Այն, որ Ղարաբաղյան ճակատում որոշվում է Մերձավոր Արևելքի ապագա վերադասավորության հարցը, բոլորն են հասկանում: Եվ որ այդպես էլ չհաստատվող հրադադարը առանձնապես չանհանգստացրեց Պոմպեոյին ու մի քանի օր հետո ընտրությունների գնացող Թրամփին (որը, ի դեպ, նաև շնորհավորել էր կողմերին` հրադադարի «հաստատման» համար), ինքնին հասկանալի է, որովհետև Ղարաբաղը լոկացիա և պատուհան է դեպ Իրան` մի կողմից, մյուս կողմից` Ռուսաստանը տարածաշրջանից հանելու «միջանցք»: ՈՒստի Նահանգները, որ Հայաստանում Սորոսով «ընտրեց» հարկավոր իշխանություն` հատկապես այս օրերի համար, անհանգստանալու ոչինչ չունի, եթե չասենք` հակառակը, գործընթացները իր սրտով են, և ամենամեծ շահառուն հենց ինքն է այս մեծ խաղում:
Բանն այն է, որ իր կողմից վերահսկողության տակ առած տարածքներում Ադրբեջանը` Թուրքիայի թաթով, ահաբեկիչների խմբավորումներ է տեղակայում, ինչն ամբողջովին փոխում է ոչ միայն Ղարաբաղի, այլև տարածաշրջանի ողջ «լանդշաֆտը», առաջին հերթին Իրանի մասով: Այս մեծ խաղում ազերա-թուրքական մարդակեր ոհմակը փաթեթով լուծում է մի շարք հարցեր. պանթուրքիստական, Ղարաբաղյան գրավյալ տարածքների մի մասի վերադարձի, Իրանի նկատմամբ ահաբեկչական լոկացիայի, որն ապագայում, երբ ամերիկյան և իսրայելական վարչակազմը կորոշի, որ հասել է Իրանի¬ «ժամը», Թուրքիան կրկին կդարձնի կենտրոնական խաղացող, ապա և` Ղարաբաղյան ռանդևուով Թուրքիան «առևտուր» կարող է անել Ռուսաստանի հետ` Սիրիայում: Ինչը արդեն սկսել է:
ՈՒստի զարմանալ պետք չէ, որ Պոմպեոն ու Թրամփը, ի տարբերություն Պուտինի և Մակրոնի, չեն անհանգստանում հրադադարի համար: Փոքր-ինչ անհանգիստ է Ալիևը, որովհետև հյուծող պատերազմը, որը դաշտավայրից «մտել» է արդեն լեռնային ու անտառային տարածքներ, և հայկական կողմի վերադասավորվելու, վերակազմակերպվելու շնորհիվ «կանգ» է պարտադրում Իսրայելի-Թուրքիայի-ահաբեկիչների հզոր աջակցությունն ունեցող Ադրբեջանին, հնարավոր է շրջադարձային պահեր ունենա, և վերահսկողության տակ գտնվող տարածքները (որոնցից մեկի մասին հիշատակվեց նախորդ օրը), կրկին հայտնվեն հայկական վերահսկողության ներքո:
Ի դեպ, սա իսկապես շատ է վախեցնում Ադրբեջանի Իլհամին, և բացի թրքական խորամանկությունից, որ ներկա գտնվի բոլոր հանդիպումներին, համաձայնի հրադադարի, բանակցային գործընթացներիի հետ, նաև վախն է խոսում նրա մեջ` վերջապես ձեռք բերած որոշակի հաջողությունների համար: ՈՒստի վերջինս առաջ է քաշում իր «ճանապարհային ռոմանտիկ քարտեզը»` Մադրիդյան սկզբունքների աստառով, թե շրջանների հետվերադարձի առաջին փուլն արդեն ավարտվել է, հերթը Լաչինինն ու Քելբաջարինն է: Աբսուրդ: Այնուհանդերձ, պետք է արձանագրենք, որ այո, հայ ժողովրդի թշնամին (ինչպես ժամանակին արձանագրել է ՀՀ նախագահներից մեկը) առաջին հերթին ոչ թե թուրքն ու ադրբեջանցին են, այլ միջազգային հանրությունը, որի լուռ համաձայնության ու գործուն քայլերի պակասի պատճառով է տեղի ունենում այս ամենը` Ստեփանակերտի ծննդատան, հիվանդանոցի, Շուշիի եկեղեցու ռմբակոծում…
Բոլոր դեպքերում հայաստանյան ներքին իրավիճակն էլ լավագույններից չէ: Չենք անդրադառնալու այս խնդրին, պահպանելու ենք ընդդիմադիրներիս կողմից հայտարարված մորատորիումը` արձանագրմամբ, երբեք օրվա իշխողը հոժարակամ հրաժարական չի տա, մանավանդ որ առաքելությամբ է այդ աթոռին «հանգրվանել» (այս մասին շատ ենք խոսել, ու հաղթանակից հետո դեռ ասելիք ունենք): Սակայն կա գերագույն խնդիր. բոլոր դեպքերում, այո, հյուծիչ այս պատերազմը դեռ երկար է շարունակվելու (մինչև «միջազգային» ու տարածաշրջանային ուժերը վերադասավորվեն այս ամենի շուրջ, ԱՄՆ ընտրությունները, որոնք նույնպես երկար են տևելու, ավարտվեն): Բոլոր դեպքերում ընթանում են դիվանագիտական գործընթացներ, բանակցություններ: Մեզ օդի-ջրի նման անհրաժեշտ է կոլեգիալ մարմին, «ուղեղային կենտրոն»` բանակցություններում ամեն դետալը հաշվարկված, մաթեմատիկական ճշգրտությամբ սեղանին դնելու համար (վիճակը մեզ համար իսկապես բարդագույն է): Ավելին` պետք է գտնել մեխանիզմ, ինչու ոչ, իրավական, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմը ներկայացնի ավելի պատրաստված, փորձառու, դիվանագիտական նրբություններին տիրապետող «աքսակալ» (որքան էլ այդ թիմում պնդում են, որ «ճաշը եփողը պետք է ճաշի մասին մտածի». ի դեպ դա անթույլատրելի մոտեցում է):
Ազգ-էթնոսի հասունությունը այդ ժամանակ է դրսևորվում: Չնայած հասկանալի է նաև, որ օրվա իշխողը այլ առաջնահերթություններ ունի:
Իզու՜ր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ