Այդ առաջին հայացքից է, որ օրվա իշխողը, որը իշխանության է եկել սահմանադրական կարգը խախտելով, առաջ է ընթանում առանց հայեցակարգերի` Հայաստանի արտաքին քաղաքական, համազգային, ներքաղաքական և, որ ամենակարևորն է, Արցախյան խնդիրներում:
Սահմանադրական կարգի խախտման մասին. մեկ տարվա ընթացքում իշխանության գլխին կանգնած մարդը երեք անգամ սահմանադրություն է խախտել.
ա) փողոցում, շանտաժով (իր և իր տերերի կարծիքով` թավշյա, ոչ բռնի, սիրո հեղափոխություն) իշխանության է տիրացել:
բ) Գործադրին տեր կանգնելուց, այդ մասով «պետության» որբ գլուխը խուզելուց հետո, նույնակերպ (տես` ՍԴ որոշումը) նա ցրել է պառլամենտը, ձևավորել օրենսդիր մարմին և սկսել է «խուզել» այն:
գ) Երեկ արդեն «խուզման» էր ենթակվում արդարադատության համակարգը:
Մեկ նպատակով. ամրացնել սեփական իշխանությունը, որը մասամբ կարող էր վտանգի ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի` դրսում գտնվելու պարագայում: Սակայն դա գործընթացի միայն մեկ չնչին մասն է: Խնդիրն ավելի «հեռվից» է գալիս: Հարկավոր էր առիթ` արագացնելու անցումային արդարադատության փաշինյանական, իրականում` սորոսական իդեա-ֆիքսը: Ինչն արդարադատության ոլորտում նոր խաղի կանոններ կձևավորեր, ձևով` բարեփոխչային, իրականում` նոր էլիտա-օլիգարխիա ձևավորելու, վրեժ-վենդետայի գործիքը սեփական ձեռքում պահելու գերնպատակայնությամբ: Ասել է՝ իշխանությանն ամբողջովին, իրական տիրապետելու համար:
Խանգարող համգամանք կար: Արցախյան խնդիրը: Արցախն ինքնին: ՈՒ Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցած նախորդ օրվա միջադեպը բազմաշերտ էր: Նախ` այն բացապարզում էր փաշինյանական վախերը` կռված, հայրենասեր, ուժեղ ցանկացած մարդու հանդեպ: Երկրորդ` գեներալիտետի հանդեպ` թե արցախյան, թե հայաստանյան. բանակում չծառայած մարդու համար հաստատապես ներքին չակրաներում տարիների կուտակված կունդալինը չէր կարող նման երևակումներ չունենալ: Հաջորդ շերտը` Քոչարյանին այցի եկածներին (որքան էլ գեներալ Վիտալի Բալասանյանը պնդի, որ այլ առիթով էր Հայաստանում) ցուցանելու` որտեղ են Հայստանում ձմեռում խեցգետինները, բայց… քանի որ հայն Աստված ունի, տապալվեց իշխողի այս մի «խուզում»-խուզարկումը, նշանային համակարգի վերածվելով նրան ապագայում սպասող մեծ ֆիասկոյում:
Շարունակենք ղարաբաղյան «սագան», այս ամբողջ թնջուկը` դատարանների դռները փակել… մի պահ էլ ձգենք պաուզան` արձանագրելու. աշխարհում հաստատապես չի գտնվի երկիր, ուր մարդն արդեն մեկ տարի է իշխանության է, բոլոր լծակներն ունի, սակայն վերջին ընդդիմադիրի նման գնում է փակելու դատարանների դռները` տապալելով ոչ միայն սահմանադրական կարգը, այլև քամուն տալով հեղինակության վերջին փշուրները` միջազգային հանրության, արտաքին աշխարհի բաց աչքի առջև:
ՈՒ սա էլ դեռ կարևորը չէ. նույն այն ժամին, երբ երկրի «հզոր» տերը և իր թիմակիցները պետք է փակեին արդարադատության դռները, դեֆակտո կաթվածահար անելով ոչ միայն արդարադատության համակարգը, այլև երկիրը, պետությունն ինքնին, նույն ժամին Ադրբեջանը սկսելու էր շատ մեծ զորավարժություններ, թվով երկրորդը մի քանի օրերի ընթացքում:
Շարունակենք իշխողի կոնցեպտուալ մոտեցումների մասին մեր պատումը: Իրականում նա բոլոր ոլորտների համար էլ ունի կոնցեպտներ: Լու՛րջ կոնցեպտներ. արտաքին հայեցակարգում նա հուժկու քայլով քանդեց ՀԱՊԿ-ը (փաստացի կառույց, որը պետք է հակակշռի ՆԱՏՕ-ին. սիրատածումները մայր-Ռուսաստանի նկատմամբ իմպրովիզ են), Եվրոպան նրան թաքցնում է Պորոշենկոյի հետևում, ԱՄՆ-ը սպասում` բոլթոնյան թեզերի իրականացմանը:
Հոգևոր, կրթական ոլորտի նրա «խուզումները» գիտենք: Տնտեսականը բոլորն զգում են իրենց սառնարանների մեջ: Բարոյա-հոգեբանականի մասին ավելորդ է խոսել:
ՈՒ այս բոլորը եփվում է առաջին հերթին մեկ նպատակով: Ստեղծված կոնցեպտուալ քաոսը ծառայեցնել հեղափոխության իրական նպատակներին, այնքան խառնել հայոց գլուխն ու հոգին, որ վերջինս կորցնի դիմակայության ոգին, հարցերի լուծումները դրանով «հեշտացնել»: Հեշտացնելով, այն է` խուզելով հայոց պետականության գլուխը կասկադային քայլերով, լուծելով մնացյալ «կարևոր» խնդիրները:
Հերթն արդարադատության համակարգինն է: Կդիմանա՞ երկիրը:
Այո՛:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ