«Մինչ Գառնու ոստիկանության տարածքային բաժանմունքը տեղից կշարժվի, Գառնու տարածքի «Քարերի սիմֆոնիան» կվերածվի Նոր Ջուղայի գերեզմանոցի: Եթե Ջուղայում ադրբեջանցիներն էին ավերում մեր պատմամշակութային հուշարձանները, ապա այստեղ ներքին թշնամին է անցել գործի` հանուն իր անձնական շահերի»,- այսպիսի խոսքերով սկսեցին իրենց ասուլիսը բնապահպան ակտիվիստներ Սամվել Հովհաննիսյանն ու Սարմեն Շահիջանյանը:
Բնապահպանների ուսումնասիրությունները պարզել են, որ Գառնու տարածքում կան մի քանի օլիգարխների առանձնատներ, որոնց կառուցման համար օգտագործված շինանյութ հանդիսացող արտասովոր քարի տեսքը հուշում է դրա` բնության հուշարձանի մաս կազմելու մասին:
Օրեր առաջ բնապահպաններն ականատես են եղել, թե ինչպես որոշ մարդիկ ժայռերից անխնա կոտրում են «Քարերի սիմֆոնիա» անունն ունեցող ժայռաբեկորները: Ս. Հովհաննիսյանի պատմելով, նրանք նախապես մանրացրել, դասավորել և նախապատրաստել էին «շինանյութը» մեքենայով տեղափոխելուն: Այդ պահին, երբ վանդալները նկատել են բնապահպան ակտիվիստներին, անմիջապես դիմել են փախուստի` դեպքի վայրում թողնելով իրենց գործիքներն ու մանրացված քարերի մի մեծ կույտ:
Դեպքի առնչությամբ բնապահպան ակտիվիստները փորձել են պարզաբանումներ ստանալ Գառնու համայնքի ղեկավարից:
«Մենք այն տպավորությունն ունենք, որ Գառնու համայնքի ղեկավարը փորձում է թաքցնել հանցագործությունը կամ պարտակել հենց այդ հանցագործությունը կատարողներին և պատվիրատուներին,- կարծում է Սամվել Հովհաննիսյանը:- Գյուղապետը նախ և առաջ նրա համար է, որ իր գյուղի մասին հոգ տանի: Ինչո՞ւ է նա նշանակված այդ պաշտոնին, եթե տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր համայնքում: Նա կամ գործ չի անում, կամ դիտավորյալ, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, պարտակում է այդ հանցագործությունը»:
Ըստ բնապահպան ակտիվիստների, կատարվող հանցագործության մասին տեղյակ է ամբողջ գյուղը: Ի տարբերություն գյուղապետի, տեղաբնակները ոչ միայն չեն ժխտում, այլև պատմել են, թե ովքեր են քարերի հաշվին տուն կառուցողները: Նրանք անգամ խոստովանել են, որ իրենք քարերը վաճառում են 600 դրամով: Իսկ թե ինչո՞ւ է այս դեպքը անտարբերության մատնվում պետական մարմինների կողմից, անհայտ է:
«Երբ հարցնում ենք` ինչո՞ւ հերթապահ կամ պահակ չեք նշանակում այդ տարածքում, պատճառաբանում են, թե երկրաբանական հուշարձանը բնության տարածքի իր անձնագիրը չունի, սահմանները չգիտենք, դրա համար էլ պահակ չունենք»:
«Բազալտե երգեհոն» սյունաձև քարերը գտնվում են Կոտայքի մարզում, Գառնի գյուղից մոտ 1 կմ հարավ-արևելք, Ազատ գետի կիրճում:
Համաձայն ՀՀ կառավարության 2008 թ. «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» թիվ 967 որոշմամբ հաստատված ցանկի 37-րդ կետի` այն համարվում է երկրաբանական հուշարձան, հատուկ պահպանվող տարածք է, բայց մինչ օրս իր անձնագիրը չունի: Հուշարձանների անձնագրերի կազմման և պահպանման ռեժիմի սահմանման աշխատանքները «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով պարտավոր է կատարել ՀՀ բնապահպանության նախարարությունը, որն էլ լռում է` ցուցաբերելով բացահայտ անտարբերություն:
Հետաքրքիր է` ո՞ւմ հերթական առանձնատունն է կառուցվում հայ ժողովրդի սեփականության` չնաշխարհիկ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» հաշվին: Ո՞վ է հովանավորում և կոծկում տվյալ տարածքում կատարվող հանցագործությունը: Ինչո՞ւ ոստիկանության տարածքային բաժինը քայլեր չի ձեռնարկում կատարվածը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ