիս տներից մեկի բաց դռնից ներս նկատեցի բակում խաղացող երեխաների, միջին տարիքի մի կին նրանց փորձում էր իր շուրջը հավաքել: Պարզվեց նրանց տատն է՝ 52-ամյա ՍՐԲՈՒՀԻ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ, որին դպրոցական տարիներին ամուսինը դպրոցի բակից փախցրել-տարել է ու չի թողել ուսումը շարունակի: Սրբուհու խոսքով՝ իրենց տունը գյուղի ամենահին տունն է և ճանաչվել է որպես հատուկ պահպանվող տարածք: 120 տարեկան տանը ժամանակ առ ժամանակ բնակվել են հայեր և թուրքեր: Տանտիրուհին պատմում է, որ այդ տանը իրենից առաջ ապրել է չորս սերունդ: Ներկայիս տան նկուղը ժամանակին եղել է գինու մառան, որտեղ շարված է եղել երկու տոննանոց քսան կարաս, երբ թուրքերը գյուղ են մտել, Բագրատ անունով գինեգործ տանտերը գինին տեղափոխել է այծի տիկերի մեջ, իսկ մառանը լցրել ջրով: Համարելով գյուղի ամենագեղեցիկ տունը՝ թուրքերը մի որոշ ժամանակ ապրել են այդտեղ, հետո հեռացել են: Տանը դարձյալ տիրացել են նախկին գերդաստանի բնակիչները: Նկուղում դեռևս պահպանված էին Սրբուհու սկեսուրի սկեսրոջ որդան կարմիրով ներկած պահարանը, հին ջրամանը, սանդը, սալան: Հնագետներին հետաքրքրել է հատկապես պահարանը, սակայն Սրբուհու տղան չի վաճառել այն, համարելով, որ այն հին տան միակ մասունքն է: Այսօր էլ հին տանը սովորույթի համաձայն հավաքվում են մեծ գերդաստանի հարսն ու աղջիկ, բուրդ են լվանում, ներքնակ ու վերմակ կարում, պահածոներ պատրաստում, կերուխում անում: «Իմ հարստությունը գերդաստանս է, թագավորանիստ գյուղիս պատմությունը: Երբ ամուսնացած աղջիկներս իրենց երեխաների հետ գալիս են, ցեղի հարսով ու աղջիկներով հավաքվում ենք իրար գլխի, բա ո՞նց, իրենց պապենական տունն է, ու հասկանում ես, որ սա է մնայունն ու հիշվողը, որ ավանդական ընտանիքից քաղցր բան չկա, որ ուժն ու զորությունը գալիս է ոչ միայն հողից, այլև ընտանիքից»,-ասում է Սրբուհին:


Տան ընդարձակ այգում Սրբուհին չորս զավակների և ինը թոռների անունով մրգատու ծառեր է տնկել, ելակ է աճեցնում, միաժամանակ Քարակերտ համայնքում բերքահավաքի համար իրենց գյուղից աշխատուժ է տանում, հաճախ ինքն էլ նրանց հետ աշխատում է, խոսք ու զրույցով օրն անց են կացնում: Ցավով է պատմում, որ գյուղից շատերն են մեկնում արտագնա աշխատանքի, նրանց թվում՝ ամուսինն ու որդին, որ գյուղատնտեսական աշխատանքները հիմնականում մնում են կանանց ուսերին: Սրբուհին քաջատեղյակ է գյուղի խնդիրներին, որոնց լուծմանը երբեմն մասնակից է դառնում: Օրինակ, իր քաղցր լեզվով ու եկեղեցու քահանայի օգնությամբ կարողացավ գյուղում հանգանակություն կազմակերպել և հավաքած 120 հազար դրամով գյուղի եկեղեցում տարեցների համար նստարաններ տեղադրել: Նրա ամենօրյա ջանքերով եկեղեցու բակում տնկված վարդերն անգամ ամռան տապին թարմ են մնում, իսկ շրջակայքի մաքրությանը մասնակից է դարձնում նաև գյուղի երեխաներին: Համայնքապետի խորհրդով գյուղում հարգանք ու հեղինակություն վայելող Սրբուհին առաջադրվել է ավագանու անդամի թեկնածու, ընտրվելու դեպքում գիտե անելիքները: Չի բացառում, որ ավագանու ձևական նիստերի ընթացքն ու բովանդակությունը այլ կլինի, որ իր դիտողականության և հետևողականության շնորհիվ շատ հարցերի ընթացք կտրվի: Գյուղապետարանի հետնամասի այգին ցանկապատի բացակայության պատճառով անասունների համար վերածվել է արոտավայրի, մինչդեռ երեխաների համար կարող է ծառայել խաղահրապարակ: Անմխիթար վիճակում է նաև գյուղի գրադարանը, որի դռներն ընթերցողների համար գրեթե միշտ փակ են: Եկեղեցի տանող ճանապարհը վերանորոգման կարիք ունի, հատկապես դժվար է տարեցների համար: «Քանի ուժներս տեղն է, գյուղը կարգի բերենք մեր երեխաների, թոռների համար, լավ օրինակ հանդիսանանք, որ մեզանից հետո գյուղի հարգն իմանան»,- հրաժեշտ տալիս ասաց Սրբուհին:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Սրբուհի Եդիգարյան
  • Արծրուն Աբրահամյան
Դիտվել է՝ 4741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ