Հերթական բարեգործական այցելությամբ Հայաստանում էին գտնվում ամերիկահայ բարերարներ տեր և տիկին ՋԵԿ ու ԻՎԱ ՄԵՁՈՐՅԱՆՆԵՐԸ: Անցած այցի ժամանակ երրորդ տասնամյակը թևակոխած ազնիվ առաքելության համար հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ջեկ Մեձորյանին պարգևատրեց Մովսես Խորենացու շքանշանով: Այս անգամ 85-ամյա տերը և 81-ամյա տիկինն առաջին հերթին ուղևորվեցին հեռավոր Տավուշի մարզի Բերդ քաղաքը, որտեղ դրամական օգնություն տրամադրեցին դպրոցներից մեկին և բուժտեխնիկա` տարածաշրջանի գյուղերից մեկի հիվանդանոցին: Բերդի ժամանակակից «Արևաբերդ» կինոթատրոնի սրճարանում էլ կայացավ մեր զրույցը այս պատկառելի անձանց հետ:
-Ի՞նչ է ձեզ համար բարեգործությունը:
Ջ. Մ.- Հոգեկան մեծ բավարարություն: Հայաստանին օգտակար լինելու զգացումն իմ մեջ դաստիարակել են խարբերդցի ծնողներս, որոնք Ամերիկա էին գաղթել անցյալ դարի սկզբին: 70-ին հայրս եկավ Հայաստան, 72-ին` ես և Իվան: Հայրս Ամերիկայում ակտիվորեն մասնակցում էր հայ բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին և միշտ մեզ ասում էր, որ մեր հայրենիքին օգնելը սուրբ գործ է:
Ի. Մ.- Չունևորի երախտագիտությունը հուզում է ինձ, շոյում մարդկային, ազգային արժանապատվությունս: Ամուսնուս հետ եղել ենք Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր տարածաշրջաններում, շփվել բազում հայրենակիցների հետ, ձգտել ենք հասնել այն բանին, որ մեր աջակցությունը, լինելով կոնկրետ ու նպատակային, թեթևացնի այն դժվարությունները, որոնց մարդիկ բախվում են սուղ հնարավորությունների բերումով:
-Ո՞րն է դժվարինը ձեր աշխատանքում:
Ջ. Մ.- Հանգանակության կազմակերպումը, հատկապես երբ դու մեծահարուստ չես: 1985-ին բուժօգնության ֆոնդ ստեղծեցինք, և գիտե՞ք ինչպես. Իվան, որը հիանալի գիտի բազմաթիվ հայկական ժողովրդական ու հոգևոր երգեր, համերգ տվեց, որից ստացած հասույթը դարձրինք մեր ֆոնդի «հիմնադիր» դրամագլուխը:
-Ի. Մ. Վերջին ժամանակներս մենք նաև բախվում ենք մի տհաճ երևույթի` շատերի մեջ անվստահություն է նկատվում, որ իրենց տրամադրած միջոցները Հայաստանում կարող են փոշիացվել, որ հայաստանյան բյուրոկրատիան լրիվ կամ մասնակիորեն կարող է յուրացնել այդ միջոցները: Եկեք անկեղծ լինենք. կոռուպցիոն պետության «իմիջը», դրա շուրջ տարածված իրական ու կեղծ խոսակցությունները շատ են խանգարում մեր գործին:
-Իսկ ինչո՞ւ եք մեծ տեղ տալիս հենց բուժտեխնիկայի տրամադրմանը:
-Ջ. Մ. Երբ մենք ստեղծեցինք վերոհիշյալ ֆոնդը, մեր մյուս երկու գործընկերները բժիշկներ էին, և նրանց հորդորով էլ նախընտրեցինք տվյալ ուղղությունը:
-Տիկին Իվա, Դուք ստեղծել ու գլխավորում եք հայ կանանց համաշխարհային ընկերությունը: Ո՞րն է այդ հասարակական կազմակերպության գործունեության նպատակը:
Մ. Ի.- Որ հայ կինը հիանալի մայր է, ընտանեսեր, հոգատար, նվիրյալ, գերազանց է: Սակայն եկել են նոր ժամանակներ, և նա պարտավոր է դառնալ նաև հասարակության ակտիվ մաս: Միայն այդպես կարելի է կառուցել անկախ Հայաստան: 91-ին, չեմ մոռանում, երևանյան մի ցուրտ բնակարանում հավաքվեցինք մի խումբ կանայքս և նախանշեցինք մեր անելիքները: ՈՒսումնասիրում ենք հայ կանանց դերը մեր պատմության մեջ, պաշտպանում ենք նրանց իրավունքները, օգնում ծանր կացության մեջ հայտնվածներին և այլն: Մեր կենտրոնատեղին Բոստոնում է, սակայն մասնաճյուղեր ունենք եվրոպական հայաշատ երկրներում և աշխատում ենք տարասփյուռ հայ կանանց հաղորդակից դարձնել Հայաստանի կյանքին: Ծրագրված է եկող տարի հայրենիք գալ տարբեր երկրներից հրավիրված կանանց մեծ պատվիրակությամբ:
-Տարեկան մի քանի անգամ լինելով Հայաստանում, դուք պարտադիր այցելում եք այս կորած-մոլորած` երբեմնի շամշադինյան երկրամասը: Ինչո՞ւ:
Ջ. Մ.- Տարիներ առաջ մեր ընտանիքի վաղեմի բարեկամը` կինոինժեներ, բիզնեսմեն Վիկտոր Հայրապետյանը մեզ հրավիրեց իր փոքր հայրենիքը: Սիրահարվեցինք նրա չքնաղ բնությանը, բայց և ծանր ապրումներ ունեցանք, տեսնելով տեղացիների ծայրահեղ անապահով կյանքը: Օգնության ձեռք մեկնեցինք դպրոցներին, մանկապարտեզներին, հիվանդանոցներին, քոլեջին: Հայաստանի շատ այլ վայրերի համեմատ այս տարածաշրջանը մեծ աջակցության կարիք ունի:
Ի. Մ.- Ես ավելին կասեի: Ամեն անգամ, լինելով այս վայրերում, մենք պարտադիր այցելում ենք սահմանամերձ գյուղերը: Այս անգամ մեզ ուղեկցում էր տեղի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը` ազնվագույն նվիրյալ մի անձնավորություն` հենց այդ սահմանամերձ գյուղերից մեկի ծնունդ: Պատկերը ողբերգական է. գյուղերը գրեթե զրկված են երիտասարդությունից, և արտագաղթը, ավա՜ղ, չի դադարում: Մենք մի անգամ նույնիսկ գնդակոծության տակ ընկանք:
Այս տարածաշրջանը և հատկապես սահմանամերձ գյուղերը պիտի դառնան Հայաստանի ղեկավարության գերհոգածության առարկան: Եթե դատարկվի Ադրբեջանի հետ մոտ երկուհարյուրկիլոմետրանոց սահմանը, ապա ո՞վ պիտի կանգնի հայ զինվորի թիկունքին: Սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ ունեցած զրույցներից զգում ես, որ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցները իրավիճակը չեն փոխում. մարդիկ շարունակում են լքել հայրենի վայրերը: Ինձ ասացին, որ տարբեր մակարդակներով տեղացիները դիմել են երկրի ղեկավարությանը, մասնավորապես առաջարկելով այդ գյուղերի բնակիչներին ազատել բոլոր պետական հարկերից: Ինձ համար էլ անհասկանալի է, թե ինչու դա չի արվում:
Զրուցեց Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ