«Ե՛վ-և՛»-ի դարաշրջանը մեզ համար ավարտվում է. արտաքին քաղաքական մարմնավաճառությունը այլևս պահանջարկ չի վայելելու»
10.01.2020 | 00:27
2020-ը մեր տարածաշրջանում բավական լարված սկսվեց, ամեն վայրկյան թեժացող զարգացումները ստիպում են աչալրջորեն հետևել իրադարձություններին ու հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել։ Տարեսկզբին՝ հունվարի 3-ի գիշերը, ԱՄՆ նախագահի հրամանով ամերիկյան օդուժը Իրաքում սպանեց Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիին: ԱՄՆ-Իրան փոխադարձ սպառնալիքներն օր օրի ավելի վտանգավոր են դառնում։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարեց, որ բացառապես խաղաղ միջոցներով իրադրությունը պիտի լիցքաթափել։ «Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,-փոխանցեց արտգործնախարարությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն անգամ սար բարձրացավ ու կողմերին խաղաղություն և կայունություն ցանկացավ՝ ձեռքի հետ էլ իրավիճակը վերլուծողներին համարեց «տնայնագործ գեոպոլիտիկներ» ու իր ոճին հավատարիմ՝ նրանց իրենց «տեղը նստեցրեց»։ Ցավոք, այս ամենից ոչ մեզ սպառնացող վտանգները նվազեցին, ոչ էլ տարածաշրջանում լարվածությունը թուլացավ։ Փոխարենը պարզ դարձավ, որ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից էլ մեր ղեկավարությունը շատ խոցելի է. այդ լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի անունից Սոլեյմանիի սպանության առիթով ԱՄՆ-ին շնորհավորական ուղերձ տարածվեց։ Իսկ եփվող կաթսա հիշեցնող մեր տարածաշրջանում ամեն վայրկյան կարող են այնպիսի զարգացումներ լինել, որոնք մեզ համար ոչ թե վիրտուալ, այլ իրական անվտանգության խնդիրներ ստեղծեն, ինչին դեռ մեծ հարց է, թե որքան է պատրաստ Հայաստանը։ Իրան-ԱՄՆ առճակատման մասին զրուցեցինք «Ադեկվադ» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ։
-ԱՄՆ-ի օդուժի կողմից Իրանի ազդեցիկ գեներալի սպանությունն օր օրի սրում է այդ երկրների հարաբերությունները։ Ձեր դիտարկմամբ, ինչու՞ հենց հիմա ԱՄՆ-ը նման քայլ կատարեց։
-Որքան էլ պարադոքսալ հնչի, շատ կարևոր է հասկանալ, որ նման քայլի է գնացել ոչ թե ԱՄՆ-ը, այլ ԱՄՆ-ի նախագահը: Հիշեցնեմ, որ վերջին ամիսների ընթացքում իրար հետևից, գրեթե անդադար հրաժարականներ են տալիս այդ երկրի առաջին դեմքերը, ներառյալ արտգործնախարարը և պաշտպանության նախարարը: Ավելին, նախագահ Թրամփի նախկին թիմակիցները, թիմը լքելուն պես, սկսում են նրան շատ սուր քննադատել: Հենց այս պահին ընթանում է Թրամփի պաշտոնազրկման գործընթացը, որտեղ, ի դեպ, ցուցմունք տալու ցանկություն է հայտնել վերջերս հրաժարական տված, նախագահի ազգային անվտանգության խորհրդական Բոլթոնը: Ակնհայտ է, որ, կայացած ինստիտուտներ ասելով, առաջին հերթին պետք է հասկանալ հենց ԱՄՆ-ը, որն ունի ամուր ու կենսունակ ինստիտուցիոնալ համակարգ: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ (ինչպես Հայաստանում է) Պենտագոնից, պետդեպից մինչև, ասենք, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, աշխատում են գերպրոֆեսիոնալ կադրեր, որոնք ստիպված են իրենց քայլերը տեղավորել վերևից իջնող հատվածայնության շրջանակներում կամ դուրս գալ համակարգից ու խոսել իրականացվող քաղաքականության դեմ:
Թրամփն ի սկզբանե եղել և շարունակում է լինել ամերիկյան իսթեբլիշմենթի հետ կապ չունեցող քաղաքական գործիչ: Նա, կարելի է ասել, ամերիկյան քաղաքական դաշտի պարտիզան է: Ըստ այդմ, Ձեր հարցին պատասխանելու համար, ես այն պետք է վերաձևակերպեմ՝ ինչու՞ Թրամփը դիմեց նման քայլի:
Այս քայլը, որն անմիջապես դարձավ քննադատության թիրախ ոչ միայն աշխարհով մեկ, այլև ամերիկյան քաղաքական և փորձագիտական բոլոր հոսքերի համար, ըստ էության, մոտեցրել է Թրամփին իր նախընտրական խոստումը կատարելուն: Իսկ Թրամփի հիմնական խոստումներից մեկն այն էր, որ նա դուրս է բերելու ամերիկյան զորքերը Իրաքից և Սիրիայից: Եթե համադրենք գեներալ Սոլեյմանիի սպանությունն այն սադրիչ ուղերձների հետ, որոնք հնչեցին սպանությունից հետո, ակնհայտ է, որ Թրամփի հիմնական նպատակն էր իր դեմ միավորել մերձավորարևելյան հնարավորինս շատ ուժերի, և պետք է ընդունենք, որ դա նրան հաջողվում է: Եթե անհրաժեշտություն լինի, նա, կարծում եմ, մշակութային օբյեկտներ ոչնչացնելու իր հայտնի և առաջին հայացքից անհեթեթ թվացող սպառնալիքն էլ կարող է իրականացնել:
Թրամփը և նրան իշխանության բերած թիմը որոշել են, որ ԱՄՆ-ն այլևս չպիտի ստանձնի աշխարհի ոստիկանի դերը, և նրանք հետևողականորեն մոտենում են այդ նպատակին՝ թե Արևելյան Ասիայում, թե Լատինական Ամերիկայում և թե, ինչպես տեսնում եք, Մերձավոր Արևելքում: Շուտով հերթը կհասնի նաև Եվրոպային... Միացյալ զորախումբ ստեղծելու մասին խոսող Մակրոնը և այլ եվրոպացիներ հենց դրան են պատրաստվում:
-Իրանի խորհրդարանը ԱՄՆ-ի բանակն ու Պենտագոնը ճանաչել է ահաբեկչական կազմակերպչություն։ Ինչի՞ կարող է հանգեցնել նման մոտեցումը։
-Այս դիմադրության արդյունքը մեծապես կախված է ներամերիկյան քաղաքական զարգացումներից: Իրական էսկալացիա կարող է տեղի ունենալ, եթե Թրամփին ընդդիմացող գլոբալիստներին հաջողվի որոշակի հաջողությունների հասնել Վաշինգտոնում, ինչը, ըստ իս, իրատեսական չէ: Հետևաբար պետք է ակնկալել ամերիկյան ուժերի նահանջ Իրաքում և ողջ Մերձավոր Արևելքում, դրանց աստիճանաբար դուրս բերումով: Իրանի խորհրդարանի կողմից ահաբեկչական կառույց ճանաչվելն ավելի շուտ դիվանագիտական քայլ էր, առանձին վերցրած այս փաստը մեծ դեր չի խաղալու զարգացումների մեջ:
-Այս հարցում Հայաստանի իշխանության քաղաքականությունը քննադատողներից էիք նաև Դուք։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր, և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին և մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով: Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ»: Ի՞նչ որակում կտաք այս արձագանքին, և ընդհանրապես այս իրավիճակում ի՞նչ պիտի աներ ու անի Հայաստանի ղեկավարությունը։
-Իմ ինքնասիրությունը վիրավորում են Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեկնաբանելու վերաբերյալ հարցերը: Ես դա կարող եմ ինձ թույլ տալ հեգնանքով լի ֆեյսբուքյան ստատուսներով ու մեկնաբանություններով, հաճախ ոչ ցենզուրային լեքսիկոնով, բայց թույլ տվեք զերծ մնամ «Իրատեսի» էջերում իմպոտենտ-քաղաքական-ջայլամային խոսքեր մեկնաբանելուց:
-Իրան-ԱՄՆ առճակատումը տարածաշրջանում ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել, Հայաստանն ու Արցախն ի՞նչ սպառնալիքների, մարտահրավերների առջև կարող են կանգնել։
-Ես համաձայն չեմ կանխակալ գոյություն ունեցող այն տեսակետին, թե այս ամենն Իրան-ԱՄՆ դիմակայության համատեքստում է տեղի ունենում: Ոչ, սա ընդամենն ամերիկյան արտաքին քաղաքական դոկտրինի փոփոխության արդյունք է: ԱՄՆ-ը դուրս է գալիս բազմաթիվ տարածաշրջաններից և դա, անշուշտ, որոշակի մարտահրավերներ է պարունակում մեզ համար: Մենք այլևս չենք կարողանա ապավինել, այսպես կոչված, կոմպլեմենտարիզմին, երբ բալանսավորում էինք մեր անսկզբունք ու հաճախ անբարո արտաքին քաղաքականությունը Արևելքի ու Արևմուտքի հակադրության վրա: Դա այլևս չի ստացվի, պետք է կառուցել միջազգային հարաբերությունների նոր դոկտրին, որը կհիմնվի երկարաժամկետ շահերի, երկկողմ ընդհանրության և ոչ թե երրորդ կողմի հակադրության վրա: «Ե՛վ-և՛»-ի դարաշրջանը մեզ համար ավարտվում է. արտաքին քաղաքական մարմնավաճառությունը այլևս պահանջարկ չի վայելելու:
Սա իր հետքն է թողնելու հայկական պետությունների տնտեսական, ներքաղաքական և արտաքին քաղաքական դաշտերի վրա: Իհարկե, առաջին հերթին դա զգացվելու է արցախյան կարգավորման բանակցային գործընթացում, և իրականում արդեն զգացվել է: Եթե ապրիլյան պատերազմի ավարտին ՀՀ նախագահը մեկնել էր Գերմանիա, ապա հաջորդ բախման ավարտին մեզ դժվար այնտեղ սպասող լինի:
-Դուք Ձեր ֆեյսբուքյան գրառումներով բավական հանգամանորեն ներկայացրել եք, թե իրականում այս զարգացումներն աշխարհում որ ուժերին են ձեռնտու, ինչ հարաբերությունների հետևանք են։ Այնուհանդերձ, Ձեր կարծիքով, ո՞ր պետությունները կարող են շահած դուրս գալ այս իրավիճակից և ո՞ր ազգերը կկարողանան անկորուստ դիմանալ ժամանակի փորձությանը։
-Աշխարհում տեղի ունեցողը մարդկային տեսակի, հասարակարգերի էվոլյուցիոն հերթական փուլ է: Տեղեկատվական տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են` իրենց հետևում թողնելով քաղաքական և տնտեսական տեխնոլոգիաները: Տեղի ունեցող և դեռ տեղի ունենալիք ճգնաժամերը կոչված են լրացնելու մարդկության քաղաքագիտական և տնտեսական մտքի հետ ընկնելը տեխնոլոգիական մտքից:
Շահած են դուրս գալու այն պետությունները, որոնք հիմա առավելագույնս մոտիկ են կամ կձգտեն մոտենալ տեխնոկրատական և մերիտոկրատական հասարակարգեր ունենալուն, որոնց տնտեսությունները կունենան մեծ պլանային բաղադրիչ: Սնանկանալու են բոլոր նրանք, ովքեր հենվում են ազատ շուկայի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ անախրոնիզմ դարձող գաղափարների վրա: Առանձին կուզենայի շեշտել, որ առաջ են շարժվելու նրանք, ովքեր կկարողանան գիտակցել հոգևորի գերակայությունը նյութականի նկատմամբ:
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ