Տաքուկ կաբինետներից հերոսներին քննադատելը բարոյական չէ
11.10.2019 | 01:33
Չգիտեմ՝ միմյանց հետ կիսած հացն ուրանա՞լն է ավելի վատ, թե՞ ճանապարհ անցած մարդու անունը շահարկելը, բայց երկու երևույթի համադրումը հաստատ ինչ-որ բանի մասին է գուժում: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հարցազրույցից հետո հայաստանյան իշխանության «թավշե» գործիչներն ամենատարբեր պիտակներով վիրավորում ու հանդիմանում են վերջինիս: Մի մարդու, որի անցած ռազմական ուղու գոնե 10 տոկոսը եթե անցած լիներ այսօրվա իշխնությունը, ապա ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ: Օրեր առաջ, հաջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, մի խումբ մարդիկ՝ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, հայտարարություն էին տարածել, որում նշել էին նաև, թե գեներալիտետին իրավական ամենատարբեր գործընթացների մեջ ներքաշելը պատվաբեր չէ: Ռազմական ճանապարհ անցած մարդկանց ՀՔԾ, քննչական կոմիտե ու իրավապահ այլ կառույցներ հրավիրելը կարծես օրինաչափություն է դարձել ընդամենը մի քանի կիլոմետր քայլածների համար: Երբ հասարակությանը որևէ թեմայից շեղելու կարիք կա, կարևոր մի դեմքի, ճանապարհ անցած ազգային հերոսի կալանավորում, գործ են հարուցում կամ նրա հասցեին ինչ-որ «անմեղ» հայտարարություն անում և մի կողմ քաշվում: Հենց այնպես չհիշեցի աղուհաց կիսելու մասին:
Այս օրերին Վիտալի Բալասանյանին «նախշել» է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ծնունդով ստեփանակերտցի Գրիգորյանը Բալասանյանի հարցազրույցը խուլիգանություն է որակել, ըստ երևույթին մոռանալով, որ հերոսի հետ մեկ անգամ չէ, որ սեղան է նստել, հաց կիսել: Երևի մոռացել է, որ Արցախի հերոսը բոլորիս համար է կենաց-մահու պայքար մղել, առանց երկմտելու իր կյանքն է վտանգել ու հարկ եղած դեպքում նորից ճակատ է մեկնելու: Ընդամենը քայլելով կառավարական փափուկ աթոռներին բազմածները պետք է հասկանան ու ընդունեն՝ պատերազմի բովով անցածների հետ հաթաթայի լեզվով չի՛ կարելի խոսել: Որքան էլ տաք-տաք կաբինետներից քննադատելն ու մարդու անցած ճանապարհի վրա ստվեր գցելը պարտադրված կամ հաճելի լինի, չծառայած Արմեն Գրիգորյանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը և այլք խղճի առջև պետք է դեմ դիմաց կանգնեն ու հարց տան իրենք իրենց՝ բարոյական իրավունք ունե՞ն քամահրանքով խոսելու գեներալների ու, առհասարակ, սպաների մասին։ Պատասխանը, կարծում եմ, աքսիոմի պես միանշանակ է՝ չունե՛ն:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ