Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Էլ կլասիկոն մնում է զարդերի զարդը

Էլ կլասիկոն մնում է զարդերի զարդը
08.05.2018 | 02:02

Ֆուտբոլային եվրոպական գերտերությունների առաջնությունների ընթացիկ մրցաշրջանը շատ հետաքրքիր ավարտ է ստանում: Որքան էլ դրանցում բավական արագ հայտնի դարձան չեմպիոնները, նույնքան «ծանրություն» կա մյուս մրցանակակիրների որոշման հարցում, էլ չենք խոսում եվրոպական խաղարկություններին մասնակցելու համար պայքարի մեջ մտածների մասին, ինչը լրացուցիչ հետաքրքրություն է հաղորդում այդ առաջնություններին:

ԻՍՊԱՆԻԱ
«Բարսելոնի» ու «Ռեալի» այս կլասիկոն, մրցաշարային աղյուսակի առումով, առանձնակի հետաքրքրություն չէր ներկայացնում. իր չեմպիոնությունը «Բարսելոնը» վաղօրոք հաստատել է, իսկ «արքայականը» «կռիվ» է տալիս երկրորդ-երրորդ տեղերի համար, եթե նման բնութագրականն այս թիմին առհասարակ սազում է: Սակայն «Բարսելոն»-«Ռեալ» կլասիկոն հենց նրա համար է խաղերի խաղ (ու սա ոչ միայն Իսպանիայի, այլև համայն աշխարհի համար), որ այն վեր է նեղ մրցաշարային հասկացություն լինելուց, ու կապ չունի, թե որ թիմն այդ մրցաշարում որ տեղում է գտնվում:


Փոխանակ ընկնենք նրա հետևից, թե ինչ կար այս խաղում, շատ ավելի հեշտ կլինի հարցին հարցով պատասխանել` իսկ ի՞նչ չկար: Սա փառահեղ կռիվ էր կողմերի երկուական գոլերի արձանագրումով, ինչը նշանակում է, որ մրցակցությունում հաղթող չի եղել, սակայն հաղթող չլինելու փաստը պիտի առանձնացնենք մի շատ արմատական վերապահումով, ու դա այն է, որ ամբողջ մի խաղակես «Ռեալն» ունեցել է թվային գերազանցություն ու չի կարողացել իր այդ առավելությունը հաղթանակի տեսքով նյութականացնել: Ավելին` այդ պայմաններում Մեսին առաջ է մղել իր թիմն ու ամբողջ քսան րոպե է պահանջվել, մինչև Գարետ Բեյլը կարողացել է վերականգնել հանդիպման խաթարված հավասարակշռությունը:


Մայիսի 26-ին ՈՒկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ռեալը» ուժերը չափելու է ««Լիվերպուլի» հետ: Այս եզրափակչի բացառիկության մասին մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք, հետևաբար կրկնելու հարկ չկա, սակայն այս կլասիկոյով «Բարսելոնը» հստակ մեսիջ ուղարկեց «Լիվերպուլին» այդ խաղում ինչն ինչպես անելու վերաբերյալ: Իհարկե, իր զորությամբ անգլիական ակումբը «Բարսելոն» չէ, սակայն նրա գլխին կանգնած է այնպիսի մարզիչ, որը կարող է առանձին վերցրած մեկ խաղի պայմաններում անհնարին արդյունքի էլ հասնել:


Վերադառնալով կատալոնյան հանդիպմանը` ասենք, որ այն «արքայականի» միավորների թիվը հասցրեց 72-ի, ինչն ընդամենը երեքով է պակաս «Աթլետիկոյի» ունեցածից, որը վերցրեց ու սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Էսպանիոլին»` անկախ իր կամքից երկրի փոխչեմպիոնության համար պայքարը դարձնելով ավելի սուր (հիշեցնենք, որ «Ռեալի» ակտիվում պակաս անցկացրած մեկ խաղ կա):


Գործնականում երրորդ տեղի համար պայքարի իր հույսերը կորցրեց «Վալենսիան» (միավորների թիվը` 67)՝ արտագնայում նվազագույն հաշվով զիջելով առաջին վեցյակում հայտնվելու համար համառ կռիվ տվող «Վիլյառեալին» (միավորների թիվը` 59):
Եվրոպական առաջնություններին մասնակցելու հնարավորություն է պահպանում 59 միավորով մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում գտնվող «Բետիսը», որի արտագնա մրցելույթը Բիլբաոյում տեղի «Աթլետիկի» հետ ավարտվել է պարտությամբ` 0:2: Սրա հետ մեկտեղ Լալիգայի յոթերորդ հորիզոնականն է դառնում եվրոպական հեռանկարներ բացող, քանի որ Իսպանիան, ի դեմս «Ռեալի» ու «Աթլետիկոյի», ունի եվրոպական երկու հեղինակավոր խաղարկությունների եզրափակիչների մասնակից: Այնպես որ, եկեք աչքաթող չանենք երկրի առաջնության յոթերորդ հորիզոնականում հայտնված «Խետաֆեի» պարագան: Ի միջի այլոց, այս հորիզոնականի վրա ոչ պակաս լուրջ աչք ունի և «Սևիլիան»: Հարկավ տարօրինակ է, որ այս հեղինակավոր թիմի առնչությամբ նման հորիզոնականն է հիշատակվում որպես երազային, բայց ամեն թիմ էլ ունենում է ձախողված մրցաշրջան:

ԻՏԱԼԻԱ
«Թուրինին» հյուրընկալած «Նապոլին» երկու անգամ առաջ է եղել հաշվի մեջ, սակայն մրցակիցը երկու անգամ էլ կարողացել է վերականգնել հաշվի հավասարությունը` դրանով իսկ տանտերերին զրկելով չեմպիոնական հույսերից, քանզի հավատալ, թե սկուդետեի ավարտին մնացած երկու տուրում 91 միավոր ունեցող «Յուվենտուսը» կձախողվի (տուրում 3:1 հաշվով պարտության է մատնել «Բոլոնիային»` տանելով կամային հաղթանակ), անհավանականության շարքից է, իսկ մնացած երկուսում եթե «Նապոլին» հաղթանակի հասնի էլ, լավագույն դեպքում միավորներով կհասնի «ծեր սինյորային»:
Շարունակում է լարված մնալ երրորդ տեղի համար պայքարը, որին հավակնում է միանգամից երեք թիմ: Արտագնայում «Կալյարիի» նկատմամբ տոնած հաղթանակը (1:0) 73 միավորով իտալական «գայլերի» համար անփոփոխ թողեց երրորդ հորիզոնականը: Միավորների ցավալի կորուստ ունեցավ «Ատալանտային» հյուրընկալած «Լացիոն»` 1:1: Տուրն անհամեմատ շահեկան էր «Ինտերի» համար, որը հյուրընկալվելիս չորս անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «ՈՒդինեզեին»: «Ինտերը» երկու միավորով է զիջում «Լացիոյին», որն իր հերթին նույնքան միավորի հեռավորության վրա է հռոմեական մյուս թիմից:


Սկուդետեի վեցերորդ հորիզոնականում է սեփական հարկի տակ 4:1 հաշվով «Վերոնային» հաղթած «Միլանը», որն ունի 60 միավոր:

ԱՆԳԼԻԱ
Բավականին հետաքրքիր զարգացումներ են պրեմիեր լիգայում: Չեմպիոնությունը վաղօրոք նվաճած «Մանչեստր Սիթին» իր հարկի տակ զրոյական ոչ-ոքի խաղաց «Հադերսֆիլդի» հետ, սակայն եկեք սրա մեջ արտառոց ոչինչ չտեսնենք: Արտառոցը կամ արտառոցները նրանից հետո եկող թիմերի մրցելույթներում էին: Այսպես` փոխչեմպիոնության ակնկալիքները վերջնականապես սպառեց արտագնայում «Վեստ Բրոմվիչին» 0:1 հաշվով զիջած «Տոտենհեմը»:


Նույնպիսի արդյունք արձանագրվեց և «Չելսի»-«Լիվերպուլ» դիմակայությունում, սակայն այստեղ «Լիվերպուլին» հաղթած «Չելսին» անհամեմատ բարձր քաշային կարգի է «Տոտենհեմից», ու այդ պարտությունը տրամաբանության մեջ տեղավորվողներից է, թեպետ «Լիվերպուլի» պարագայում մրցանակային երկրորդ տեղի համար պայքարում այստեղ էլ նույն վիճակն է, ինչը փաստեցինք «Տոտենհեմի» առնչությամբ: Պարզապես 72 միավոր ունեցող «Լիվերպուլի» պարագայում վիճակը բարդանում է նրանով, որ նման կարգի մրցելույթներով այն կարող է թաղել և երրորդ տեղի համար երազանքը, քանի որ նրան հետապնդող «Տոտենհեմը» ընդամենը մեկ միավորով է հետ մրցակցից:


Հետաքրքիր է, որ նույն 1:0 հաշվով է ավարտել հանդիպումը և վերը հիշատակված թիմերի հետ երկրի փոխչեմպիոնության համար պայքարող «Մանչեստր Յունայթեդը», որն արտագնայում զիջել է «Բրայտոնին»: «Յունայթեդն» ունի 77 միավոր:
Շարունակում է վեցերորդ հորիզոնականն իր ձեռքում պահել «Արսենալը»՝ սեփական հարկի տակ 5:0 հաշվով պարտության մատնելով «Բառնլիին» ու միավորների թիվը հասցնելով 60-ի: Մխիթարյանը թիմի կազմում է եղել ողջ խաղի ընթացքում:

ԳԵՐՄԱՆԻԱ
Շարունակում է հաղթական մրցելույթների շարքը Մյունխենի «Բավարիան», թեպետ նա ունի միավորների գերավելցուկ: Նրա հերթական զոհը տանտիրոջ կարգավիճակ ունեցող «Քյոլնն» էր` 1:3:
Բունդեսլիգայի հերթականն առանձնապես նշանակալից եղավ «Շալկեի» համար, որն արտագնայում 2:1 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին» ու տիրացավ արծաթե մեդալներին (վաստակած միավորները` 60), քանզի փոխչեմպիոնության համար պայքարում նրա գլխավոր մրցակիցը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ նույնպիսի հաշվով զիջեց բարձրագույն խմբում մնալու համար ջանքեր գործադրած «Մայնցին»:
Վերջին երեք խաղում նույնքան հաղթանակ տոնած ու լավագույն վեցյակ շռնդալից խուժած «Հոֆենհայմը» բավականին անսպասելիորեն դարձել էր մեդալների համար պայքար մղող ուժ, սակայն երկու անպատասխան գնդակի տարբերությամբ այս վերջին պարտությունը «Շտուտգարդից», կարծես, ի չիք է դարձնում նրա նկրտումները:
«Հոֆենհայմի» օրինակով մեդալային հավակնություններից զրկվեց և արտագնայում «Վերդերի» հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղացած «Բայերը»: Նա էլ ունի 52 միավոր, որը երեքով քիչ է դորտմունդցիների ունեցածից, իսկ առաջնության ավարտին մնացել է ընդամենը մեկ տուր:
Տնային խաղում «Վոլֆսբուրգի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակ տոնած «Լայպցիգը» վերադարձավ վեցերորդ հորիզոնական, ինչն անցած տարի փայլած թիմի համար առանձնապես խոշոր բան չի կարելի համարել: «Լայպցիգն» ունի 50 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում թեժ պայքարը շարունակվում է մրցանակային երկրորդ-երրորդ տեղերի համար միայն, քանի որ «Պարի Սեն Ժերմենն» առաջինը վաղօրոք է իրենով արել ու հիմա ընդամենը ավարտին է գլորում մրցաշրջանը: Մայրաքաղաքցիների վերջին մրցակիցը «Ամիենն» էր` 2:2: Խաղը, թերևս, հիշարժան է նրանով, որ տանտերերը երկու անգամ խոցել են ՊՍԺ-ի դարպասը:
«Պարի Սեն Ժերմենին» հետապնդող երեք թիմերն էլ հաղթական մրցելույթներ են ունեցել: «Լիոնը» 3:0 հաշվով պարտության է մատնել «Տրուային», «Մոնակոն» արտագնայում կոտրել է «Կաննի» դիմադրությունը` 2:1, նույնպիսի հաշվով «Մարսելն» առավելության է հասել «Նիցցայի» նկատմամբ: Առաջնության ավարտից երկու տուր առաջ նրանք համապատասխանաբար ունեն 75, 74, 73 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ