Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 29
Ցավ մի՛ ապրիր ոչ մի բանի համար, նույնիսկ գործածդ մեղքերի ու սխալների համար:
Երբ մարդը լեռան բարձունքից դիտում է իր առջև փռված երկրի սքանչելի տեսարանները, ժամանակ չի կորցնում մտահոգվելու նեղությունների ու հոգնությունների, քարքարուտների ու իր գայթումնեերի համար, որ ապրեց վերելքի ընթացքում: Այդպես պետք է լինի նաև քո դեպքում: Ներս շնչիր յուրաքանչյուր օրվա անսպառ օրհնությունները, մոռացիր ամեն ինչ, որ քո հետևում է մնացել:
Մարդը այնպես է կառուցված, որ կարող է կրել միայն քսանչորս ժամվա ծանրությունը, ոչ ավելի: ՈՒղաձիգ է մարդը, բայց երբ իր ուսերին է վերցնում անցած տարիների բեռները` կքում է ծանրությունից: Իսկ երբ իր վրա է առնում նաև գալիք օրերի ծանրությունները այդժամ արդեն կոտրում է իր մեջքը: Ես խոստացել եմ օգնել ձեզ` այսօրվա բեռները կրելու. անցյալը Ես վերցրել եմ ձեր վրայից, իսկ եթե դուք անմտորեն նախընտրում եք` ձեզ վրա վերցնել վերստին անցյալի բեռը և կրել այն, այդժամ, դուք այդպես անելով` իրոք ծաղրում եք Ինձ` ակնկալելով, որ Ես մասնակցեմ ձեր այդ անիմաստ բեռնակրությանը:
Լավ կամ վատ` օրն ավարտվել է: Երբ արթնանաս դարձյալ, քո առջև ունես ապրելու քսանչորս ժամ միայն: Ճամփորդության պատրաստվող մարդիկ իրենց հետ վերցնում են միայն այն բեռները, որոնց կարիքը կա ճամփորդության ընթացքում: Չե՞ս խղճահարվի այն մարդու վրա, երբ տեսնես, որ նա կրում է նաև ահավոր ծանրությունները անցյալ ճամփորդությունների, և դեռ տարիներ առաջ մաշեցրած կոշիկներն ու զգեստները:
Իր մտքի ու հոգու կյանքի մեջ, մարդը հենց այս է, որ անում է առհասարակ: ՈՒրեմն բնավ էլ զարմանալի չէ, որ Իմ խեղճ աշխարհը սրտով հիվանդ է, իսկ հոգով` մաշված: Դուք այդպես չպետք է անեք: