Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Մեր կուրսը

Մեր կուրսը
30.08.2024 | 17:02

Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ ընդունվեցինք լճացման, ճահճացման ու հովանավորչության գագաթնակետ տարում։

Մեր կուրսում առաջին տարին ընդունվածների թվաքանակը մեծ չէր։ Հիմնականում երևանաբնակներ էին, հայտնի մտավորականների, բանասիրական ֆակուլտետի ճանաչված դասախոսների երեխաներ։ Բայց այնպես չէր, որ արժանիներ չէին։ Ընդհակառակը, լավ էլ արժանի էին և երբեք չզգացվեց, որ նրանց ծնողները երևելի այրեր են` անվանի մարդիկ։

Ասացի` բանասիրականի դասախոսների երեխաներ էլ կային. Շարուրյան Լենան, Սուքիասյան Քնարիկը (լեզվաբան Աշոտ Սուքիասյանի դուստրը), Թամրազյան Զորիկը։

Չմոռանամ «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Կարլեն Ազարյանի իմ անվանակից ժպտերես դստերը։

Ինչու՞ եմ նրանց հենց սկզբում հիշատակում։ Ասեմ` որքան էլ չուզենային տարբերվել, չէին կարող։ Մեծամեծ մարդկանց էին տեսել իրենց հյուրընկալ օջախներում` իրենց հանրաճանաչ հայրերի ընկերակցությամբ։

Այս առիթով մի դեպք հիշեցի։

Մի օր անվանի գրող Մկրտիչ Սարգսյանի որդի Դավիթն ու ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի որդի Զորիկն ուշացել էին Մկրտիչ Մկրյանի դասից (երկուսն էլ հրաշալի տղերք են, լավ կուրսընկերներ, լավ մարդիկ)։

Ընկեր Մկրյանը դիտողություն արեց։ Ես էլ «լոռեցիավարի տեղից ելույթ ունեցա».

- Նրանք իրենց օջախներում հյուրընկալված այնպիսի՜ հանրահայտ ու երևելի մարդկանց են տեսել, որ...

Պրոֆեսոր Մկրյանը խոշոր դեմքին հազիվ հարմարեցրած ակնոցի տակից, թե վրայից նայեց ձայնի ուղղությամբ ու ոչինչ չասաց։

Ինձ չտեսավ, արդեն թաքնվել էի նստարանի տակ։

Կուրսի «էլիտային» առնչվող` պրոֆեսոր Մկրտիչ Մկրյանի հետ կապված մի դեպք էլ հիշեցի։

Մի օր սփյուռքահայ գրականության մեր դասախոս Ալբերտ Շարուրյանի գեղեցկուհի դուստրը` Լենան, հերթական անգամ ուշացել էր։ Էլի ակնոցի տակից նայելով` հարցրեց.

- Աղջի՛կ, ինչու՞ ես ուշացել։

Լենան, որ նոր էր նշանվել, իրպես խունջիկ-մունջիկ գալով, թե.

- Լավ չէի զգում ինձ, հիվանդ էի։

ՈՒշադիր նայեց, ոտքից գլուխ չափեց, ու.

- Հիմա որ ես ասեմ` հղի եմ, ո՞վ կհավատա...

Թաքուն փռթկացինք։

Դասամիջոցին Լենան պատմեց, որ նախորդ օրը համալսարանի այգում նշանածի հետ զբոսնելիս տեսել է։

Ախր, շատ խոշորակազմ մարդ էր. կողքին կարծես նիհար, նվազ ճուտիկներ լինեինք։

Այս առիթով մի դեպք էլ հիշեցի։ Բոլորս ընդգծված պատկառանքով էինք վերաբերում ակադեմիկոս Հրանտ Թամրազյանին։ Միջնեկ որդին` Զորիկն էլ։ Իր ներկայությամբ ամաչում էր անգամ սիգարետ ծխել։ Մի օր լսարանի մոտ կանգնած` ընկեր Թամրազյանին էինք սպասում. Եղիշե Չարենց էր «կարդում»։ Սիրում էր մինչ դասախոսությունը` լսարանի մուտքի մոտ, կուրսի տղաների հետ մի քանի բառ փոխանակել։ Զորոն չհասցրեց վառած սիգարետը թաքցնել... մի կերպ կուլ տվեց։ Տևական ժամանակ չէր կարողանում խոսել. լեզուն վառվել էր։

«Փափկասուն օրիորդները»` Քնարիկը, Լենան, իհարկե, շփվում էին, սակայն այդպես էլ լիարժեքորեն չմերվեցին կուրսին։

Ես երևի այն քչերից էի, որ լոռեցիավարի` բոլորի հետ հավասարը հավասարին շփվում էի։ Հլա ու մեկնումեկը փորձեր իրեն երևակայել, թեև ընդգծված այդպիսի իրավիճակներ երբևէ չեղան։ Չեմ տեսել։

Մեր կուրսում շատ էին Հայաստանի շրջաններից երկրորդ տարին ընդունվածները` առաջին տարին չնչին, աննշան միավորներ չբավարարելու պատճառով մրցույթից դուրս մնացածները (ես` նրանց թվում)։ Սփյուռքահայեր էլ կային։

Արցախից էլ համակուրսեցիներ ունեինք։

Կարելի է ասել, որ կուրսը լիարժեքորեն ընդգրկում էր հայերենի համուհոտով բարբառների ամբողջական քարտեզի տերերին։

Պիտի առանձնացնեմ Արցախի մեր հրաշալի կուրսընկերներին` Նարիմանյան Կարոյին, ում հետ «միկրոխմբով» օրումեջ լուսանկարվում էինք (մեր խմբից էր), Խաչատրյան Սվետլանային, Այվազյան Իննային։ Իննայի` «Արցախի հորովել»-ի հոգեզմայլ մեղեդին մինչ օրս ականջներումս է։ Երբ լեռնական, գեղանի օրիորդի զուլալ ձայնը տարածվում, ալիքվում էր բանասիրականի երկրորդ հարկի մեծ լսարանում, հարևան լսարանների ուսանողները հիացած դուռը բացում էին.

«Իրիքնակը տյուս ա եկալ,

Տանս յերա լյուս ա եկալ...»։

Առանձնանում էին նաև նախապատրաստական (զրո) կուրսից մեզ ընկերացած մեր համակուրսեցիները։

Խելոք մարդիկ էին` մեզնից տարիքով մեծ, տղաները` բանակում ծառայած, աղջիկները` վաղ հարսնանալու տարիքն անցած։

(Խնդրում եմ ոչ ոք հանկարծ չնեղանա, ես էլ եմ հիմա իրենց օրին)։

Կարմրամազ Մկրտչյան Վարդգեսին հաճախ եմ մտաբերում։

Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր ծառայող է։

Տարիներ առաջ Երևանի Կիլիկիա ավտոկայանի կանգառում հանդիպեցի Վարդգեսին (քահանա ձեռնադրվելուց հետո անունը` Տեր Վարդան)` Լազարյան Գարուշի (քահանա ձեռնադրվելուց հետո անունը` Տեր Հուսիկ) հետ։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնից էին վերադառնում։ Ասացին, որ Գևորգյան ճեմարանում են ուսանում։ Մի տեսակ ուրիշ էին դարձել վանական հագուստով, մի տեսակ ավելի խորհրդավոր։

Վարդգես-Տեր Վարդանը համալսարանական տարիներից էր տպավորվել` բարձրահասակ, թիկնեղ, միշտ ծիծաղկոտ աղջիկներով շրջապատված։

Գրաբարի դասերից եմ նաև հիշում (նույն խմբում էինք)։

Գրաբարի մեր խմբի դասախոս Պավել Շարաբխանյանի աչքերը փայլատակում էին, երբ Վարդգեսն էր պատասխանում իր հարցերին։

Սրանք հիշողությանս մեջ առավել տպավորված պահեր են։ Իսկ նման հիշարժան պահերն անթիվ-անհամար էին։

(շարունակելի)

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ