ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մտքի ու կացնի տարբերությունը

Մտքի ու կացնի տարբերությունը
19.02.2018 | 00:25

Երեկ Մյունխենում ավարտվեց անվտանգության հարցերով 54-րդ համաժողովը, որտեղ ելույթ ունեցավ ու հարցերին պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթն էլ, հարցուպատասխանն էլ լուսաբանվեցին լրատվամիջոցներով: Ներկայացվածը 4 հարց էր, որոնցից միայն մեկը ադրբեջանցի դիվանագետինն էր, երեքը «Եվրասիա խմբի» հիմնադիր և նախագահ, Time ամսագրի քաղաքական մեկնաբան Յան Բրեմերինը։ Բնականաբար` բոլորն ուշադրությունը կենտրոնացրին հարցերի պատասխանների վրա, բայց շատ բնորոշ են և հարցերը` հասկանալու համար Հայաստանին առնչվող ի՞նչն է այսօր հետաքրքրում միջին վիճակագրական եվրոպացուն, որ նաև քաղաքական մեկնաբան է: Իհարկե` հարցերը հետևել են ՀՀ նախագահի ելույթին և տրամաբանական է, որ պետք է բխեին ելույթից, բայց, այնուամենայնիվ, նույնքան բնութագրական է, թե այդքան ու այդպես ասվածից ի՞նչն է եվրոպացին ուզում հավելյալ պարզել: Յան Բրեմերի առաջին հարցն էր` «Պարոն նախագահ, թույլ տվեք Ձեզ հարցնել` մի կողմից դուք, այսպես ասած, այսօրվա «ֆիլմի» գլխավոր դրական հերոսն եք այս կազմում, բոլորը ձեզ են մատնացույց անում որպես օրինակելի, բայց, իհարկե, դեռ 2013-ին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը և նոր գործընկերություն էր ստեղծել: Զղջացե՞լ էիք, թե՞ Ռուսաստանի ճնշումն էր, թե՞ կյանքն էր փոխվել: Սա՞ է արդյոք նոր մոդելը, նոր օրինակը»: Հարց, որ նաև ելույթ ու գնահատական է պարունակում: Փաստորեն` եվրոպացին ՀՀ նախագահին ընդունում է դրական, օրինակելի հերոս, բայց հարցեր ունի` ինչու՞ հերոսը 2013-ին «չհերոսացավ» և ինչու՞ վերադարձավ Եվրոպա: Փաստացի` եվրոպացիները, որ դեռ պիտի վավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, իրենց համար ամբողջության մեջ չեն պարզել Հայաստանի «զորաշարժը» և սա խնդիր է, որ պետք է լինի ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում, խորհրդարանական դիվանագիտության առանցքում: Հայաստանը տիրաժավորեց ՀՀ նախագահի պատասխանները, բայց արտացոլվեցի՞ն այդ պատասխանները եվրոպական մամուլում: Սա ևս խնդիր է, որ պետք է լինի ԵՄ երկրներում ՀՀ դեսպանների ուշադրության առարկա ու միջոցներ գտնվեն հայ քաղաքական գործիչների ու լրագրողների հոդվածները արտասահմանյան ԶԼՄ-ներում հրապարակելու համար:


Պետք չէ կարծել, որ շարքային եվրոպացիներին դա չի հետաքրքրում, նրանք խորապես անտարբեր ու անհաղորդ են Հայաստանին ու հայերին: Միշտ էլ հնարավոր է գտնել ձևեր ու տարբերակներ` փոխանցելու անհրաժեշտ տեղեկատվությունը նույնիսկ նրան, ով քեզնով չի հետաքրքրվում: Չի հետաքրքրվում, որովհետև չգիտի, որ դու կաս, իսկ դու ասա, որ կաս ու հետաքրքիր ես իրենից ոչ պակաս:
Յան Բրեմերի երկրորդ հարցն էր` «2018 թվականն է, մենք գիտենք՝ որոնք են մարտահրավերները: Եթե մենք վերադառնալու լինեինք այստեղ մեկ կամ երկու տարուց ու հանկարծ պարզեինք, որ բանախոսների այս նույն կազմը շատ ավելի դրական է գնահատում Ռուսաստանի և Եվրոպայի ու վերջիններիս արանքում գտնվող երկրների միջև հարաբերությունները, ուրեմն ի՞նչ պետք է կամ կարող է տեղի ունենալ, որը մեզ թույլ կտար, որպեսզի ավելի լավ արդյունք ստանայինք այս կազմի քննարկումից»:

Սա տիպիկ եվրոպական մտածողություն է` մենք հետ չենք նայում, մենք նայում ենք առաջ և մենք ծրագրում ենք մեր ապագան: Մտածողություն, որին մենք չենք էլ մոտենում: Մեր ամեն ինչը կապված է անցյալի, ծայրահեղ դեպքում` ներկայի հետ: Մինչդեռ անցյալի դասերը օգտագործել ու ներկան փոխել հնարավոր է միայն ապագան ծրագրելով: Եվ սա այն զենքն է, որ մենք պետք է օգտագործենք ամբողջ հզորությամբ ու կատարելագործելով: Մենք պիտի եվրոպական տեղեկատվական տարածքը լցնենք ոչ միայն քաղաքական խնդիրներով, այլև` Հայաստանի ու հայերի պատմություններով: Սովորական, մարդկային ճակատագրերի: Ցանկությունների: Երազանքների: Ապագայի պատկերացումների: Եվրոպացին պիտի իր փորձով համոզվի, որ Հայաստանն ու հայը իր քաղաքակրթության մասն են, ոչ թե հեռու ու էկզոտիկ երևույթ, որ ժամանակ առ ժամանակ իրենց օրակարգ է մտնում ցեղասպանության ու Ղարաբաղի հարցով: Մենք պետություն ու ժողովուրդ ենք, որ ոչ միայն 1915-ին ցեղասպանվել ու 1988-ին Արցախի հարց ենք բարձրացրել, այլև ապրում ենք սովորական ու հետաքրքիր կյանքով, որտեղ հարյուրավոր այլ խնդիրներ կան: Ընդհանուր խնդիրներ:
Յան Բրեմերի երրորդ հարցը, ավելի ճիշտ` երկրորդ հարցի ճշտող ենթահարցը` «Ռուսներն ու թուրքերն այժմ նորից սկսել են սիրել միմյանց: Եվ ուրեմն` դուք ավելի շատ հնարավորություններ ունե՞ք», ուղղակի պարտադրում է ընդունել, որ եվրոպացիների համար Հայաստանը եղել, մնում ու դեռ երկար լինելու է մի պետություն, որ կախում ունի հարևաններից ու գերտերությունների իրար սիրել-չսիրելուց: Այո, բոլոր պետությունները կախում ունեն իրենց հարևանների հետ հարաբերություններից ու գերտերությունների հետ փոխհարաբերություններից: Դա չի վիճարկվում: Խնդիրը նրանց սիրո ու ատելության պատմությունից սեփական հնարավորությունները տարանջատելն է:

Ազգային նույնականացումը: Մենք մենք ենք ոչ այն պատճառով, որ կա Թուրքիա ու Ռուսաստան, այլ որովհետև եղել է ու կա Հայաստան, ու Հայաստանը պակաս կարևոր երկիր չէ, քան աշխարհը խառնող Թուրքիան ու նրա հետ պարբերաբար բարեկամացող-թշնամացող Ռուսաստանը:
Եվ վերջապես` Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի ելույթը. «Պարոն նախագահ, ի՞նչ եք կարծում Հարավային Կովկասում մենք հիմա ունենք տարածաշրջանային զարգացման ծրագրեր, և նորմա՞լ է, որ Հայաստանը հիմա դուրս է այս ծրագրերից, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ոլորտի ծրագրերից: Սրանով հանդերձ ուզում եմ մեկ այլ հարցի անդրադառնալ. եթե չլիներ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և եթե Ադրբեջանի տարածքները չլինեին Հայաստանի օկուպացիայի ներքո, եթե չլիներ էթնիկ զտումների քաղաքականություն Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, ապա հավանաբար այսօր Հայաստանը կկարողանար օգուտ քաղել այդ տարածաշրջանային ծրագրերից: Այստեղ ես պետք է նշեմ, որ անձամբ ես ունեմ արմատներ Ղարաբաղից, այո, այդպես է, և Դուք պետք է անպայման հասկանաք, որ առանց հակամարտության լուծման, Հայաստանը չի կարողանա լիարժեք շահակից լինել տարածաշրջանում և չի լինի տարածաշրջանի ծրագրերի մասնակից, բացառությամբ, եթե ադրբեջանցի բնակչությունը վերադառնա Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվելիք տարածքներ: Ե՞րբ է Հայաստանը մտադիր մասնակցելու այդ ծրագրերին, և ե՞րբ ես կվերադառնամ իմ տուն», որ հռետորական հարցաշար էր, որի բոլոր պատասխանները տրված էին ՀՀ նախագահի ելույթում:

ՈՒ բնավ այնպես չէ, որ մենք ոչ մի աշխատանք չունենք անելու շարքային ադրբեջանցու հետ, որ կամա-ակամա ենթարկվում է սեփական էլիտայի քաղաքական նարկոզին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Տեղեկատվությունը հզորագույն զենք է, որ մենք օգտագործում ենք իբրև կացին: Տեղեկատվական պատերազմներում հաղթանակները առավել կարևոր են ռազմի դաշտի հաղթանակներից` երբ պարտվում է միտքը, անխուսափելի է ֆիզիկական պարտությունը: Մեզ պետք է քայլ առաջ անել և տեղեկատվական պատերազմից անցնել տեղեկատվական խաղաղության տարածման տեխնոլոգիաներին: Դա վկայում են ոչ միայն ՀՀ նախագահի Մյունխենում հարց ու պատասխանը, այլև ազգային անվտանգության հայեցակարգի այն էջերը, որ չեն հրապարակվում, բայց ուզում եմ հավատալ, որ գրված են:

Դիտվել է՝ 3448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ