Ազգային Ժողովի նիստը սկսվեց՝ մեկ րոպե լռությամբ հարգելով 30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի հայաբնակ բնակավայրերում ադրբեջանական իշխանության ոճրագործության զոհերի հիշատակը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ 30 տարի առաջ Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում, պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով դաժանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր: «Ադրբեջանական իշխանությունների զանգվածային ջարդերի նպատակն էր հայերին վախեցնել նոր ցեղասպանությամբ և ստիպել հրաժարվել ազգային ազատագրական շարժումից:
30 տարի առաջ հայերի հանդեպ ադրբեջանական իշխանությունների ոճրագործությունը, ցավոք, մինչ այժմ միջազգային հարթակներում չի արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի: Դատապարտման բացակայությունն էլ խրախուսեց իշխանություններին էթնիկ զտումներ և ջարդեր իրականացնել նաև Կիրովաբադում, Մարաղայում, Բաքվում և Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում»,- ասաց նա: