Հանրապետությունում քիչ չեն դեպքերը, երբ ճանապարհների ձյունը չի հեռացվում, աշխատանքը պատշաճորեն չի կատարվում, որի հետևանքով էլ տեղի են ունենում ավտովթարներ: Արդյունքում` ոչ մեկը ոչ պատժվում է, ոչ էլ վարչական պատասխանատվության է ենթարկվում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` ՃՈ փոխգնդապետ ԱՐՍԵՆ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ուղղված հարցը` «եթե Երևան քաղաքում այդ աշխատանքները պատշաճ չկատարվեն, Ձեր «դուխը» կհերիքի՞ նշված տարածքի ղեկավարին վարչական պատասխանատվության ենթարկել, վերջինս պատասխանեց.
«Ինչ վերաբերվում է դուխին, դուխի հետ առհասարակ խնդիր չունեմ: Իսկ ինչ վերբերվում է ՃՈ լիազորություններին, ունենք կառավարության 14, 19 որոշում, որում նախատեսված է ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից ոչ պատշաճ կերպով ճանապարհների մաքրման, ճանապարհների աղտոտվածության և առհասարակ որևիցե թերությունների դեպքում վարչական պատասխանատվության ենթարկել նման կարգի կազմակերպություններին: Ինչ վերաբերվում է Երևանին, ասեմ, որ Երևանում այդպիսի խնդիր չենք ունեցել և չենք էլ ունենա: Ձյան օրերին մենք 24 ժամ քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին եղանք մայրաքաղաքում, և պատկերացրեք, չի եղել դեպք, որ աշխատանքը կատարված չլինի: Մեր դիտողություններն առաջանում էին այն ժամանակ, երբ ձյունը մաքրելուց հետո տեսնում էինք, որ այն դեռ տեղում է:Ընդհանրապես ձյան կամ մերկասառույցի դեպքում վթարների մեծ տոկոսը լինում է այն ժամանակ, երբ անվադողերը պաշտպանված չեն, ոչ ռեզինային, ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենաները դուրս են գալիս փողոց, ինչը շատ վտանգավոր է»,- ասաց Ա. Արշակյանը:
Իսկ թե սեփական աշխատանքին ինչպիսի գնահատական է տալիս, վերջինս խնդրեց, որ լրագրողները այդ գնահատականը տան,
որպեսզի ավելի զգոն լինի և փորձի ավելի լավ աշխատել:
Թե որտե՞ղ և ինչպե՞ս է անցկացնելու Նոր տարին ՀՀ ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարը, վերջինս պատասխանեց.
«Ես, ըստ սովորության, լինելու եմ Երևան քաղաքի ՃՈ-ի պատասխանատուն, լինելու եմ Հանրապետության հրապարակում, ծառայելու եմ մինչև առավոտյան 8.00-ն: Ես իմ Ամանորն անցկացնելու եմ մայրաքաղաքում, Հանրապետության հրապարակում, և ինձ համար շատ հաճելի է դա: Իմ ծառայողական պատմության մեջ 10-րդ Ամանորն է, որ անցկացնում եմ դրսում: Այդ տարիների ընթացքում ես հինգ անգամ եմ տանը նշել Նոր տարին»:
Երևանը սպասարկող ճանապարհային ոստիկանության գումարտակը բաղկացած է 250 հոգուց: Ամանորին ծառայության է դուրս գալու 170 տեսուչ: Արսեն Արշակյանն ասաց, որ զիջումներ և ներողամտություն չի լինելու ալկոհոլ օգտագործած վարորդների նկատմամբ, և խորհուրդ տվեց տանը օղու փոխարեն կոմպոտ ըմպել:«Հանկարծ ոչ ոքի մտքով չանցնի, որ տոնական օրերին ՃՈ-ն ներողամիտ է լինելու: Չի՛լինելու նման բան: Աշխատեք երթևեկության կանոնները չխախտել, ոչ ոք հենց այնպես չի կանգնեցնի այն վարորդներին, ովքեր խախտում չեն արել»,-վստահեցրեց նա:
«Իրատես de facto» հետաքրքվեց` Նոր տարուն խախտումներ կատարած վարորդներին տուգանքի մասով զեղչեր չեն լինելո՞ւ արդյոք (վերջիվերջո նոր տարի է): «Նրանց դրության մեջ մտնելով, մենք ընդամենը կարող ենք տուգանել այդ օրերին,-եղավ պատասխանը:- Իսկ ինչո՞ւ մարդիկ չեն մտնում մե՛ր դրության մեջ: Իրենց դրության մեջ մտնելով թույլ տանք աղետներ տեղի ունենա՞ն: Ես գիտեմ, որ դուք նույնպես ներքուստ ինձ հետ համաձայն եք: Եթե մենք մեկս մյուսի հետ ընկերություն չանենք` ոստիկան և քաղաքացի, մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Մենք էլ ունենք վատ աշխատակիցներ, սխալ աշխատողներ, իսկ ո՞վ ասաց՝ ՃՈ աշխատակիցների մեջ վատ աշխատողներ չկան: Բազմաթիվ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, ենթարկվել կարգապահական պատասխանատվության»:
Շնորհավորելով հայ ժողովրդին ՀՀ ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարը կոչ արեց.
«ՃՈ աշխատակիցնե՛ր, վարորդնե՛ր, քաղաքացինե՛ր, լրագրողնե՛ր, մենք բոլորս ապրում ենք մի քաղաքում և եկեք հարգենք մեկս մյուսին: Վարորդներ, մի՛ խախտեք երթևեկության կանոնները, մենք ձեզ պատժելու, վարչական պատասխանատվության ենթարկելու ցանկություն չունենք: Պարզապես խնդրում եմ, որպեսզի աղետալի հետևանքեր չլինեն, մի՛ գերազանցեք երթևեկության սահմանված արագությունը, մի՛ խախտեք երթևեկության կանոնները: Սրտանց շնորհավորում եմ մեր բնակչությանը: Աստված թող մեզ պահապան լինի, և մեր կյանքում մշտապես կանաչ լույս վառվի»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ