ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր նախկին պնդումները, որ ՈՒկրաինան ինքն է հրահրել պատերազմը՝ ձգտելով անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նա հասկացրել է նաև, որ Ղրիմը համարում է ՈՒկրաինայի համար կորսված։ «Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում»,- շեշտել է Թրամփը։               
 

Մտորումներ Գյումրիի և Փարաքարի «դարակազմիկ» ընտրությունների առիթով

Մտորումներ Գյումրիի և Փարաքարի «դարակազմիկ»  ընտրությունների առիթով
06.04.2025 | 12:39

Տեղական ինքնակառավարման մարմինները ունեն իրենց բաժին դերակատարումը պետական կառավարման մեխանիզմներում և քաղաքական գործընթացներում: Յուրաքանչյուր պետության պետական քաղաքական իրողություններով պայմանավորված այդ դերակատարումը տարբեր աստիճանի ազդեցություններ ունի: Հայաստանում խիստ բևեռացված մոտեցումներ կան: Ոմանք համայնքային ավագանու և համայնքապետերի ընտրությունները համարում են խիստ կարևոր, ոմանք էլ նսեմացնում են դրանց նշանակությունը: Իսկ իրականում ինչպիսին է իրավիճակը մեզ մոտ: Համայնքապետերի իշխանամետ լինելը անհրաժեշտ է մեծամասամբ տեղերում համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների քաղաքական վարքը վերահսկելու, կողմ ընտրազանգվածի քանակը ավելացնելու համար: Եթե մեծ երկրներում, որտեղ հիսունից հարյուր միլիոն մարդ է քվեարկում, նշվածը բարդագույն կամ անհնար իրականանալի գործ է, ապա յոթ-ութ հարյուր հազար ընտրազանգվածի դեպքում դա դառնում է վճռորոշ, որովհետև փոքր պետություններում վարչական ռեսուրսն ու լծակները հետխորհրդային ժամանակաշրջանում միշտ վճռորոշ են եղել: Այստեղից էլ՝ մթնոլորտի շիկացումը և պայարի թեժացումը ՏԻՄ ընտրություններում: Զարգացման ծրագրեր, մանկապարտեզ-դպրոցներ, ճանապարհներ, ասֆալտապատում և նմանատիպ թեմաներով քարոզչական աղմուկը, թեկնածուների ամպագոռգոռ ելույթները հայրենիքը փրկելու մասին, քող են իրականությունը թաքցնելու համար: Միաժամանակ ավելորդ է վաղաժամ ոգևորվել իշխանական ուժի պարտություններով. ուժային, դատական և պատժիչ-վերահսկիչ կառույցներին տիրապետող գործադիր իշխանությունն ունի հազար ու մեկ լծակ և հնարավորություն անհնազանդ համայնքապետին ծնկի բերելու համար: Արդեն մեկ տասնյակից ավելի օրինակներ ունենք: Անբնական է նաև մարզպետ-համայնքապետ հարաբերությունների վիճակը: Մարզպետը, պարզ է, իշխանության նշանակովի պաշտոնյան է, ընդդիմադիր համայնքապետն ընտրված է և ունի առաջնային քվե: Քաղաքական հակառակորդները ձգտում են վարկաբեկել մեկը մյուսին: Կառավարումը վերածվում է անհանդուրժողականության թատրոնի, ձախողումները վերագրում են մեկը մյուսին, խնդիրները չեն լուծվում, հաջողությունների ժամանակ նորից քաշքշուկ է հեղինակային իրավունքի համար: Հայաստանի քաղաքացու նյարդերն էլ քարից չեն: Մարդիկ հիասթափվում են, հոգնում են, հակակրանք ունեն անվերջ փրկիչների, ազգասեր-հայրենասերների այս անբովանդակ մրցավազքից: Այստեղից էլ՝ քաղաքական ապատիան, մերժողականությունն ու ցածր մասնակցությունը ընտրություններին: Երկրի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն ուղղված իրատեսական գործողությունների փոխարեն ականատեսն ենք «Պոզեր և կճղակներ» կուսակցությունների քաղաքական լուրջ մենամարտերի՝ ով ում մարդն է, ում շպիոնն է, փողերը որտեղի՞ց են, թալանածը ինչքա՞ն է լուրջ քաղաքական դիսկուրսով:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5666

Մեկնաբանություններ