Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի լրատվական ծառայությունն օվկիանոսների համաշխարհային օրվան ընդառաջ հաղորդել է, որ ամեն տարի 5-ից մինչև 12 մլն տոննա պլաստիկ է հայտնվում օվկիանոսում:
«Օվկիանոսի աղբի 1/3-ը կազմող պլաստիկը սննդի հետ միասին ներթափանցում է կենդանի օրգանիզմների՝ հիմնականում ձկների մարմիններ: Օվկիանոսների էկոհամակարգերի իրավիճակի վրա ազդում են նաև գլոբալ տաքացումներն ու մթնոլորտում ածխաթթու գազի բարձրացումը»,-գրում է korrespondet.net-ն ու հավելում, որ վերջին 5 տասնամյակում մթնոլորտում զգալիորեն ավելացել է ածխաթթու գազի չափաբաժինը, ինչի հիմնական պատճառն անտառահատումներն են:
Աղբյուրը հավելում է նաև, որ օվկիանոսում այդ նյութերի ավելացման պատճառով տառապում են օվկիանոսի բնակիչները: Գիշատիչ ձկնատեսակների 90 %-ը, օրինակ, այլևս չի կարող վերականգնվել: