Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրված հրաժարականները բացատրում է նոր իշխանությունների կադրային քաղաքականության իսպառ բացակայությամբ։ «Աչքաչափով մարդ են նշանակում այս կամ այն պաշտոնի, եթե, ըստ իրենց, այդ պաշտոնյան իրեն արդարացնում է, մնում է, եթե ոչ, հեռանում է։ Դա կոչվում է փորձի և սխալների տեսություն, որն առնետներն են կիրառում, ոչ թե գիտակից մարդիկ։
Գոյություն ունի համակարգ, որի միջոցով որոշվում է՝ տվյալ մարդը այս կամ այն պաշտոնում ունա՞կ է աշխատելու, թե՞ ոչ։ Ընդ որում, այդ մարդը պետք է աշխատի ոչ թե հանուն երկրի, այլ պետք է աշխատի ոչ իր առողջության հաշվին։ Երկու վարչապետի խորհրդական եմ եղել կադրերի նշանակման գծով, երբ թեկնածու է եղել, ես գնահատել եմ՝ նա ունա՞կ է իր առջև դրված խնդիրները կատարելու իր կարողությունների շնորհիվ, թե՞ դա պետք է անի իր առողջության հաշվին։ Սա է պատճառը, որ մեզ մոտ պաշտոնաթողությունները կլինեն բավականին հաճախ»,- ասում է սոցիոլոգը։ Նա նաև նկատում է, որ վարչապետը խառնվում է իրեն ոչ ենթակա կառույցների գործերին՝ զրկելով նրանց ինքնուրույնությունից ու ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա. «Ժողովրդավարական երկրներում վարչապետը չի կարող հրահանգել նախարարին ինչ-որ բան կատարել։ Ընդհանուր քաղաքականություն կա, և նախարարն այդ սկզբունքներով է ընթանում։ Եթե փորձում է շեղվել, ապա ստիպում են հրաժարական տալ։ Հայաստանում այդպես չէ, վարչապետը փորձում է բոլոր լծակները պահել իր ձեռքում, ինչը ժողովրդավարական համակարգին բնորոշ երևույթ չէ»։
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից սևերի դեմ տարվող պայքարին, պարոն Ադիբեկյանը նշում է, որ պայքար իրականում գոյություն չունի. «Սևերը լռակյաց են, նստած են իրենց տեղերում։ Լավագույն դեպքում գուցե ֆեյսբուքով կամ համացանցային այլ տիրույթներում մի քիչ աղմուկ բարձրացնեն։ Փողոցներում փորձում են սևերին ի հայտ բերել, որպեսզի սպիտակների դերակատարությունը երևա։ Ոնց որ թե այդ մարտավարությունն էլ է տապալվում։ Այնպես որ, բոլորը սպասողական վիճակում են, որպեսզի տեսնեն՝ այս նոր իշխանությունների խոստումների կարևոր, արմատական մասը կիրականացվի՞, թե՞ ոչ։ Եթե չիրականացնեն, տեղի կունենա հերթական իշխանափոխությունը»։
Իսկ իշխանափոխության համար հիմք կա՞, գոյություն ունի՞ այլընտրանքային ուժ։ Այս հարցադրմանը Ահարոն Ադիբեկյանը պատասխանում է. «Երբ ես խոսում եմ առաջատար կուսակցությունների գործիչների հետ, նրանք ասում են, թե դեռ պահպանում են իրենց ընտրազանգվածը, աշխատում են տեղերում, ժամանակը կգա, և իրենք ոտքի կկանգնեն։ Նույնը ասում են ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն։ «Բարգավաճ Հայաստանը» բավականին ամուր կանգնած է, և Աբովյանի քաղաքապետի ընտրությունը դա ցույց տվեց։ Այնպես որ՝ պետք է մի փոքր սպասենք»։
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելով՝ սոցիոլոգը նշում է, որ դրանք բազմաշերտ են, միանշանակ գնահատական տալ անհնար է։ «Հայաստանում մի քանի հարյուր ռուսական ընկերություն է աշխատում։ Մենք Ռուսաստանին ապահովում ենք սննդամթերքով, խմիչքով։ Տեղի ունեցող գործողությունները կապ չունեն բարձր քաղաքականության հետ, դրանք տնտեսական մակարդակի փոխհարաբերություններ են։ Խնդիրը դրանց աճն է, զարգացումը։ Այ, այստեղ կարծես Ռուսաստանը վստահություն չունի, թե Հայաստանը լիարժեքորեն իր ռազմավարական գործընկերն է։ Եվ նույնիսկ այն մեկնաբանները, որոնք հայամետ են եղել, հիմա հակահայկական դիրքերից են խոսում, անվանում են մեզ դավաճան, անշնորհակալ և այլն։ Այս տրամադրությունները Ռուսաստանում տարածված են, և Ադրբեջանը դրանից բավականին օգտվում է»,- նկատում է սոցիոլոգը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ