ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Վիշապների կիրճի հեքիաթները

Վիշապների կիրճի հեքիաթները
14.09.2012 | 12:06

«Արծիվները պիտի վերադառնան մի օր
ու հոշոտեն լեշերն ագռավների,
որ թևերով մթար
երկինքներ են ծածկել
ու ծրտել են վերից
քաղաքների գլխին…»։
Նաիրա ՋՈՒԼՀԱԿՅԱՆ, արդի պոետ

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
(Առավոտ լուսո)


Օգոստոսյան վարդաշող այգաբացին մի ուրվական էր շրջում Կիրճում:
Գլխարկը կանաչ էր, թիկնոցը` սև: Աջ ձեռքում փղոսկրե գավազանն էր, ձախում` Փակ շուկայի վերջին հուշը, մրոտ մի կշեռք: Լուրեր կային, որ Վովա փղի ժանիքից էր գավազանը: ՈՒրվականը Կինոճարտարապետինն էր, ով այդ մրոտ կշեռքով փորձում էր 21-րդ դարի Երևանի բարոյականությունը չափի բերել: Այո՜:

Հանճարեղ զավեշտաֆիլմի սցենարը պատրաստ է, մնում է հովանավոր գտնել: Օլիգարխիան ձեռնպահ է: Բյուրոկրատիան շիտակ է ու շշմելու չափ լավատես: Հանրապետությունը (օլիգարխիայի և բյուրոկրատիայի հիբրիդը) չէ՞ որ պարտքը վաղուց է մարել Կինոճարտարապետի առաջ, Կիրճի գեղատեսիլ բարձունքին կերտելով նրա թանգարանը, երկրի արծաթե այցեքարտերից մեկը:
ՈՒրիշ էլ ինչ: Հարկավ` ոչինչ: Պարզապես փղոսկրյա գավազանն անզոր է քաղաքը պատած ագռավալեշերի սամումի դեմ:
(Թուր Կեծակին պիտի հերկի մայրաքաղաքը, ինչպես զորավոր մի նշտար):
Եվ սևաթիկնոց ուրվականը հեռացավ «Հաղթանակ» կամրջի հաղթական կամարների տակով դեպի Էրգիր, դեպի Մհերի Դուռը:

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԼՊԱՏՈՒՄԸ
(կեսարյան հատում)


«Ձորագյուղ» ազգագրական թաղամաս, թիվ 15/16: Սա ՀՀ մշակույթի նախարարության Փարաջանովի թանգարանի հասցեն է: Թանգարանը ազգագրական թաղամասի զարդն է: Թաղամասի դարդը զարդի ստորոտում է, Կիրճի լանջին: Շենք է կառուցվում, հերթական բաբելոնյան աշտարակը: Կամ գուցե թե հյուրատուն` թոնրատնով հանդերձ: Դե, եթե թաղամասը ազգագրական է, բնականաբար, կիրճում նաև թոնիր պիտի լինի ու թոնրի ծուխ: (Նաև շոգեբաղնիք, ազգամիջյան սեռահարումներ և այլն)։ Բայց դադար տանք: Աչքի առջև շարունակվում է բարձրահարկի շինարարությունը, որ սկսվեց երկու-երեք տարի առաջ: Եվ կանգ առավ: Ըստ պնդումների, շինարարության թույլտվությունը ստացել է Թուրքիայի Հանրապետության ոմն քաղաքացի: Ազգությամբ կարծես թե թուրք է, կամ քուրդ, կամ էլ քրդաթուրք: Սա` թաղամասի հայրենասերների խոսքով: Դժվար չէ գլխի ընկնել, թե ինչն է դրդել քրդաթուրքին Երևանում բռնազավթելու Կիրճը, կառուցելու բազմահարկի մի քանի հարկը, հետո վաճառելու և դառնալու անհայտ բացակայող: Այո՜: Ի դեպ, Կիրճում պիտի շարունակվեին ազգագրական թաղամասի հրաշակերտ շենքերը։ Բայց, դե, դրանցից ինչ օգուտ ոմանց։

Ի՞նչն է այս պատմության մեջ ցնցող` ուշաթափության աստիճանի: Կիրճում կառուցվող բարձրահարկը 7-րդ հարկից դենը ծածկելու է թանգարանը: Ի՞նչ խորհուրդ կա այստեղ: (Իսկ որ խորհուրդ հաստատ կա, կասկած չկա): Գուցե Փարաջանովի կալանատնային անցյալն է տարիներ առաջ հուշել քաղաքամոր ղեկավար այրերին Կիրճը հոշոտման հանձնել և թանգարանի արևը փակել: Կա՞ տրամաբանություն: Հարկավ: Չէ՞ որ Փարաջանովի փոթորկոտ հոգին է թափառում թանգարանի կամարների տակ: ՈՒ նրան հանդարտեցնել է պետք: Տեսադաշտը փակելով: (Փորձված միջոց է, վստահեցնում են գիտակները):

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԴԱՐԴԻՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ


«Հրազդանի կիրճը վառոդի տակառ է, կարող է պայթել ու խարխլել մեր անկախ պետականության հիմքերը: Ինչպե՞ս: Շատ պարզ: 21-րդ դարի Երևանը անկախության մեր փարոսն է: Որ լույս է տալիս անցյալից ապագա: Բայց չէ՞ որ փարոսը պիտի լիցքավորել: Հեղուկ վառելիքով: Իսկ դա փող է: ՈՒ մայրաքաղաքը 3-րդ հանրապետության 2-րդ նախագահի արծվի հայացքով սպառողից փոխվեց արտադրողի: Փող արտադրողի: Հյուսիսային պողոտան վկա: Նաև սնկի աշխույժով գլուխ տնկող բազմահարկերն ամենուր: Սակայն հայ գործարար ջիղը Մոսկվայի և Մեխիկոյի թափն ունի և ինչ-որ Հյուսիսային պողոտա և Հյուսիսային ճառագայթ նրան բավարարել չեն կարող: Հիմա ի՞նչ, թշնամությո՞ւն սերմանել հայոց ընտրանու միջև: Եվ վարի տալ մեր անկախությո՞ւնը: Ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Պատմությունը մեզ անարգանքի սյունին կգամի: Դրա համար հեռու մնանք առճակատումից: (Պատկերացրեք քաղաքացիական պատերազմը Հայաստանում` բավարարված և դեռ անբավարար օլիգարխիկների միջև): Եվ Ծիծեռնակաբերդի լանջերը, Հրազդանի կիրճը, Դալմայի այգիներն ու (Տերը մեզ ընդառաջ) օպերայի տանիքը հանձնենք անբավարարներին: Թող բարձրահարկը կառուցվի, թեկուզ փակելով Փարաջանովի թանգարանի ճակատը: Է, կներեք, կարո՞ղ է Սերգեյը մեզնից նեղանալ: Ո՛չ: Հազար անգամ ոչ:
Հարգանքով` օլիգարխիայի և բյուրոկրատիայի հիբրիդ (ՕԲՀ)»:
Կիրճը եկեք վերանվանենք: «Հրազդանի կիրճի» փոխարեն այն կոչենք «Վիշապների կիրճ»: Եթե շարքային մահկանացու ես, կարող ես «Հաղթանակ» կամրջից քայլել դեպի «Կիևյան» կամուրջ, հետո ավելի վեր: ՈՒ կհամոզվես, որ քաղաքի համար բնությունից շնորհված պարգևը փոխվել է մարդածին աղետի:
Յուրաքանչյուր թուփ ու ծառ, Զանգվի ափի ամեն մի մետր «գրավյալ տարածք» է: Երկիրը, որ ներկայանում է այստեղ քսակատերերի դեմքով, իսկապես հարուստ ու երջանիկ է: Եվ հարստությունն ու երջանկությունը սահմաններ չեն ճանաչում: Եվ պետք է շտկել ամոթալի վրիպումը, Հրազդանի կիրճի հյուսիսային դարպասն ու դեմքն անտերության են մատնվել Վիշապների կողմից: Իսկապես, եթե մայրաքաղաքը վաղուց սակարան է, ապա Սուրբ Սարգիս աթոռանիստ տաճարով, Երևանի կոնյակի գործարանով և «Ձորագյուղ» ազգագրական թաղամասով «երջանկացած» տարածքում պիտի երջանկանալ ու հարստանալ: Կառուցելով բազմահարկեր: Բարի, սա Վիշապների կյանքի գործն է: Այս պարագայում մայրաքաղաքի քաղաքապետարանն ինչո՞ւ է արհեստավարժ ստում, մասնավորապես Փարաջանովի թանգարանի տնօրենի բազմաթիվ հարցապնդումներին տված պատասխաններով, որ այդ չարաբաստիկ բարձրահարկի շինարարությունը քաղաքաշինական խորհրդի կողմից չի հաստատվել։ Չի հաստատվել, բայց կառուցվում է։

Վերջերս բնաշխարհի մասին հիանալի (ATV հեռուստաընկերության նվերն է մեզ) ֆիլմաշարում սարսափազդու մի տեսարանի ականատեսն էի, որ շատ էր հիշեցնում վերաբերմունքը հանդեպ Երևանն ու երևանցիները:
Անշուշտ, այլաբանորեն: ՕԲՀ-ի վարան անվանումով սողունը (կարծես վիշապազգիներից է) հետապնդում էր գոմշացլին: Հետապնդում էր ժամերով, օրերով, շաբաթներով, սողունի նենգությամբ ու կատվազգու համառությամբ: Գոմշացուլը խուսափում էր, երբ կճղակի մի հպումով կարող էր պատառոտել սողունին: Բայց, դե, բնաշխարհի օրենքներն անբեկանելի են, գոմշացուլը խոտ է ճարակում, վարանը` գոմշացլին: Միայն թե սողունի վարքը շատ էր տարբեր կատվազգիների ու շնազգիների վարքից: Վարանը կծեց գոմշացլի ոտքը, ոտքի վերքը թարախակալեց ու շաբաթներ անց գետին տապալեց գոմշացլին: Վիթխարի կենդանին այլևս կերակուր էր սողունների համար:
Այս քրեաբնույթ զավեշտախաղը, անկասկած, համակարգված քաղաքականություն է: Գործընթաց, որ թեկուզ այլաբանորեն, շատ է նման վարանների ապրելակերպին: Քաղաքապետը X տեղակալների, քաղաքաշինական խորհրդի, գլխավոր ճարտարապետի և այլոց մասնակցությամբ վավերացնում է ապօրինությունը: Զորօրինակ, զբոսայգին հանձնվում է պանդոկ կառուցելու, բակը` բարձրահարկի շինարարության համար, քաղաքաշինական լրջագույն խախտումներով: Զավեշտախաղի համաձայն` ապօրինությանը թիկունք կանգնած սեղանապետերը հրահանգում են քսակատեր-գործամոլին իրենց օրոք ոչինչ չձեռնարկել: Կգա հաջորդ քաղաքապետը, խնդրեմ, նրա օրոք էլ գործի անցեք: Եվ անցնում են: Արդյունքում մայրաքաղաքը իսկապես մարդածին աղետների խառնարան է: Գրպանահատային այս գործընթացը սկիզբ, անշուշտ, ունեցել է: Վերջը չի էլ երևում: Վերջում փակուղի է: Վկան Վիշապների կիրճում ընթացող շինարարությունն է:

ԴԱՏԱՐԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ
(վճիռ)


ՈՒ մինչև երբ պիտի այս քրեաբնույթ զավեշտախաղը ծնկի բերի հանրապետությունը, քաղաքն ու քաղաքացուն: ՈՒ մի՞թե մայրաքաղաքի ավագանին, ուր, վստահաբար, գերակշռում են արժանապատիվ այրերն ու տիկնայք, այս ամենին անտեղյակ է կամ էլ կամովին որդեգրել է գրպանում բռունցք ցույց տալու անպատվաբեր, սակայն ապահով գործելակերպը:
Իսկ գործող քաղաքապետին մի բան է մնում` մայրաքաղաքը հարդարելուն զուգընթաց պարբերաբար սայթաքել նախորդների հետքերի վրա: Այո՜:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ