Նախորդ երեք նյութերում ես հիմնականում ուսումնասիրել ու մեկնաբանել եմ Հայաստանի ներքին իրադրությունը։ Բացատրությունը պարզ է. «Իրատեսի ընթերցողները պետք է իմանան ու հասկանան, թե ինչ խորունկ աղբափոս են ընկել մեր երկիրն ու նրա քաղաքացիները։ Գիտակցելով աղտեղությունների բարձր աստիճանը՝ ընթերցողներն ավելի արագ կհասկանան, որ երկիրն ու ազգը բացարձակապես պատրաստ չեն համախմբված պատասխան տալու այն բոլոր սպառնալիքներին ու մարտահրավերներին, որոնք ծառացել են Հայաստանի և Արցախի առջև։ Բայց մոլորակն ու միջազգային կյանքը տեղում կանգնած չեն. նրանք պարտավոր չեն հարմարվելու «ասֆալտային» հեղափոխությանը, որն ասպարեզ է հանել ինչ-որ Նիկոլ Փաշինյան ինչ-որ Հայաստանի Հանրապետությունում։ Աշխարհի համար ո՞վ է նա, ընդամենը մի ժամանակավոր կերպար է, որին մի 4-5 տարի հետո քչերը կհիշեն։ Աշխարհում մինչև այժմ գիտեն և հիշում են կանցլեր Միքայել Լոռիս Մելիքովին կամ էլ ԽՍՀՄ «գորշ կարդինալ» Անաստաս Միկոյանին, բայց հազիվ թե հիշեն արտատարածքային ուժերի խամաճիկ, այսօր վարչապետ անվանվող Փաշինյանին։ Այդպիսին է կյանքը։ Այդ պատճառով պակաս կարևոր չէ իմանալը, թե Հայաստանի համար երբ կավարտվի ծանր շրջանի ու ստոր սադրանքների փաշինյանական «սեզոնը», ինչպես նաև տեղյակ լինելը, թե ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջը։ Այսօրվա պատկերի արմատները թաքնված են ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսի իրադարձությունների ու փաստերի մեջ։
Քանի որ 2019-ի սեպտեմբերը դեռ չի վերջացել, ուսումնասիրողները պարտավոր են իմանալ, թե ինչ էր տեղի ունենում, մինչ Հայաստանն ամառվա տապին խեղդվում էր չհեռացրած աղբից։ Եվ պարտավոր են հաշվի առնել, որ քանի դեռ մենք ամբողջ ազգով «աղտոտում» ենք, աշխարհն անվերադարձ փոխվել է։ Հուլիսն այսպես, թե այնպես լուսաբանել եմ և հույս ունեմ, որ մեր համաքաղաքացիները գոնե ինչ-որ բան հիշում են։ Այդ պատճառով կգրեմ միայն օգոստոսի կարևոր իրադարձությունների մասին։ Խորհրդանշական է, որ իրադրությունն առաջինը փորձեց սրել... Վրաստանը։ Մենք կարծես վարժվել էինք, որ տարածաշրջանում հիմնական սրումները կապված են Իրանի և ԱՄՆ-Իսրայել ագրեսիվ զույգի դիմակայության հետ, բայց ահա Վրաստանը որոշեց, որ իրեն վայել չէ «տերերից» հետ մնալը և իր լուման ներդրեց։ Ինչպես 11 տարի առաջ, Վրաստանը զինված սադրանք ձեռնարկեց ինքնիշխան Հարավային Օսիայի Հանրապետության դեմ։ Այդ միջադեպի մասին շատ է գրվել տարբեր երկրների ԶԼՄ-ներում, երբեմն գրվում է և այժմ, ուստի մանրամասն կանգ չեմ առնի դրա վրա. ցանկացողները կարող են ինքնուրույն գտնել տեղեկույթը և իմանալ, թե ով և ինչում է մեղավոր։ Պարզապես վերլուծենք, թե ում է շահավետ, որ Վրաստանը նորից սպառնա կովկասյան անկախ երկրին, որը Ռուսաստանի հետ կապված է ռազմական համագործակցության պայմանագրով, իսկ վերջին ժամանակներս սկսել է զարգացնել համագործակցությունն Իրանի հետ, ընդ որում, նրա տարածքում էլ, ինչպես Հայաստանում, առկա է (2008-ից) և ակտիվորեն գործում է ռուսական ռազմաբազա։ Հարավային Օսիայի սահմանում Վրաստանի սադրանքը պետք է դիտարկվի այն իրադարձությունների համատեքստում, որոնք տառացիորեն կուտակվում են Հարավային Կովկասում։ Դա համադրելով այն փաստի հետ, որ օգոստոսին երկու ահաբեկիչ փորձում էին Հայաստան մտնել Թուրքիայից, թեև նրանք Հնդկաստանի քաղաքացիներ էին, մենք իրավասու ենք ենթադրելու, որ ապակայունացման արտասահմանյան կենտրոններում միտք է ծագել երկրորդ-երրորդ անգամ «պայթեցնելու» ողջ Այսրկովկասը և ոչ միայն Հարավային Օսիան կամ, օրինակ, Արցախը կամ Հայաստանը։
ՈՒշադրություն դարձնենք, որ ահաբեկիչները փորձում էին Հայաստան մտնել հենց Թուրքիայից, ընդ որում, նրանցից մեկը՝ հենց հայ-վրացական սահմանով։ Միաժամանակ Վրաստանն անհեթեթ հավակնություններ ու պայմաններ է ներկայացնում Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը սադրում է Վրաստանին՝ օկուպացնելով վրացական ուղղափառ Դավիթ Գարեջի տաճարը, և դա նույնպես սահմանամերձ տարածքում։ Ակնհայտորեն երևում է, որ արտատարածաշրջանային ուժերին լարվածություն և անկայունություն են հարկավոր Այսրկովկասի բոլոր սահմաններում։ Եթե վերհիշենք, որ դեռ այս տարվա գարնանն Իրանի նախագահ Ռոհանին զգուշացնում էր աշխարհին, որ ԱՄՆ-ը Սիրիայից ահաբեկիչներին տեղափոխում է ոչ միայն Աֆղանստան, այլև Միջին Ասիա և Կովկաս, ինչը հետո հաստատեց նաև ՌԴ ԱԳՆ-ն, ապա, այդ ամենը համադրելով օգոստոսի բոլոր իրադարձությունների հետ, դժվար չէ տեսնել, որ Կովկասի ժողովուրդների թշնամիների առաջնային նպատակը Այսրկովկասում քաոսային իրադրություն ստեղծելն է։ Հավանաբար նրանք հույս ունեն, որ պայթյունավտանգ իրադրության պայմաններում իրենց ավելի հեշտ կհաջողվի ահաբեկիչներին Մերձավոր Արևելքից Թուրքիայով նետել մեր տարածաշրջան, այնուհետև, բացառված չէ, Ռուսաստան։ Գուցե նաև Իրա՞ն։ Չի կարելի բացառել, որ Վրաստանն էլ կփորձի այս կամ այն ձևով սադրանք իրականացնել Աբխազիայի հետ սահմանին։ Անձամբ ես Վրաստանից Հայաստան ահաբեկչի փորձը համարում եմ Վրաստանի սադրանքը։ Չէ՞ որ ձերբակալված ահաբեկիչը հետախուզվում էր ինտերպոլի կողմից, և հնարավոր չէր, որ Վրաստանի իշխանությունները չիմանային այդ մասին։ Այնուամենայնիվ, նրանք թույլ տվեցին, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչն անարգել կերպով Թուրքիայից անցնի Վրաստան և գնա դեպի վրաց-հայկական սահմանը։ Հետևաբար Վրաստանն աջակցել է ահաբեկչի ինչ-որ պլանին։ ՈՒստի կարևոր է, որ արտատարածաշրջանային հատուկ ծառայությունների կողմից ինչ-որ «մշակումների» թիրախ դարձող երկրները շտապ միավորեն իրենց ջանքերը Այսրկովկասում քայքայիչ ու դիվերսիոն գործողությունները կանխելու համար։ Այն հարցը, թե հատկապես ինչն են փորձում թույլ չտալ արտատարածաշրջանային ուժերը՝ Վրաստանի ձեռքով սադրանքներ հրահրելով նրա բոլոր սահմաններում, բացի վրաց-թուրքական սահմանից, առանձին ուսումնասիրության առարկա է։
Նշեմ, որ եթե հիշենք հաղորդակցության այն դժվարությունները, որոնց բախվեց Հայաստանը 2008 թ. Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ռազմական սադրանքի պատճառով, ապա սպասելի է, որ և՛ Հայաստանը, և՛ ողջ տարածաշրջանը մոտեցել են չափազանց վտանգավոր բնագծի, որը հղի է զանազան ծանր խնդիրներով հաղորդակցության, տնտեսության, առևտրի և այլ ոլորտներում։ Ռուսաստանն ու Հարավային Օսիան շատ արագ արձագանքեցին, և Վրաստանն ստիպված եղավ բանակցությունների մեջ մտնելու Մոսկվայի և Ցխինվալի հետ, որ կարգավորի իրավիճակը։ Որքան ինձ հայտնի է, առայժմ արդյունք չկա. այսինքն, վրացիները դեռ չեն ապամոնտաժել սահմանի մոտի իրենց ռազմական հենակետը։ Սակայն, մյուս կողմից էլ, արդեն կա ուժի ակնհայտ ցուցադրում՝ Հարավային Օսիայի ԶՈՒ և ռուսական ռազմաբազայի զինծառայողների համատեղ հենակետը։ Այսպիսով, վրացական սադրանքը խափանվել է, և իրադրությունը չի զարգացել, մնացել է «սառեցված» վիճակում։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ Հայաստանն իրավունք ունի ձևացնելու, թե իրեն չեն վերաբերում վրաց-օսական սահմանի իրադարձություններն ու իրավիճակը։ Իրադրության սրման շատ ավելի հարավ գտնվող մյուս թևն անհամեմատ շատ «ստորջրյա քարեր» է պարունակում, քան վրաց-օսական սահմանը։ Խոսքը Հյուսիսային Սիրիայի և այնտեղ մեր՝ Հայաստանի դիրքերի մասին է։ Եթե հաշվի առնենք, որ արդեն սեպտեմբերին ռազմադիվանագիտական լուրջ սկանդալ ծագեց այդ շրջանում «անթռիչք գոտի» ստեղծելու Թուրքիայի և ԱՄՆ-ի որոշման պատճառով, բացի այդ, թուրքերն ու ամերիկացիներն սկսեցին համատեղ պարեկություն թուրք-սիրիական սահմանի մի շարք տեղամասերում, ինչից հետո սիրիացի քրդերը հայտարարեցին սիրիական կառավարության հետ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին, ապա կնկատենք, որ Վաշինգտոնի և Անկարայի ջանքերն ուղղված են ճգնաժամը խորացնելուն։
Իսկ եթե ճիշտ են այն աղբյուրները, որոնք պնդում են, թե իբր ԱՄՆ-ը վերջնագրային տոնով պահանջել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, որ մեր մարդասիրական առաքելությունը «հեռանա» հյուսիսային Սիրիայից, ապա Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ մեր թշնամիները երազում են Սիրիայի հայերի եղեռնի մասին։ Որովհետև ոչ թուրքական (Թուրքիայի կողմից չօկուպացված) Կիլիկիայի վերջին մասից հայ բնակչության հեռացման ցանկացած աջակցություն հենց եղեռն է, որը հանգեցնում է հայերի բռնի արտաքսման։ Իհարկե, այդ հակամարդկային գործողությունն ուղղված է ոչ միայն հայերի դեմ. ինչպես 1915-23 թթ., նոր բռնի արտաքսման զոհ կդառնան հյուսիսային Սիրիայի բոլոր ոչ մահմեդականները՝ հույները, ասորիները, արաբ և քուրդ քրիստոնյաները, եզդիները և այլք։ Ճիշտ է, նախարար Տոնոյանն արդեն հասցրել է հերքել նշված լուրը. իբր ամերիկացիները ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա, և ոչ ոք հարց չի բարձրացրել հյուսիսային Սիրիայից Հայաստանի մարդասիրական առաքելության հեռացման մասին։ Որևէ մեկը հավատու՞մ է դրան։ Ես՝ ոչ այնքան, որովհետև հիշում եմ, որ դեռ գարնանը, այն էլ Կառնեգիի հիմնադրամից, մեր իշխանություններին մեղադրեցին Սիրիայում մարդասիրական գործողություններին մասնակցելու համար։
Բայց այստեղ մի հարց է կարևոր. ինչու՞ թուրքերն ու ամերիկացիներն այդքան շտապեցին Սիրիայում, չէ՞ որ մինչև օգոստոս-սեպտեմբեր նրանք բանակցում և ինչ-որ բաներ էին համաձայնեցնում։ Անկարան ու Վաշինգտոնն ակնհայտորեն ինչ-որ բանի էին սպասում, իսկ հասկանալու համար, թե հենց ինչի, պետք է վերադառնանք 2019 թ. հուլիս։ Ես բազմիցս գրել եմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար կարող են լուրջ դժվարություններ ծագել ՌԴ-ի հետ հարաբերություններում, որովհետև, բացի «լոլիկային եղբայրությունից», Ռուսաստանն ուզում է, որ թուրքերը Սիրիայից հանեն և՛ իրենց զորքերը, և՛ Անկարայից օգնություն ստացող ահաբեկչական կազմավորումները։ Բայց այժմ նկատելի է դառնում, որ հունիսի վերջին և հուլիսին Թուրքիային մի այլ «գլխացավ էլ է բռնել», ինչ-որ անհավանական ու անհասկանալի բան է կատարվել իրանա-թուրքական սահմանին։ Ընդ որում, Իրանն առայժմ համբերատար լռում է և Թուրքիայից հստակ պատասխան չի պահանջում։ Նույնիսկ հիմա Թեհրանը լռում է, թեև օգոստոսին Սոչիում առանձին երկկողմ հանդիպում է կայացել ՌԴ նախագահ Պուտինի և Իրանի նախագահ Ռոհանիի միջև։ Ընթերցողներին առաջարկում եմ իրանա-թուրքական սահմանի իրադարձություններին հետևել ինձ հետ։ Ի տարբերություն մեր երկրի շատ փորձագետների, ես գերադասում եմ Իրանում և Իրանի շուրջը կատարվածի մասին իմանալ բացառապես իրանական ԶԼՄ-ների պաշտոնական հաղորդագրություններից։ Հունիսի 24-ին «Fars News» գործակալությունը, հղում անելով ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի «Համզե Սեյեդ ալ Շոհադ» բազայի հրամանատարության հաղորդագրությանը, հայտնեց, որ ԻՀՊԿ-ի հատուկ նշանակության ուժերը «Արևմտյան Ադրբեջան նահանգում, Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, ոչնչացրել են մի 4-հոգանոց ահաբեկչական խմբավորում։ ԻՀՊԿ-ի զինծառայողներին դարանից կատարված հարձակման ընթացքում հաջողվել է սպանել Խալդորանում գործող ահաբեկչական խմբավորման մեկ, վիրավորել երկու և ձերբակալել մեկ անդամի»։
Իսկ հուլիսի 3-ին ԻՀՊԿ-ի «Sepah News» նորությունների ծառայությունը հայտնել է, որ նույն «Համզե Սեյեդ ալ Շոհադ» բազայի հատուկ ջոկատը «Մակուում, Թուրքիայի հետ սահմանին լիովին ոչնչացրել է ահաբեկիչների խումբը»։ Պարզվում է, որ Խալդորանի շրջանում ահաբեկիչների հետ մարտի հաջորդ օրը շարունակվել է զինյալների որոնումը, և ԻՀՊԿ-ի զինծառայողները բախվել են «նույն խմբավորման մի նոր խմբի, որը եկել էր Թուրքիայից» իրենց փախչող զինյալներին Մակուի շրջանում փրկելու համար։ Նշվում է նաև, որ ահաբեկիչների մարմինները զենքով ու հանդերձանքով, գտնվում են ԻՀՊԿ-ի ուժերի ձեռքում։ ԻՀՊԿ-ի ուժերը նաև զգուշացրել են տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս գտնվող ահաբեկչական խմբավորումներին. «Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանն սպառնացող ցանկացած քայլ հանդիպելու է Իրանի անվտանգության ուժերի վճռական ու կործանիչ պատասխանին»։ Խալդորանի և Մակուի մոտ տեղի ունեցած մարտերում զոհվել է նաև ԻՀՊԿ-ի երկու զինծառայող։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ