Ֆարել Ուիլիամսի հանրահայտ “Happy” երգի հիման վրա նկարահանված «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը երեկ հրապարակվել է յութուբում: Այն պատրաստել են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հրապարակման պահից ի վեր շուրջ 18 ժամվա մեջ այն ունեցել է ավելի քան 35,000 դիտում:
Տեսահոլովակը պարունակում է 70 էպիզոդ՝ շուրջ 120 մարդու մասնակցությամբ: Իր մասնակցությունն է բերել նաև Արցախի բազմամյա բարեկամ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի Բարոնուհի Քերոլայն Կոքսը՝ պարելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հաշմանդամների և աշխատակիցների հետ միասին:
Դրա հեղինակները նպատակ ունեն ցույց տալու, որ Արցախը ոչ թե հակամարտություն է, այլ զարգացող պետություն՝ իր առօրյա կյանքը վայելող երջանիկ բնակչությամբ: