Կանաչած Սևանի, լճի ափամերձ տարածքների ապօրինի շինությունների, անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքների, ինչպես նաև ձկնորսության թեմայի շուրջ «Իրատեսը» զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
-Այս տարի նույնպես, ցավոք, չհաջողվեց խուսափել Սևանի կանաչումից: Դեռ նախորդ տարի իշխանությունը խոսում էր համալիր աշխատանքների մասին, որոնք էլ պետք է նվազեցնեին կանաչման ռիսկը: Մինչ այժմ ի՞նչ աշխատանքներ են տարվել:
-Սևանի կանաչման խնդիրը մեկ տարում հնարավոր չէ լուծել, և մեկ տարում իրականացվող միջոցառումներով հնարավոր չէ կանխել այդ գործընթացը: Այն առաջացել ու զարգացել է տարիների ընթացքում, խնդրի վերացումը նույնպես տարիների ընթացքում պետք է տեղի ունենա: Սևանի հետ կապված ամենակարևոր խնդիրը ջրի մաքրությունն է: Այս տարի նախարարությունը ջրի որակական չափորոշիչը կմշակի, մենք կդնենք այդ չափորոշիչը որպես թիրախ և կգնանք դրա ուղղությամբ: Մնացած բոլոր միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն Սևանում, բխելու են այդ գերնպատակից: Լճի ջրի մաքրություն՝ նշանակում է լիճը թափվող գետերի մաքրություն, հետևաբար, մաքրման կայանները պետք է կառուցվեն խոշոր գետերի, խոշոր քաղաքների կոյուղիների վրա: Մենք՝ որպես այդ ավազանում ապրող բնակիչներ, պետք է սկսենք մտածել թունաքիմիկատների օգտագործման մասին. լիճն են թափվում մեծ քանակությամբ ազոտ և ֆոսֆոր, որոնք էլ սնում են այդ կապտականաչ ջրիմուռներին:
Մյուս խնդիրը լճի ջրի տաքությունն է, եթե տարին տաք է լինում, լճի ջուրը շատ է տաքանում, ինչն էլ նպաստում է այդ ջրիմուռների արագ բազմացմանը: Այս տարի, պայմանավորված բավական սառը եղանակով, կապտականաչ ջրիմուռների բավական թույլ երևակումների ականատես եղանք:
Հարցի լուծումներից է ջրի մակարդակի բարձրացումը: Այն պետք է բարձրանա այնքան, որ լճի ջրի ծավալը շատանա, և ջուրը չհասցնի այնքան տաքանալ, որ ջրիմուռները բազմանան: Լուծումներից մյուսը ափերի բարձրացումն ու ափամերձ տարածքների մաքրումն է: Նախարարության հետ քննարկել ու առաջարկել ենք բյուջետային հայտի մեջ փոփոխություն մտցնել առ այն, որ «Սևան ազգային պարկին» զինենք համապատասխան տեխնիկայով: Դա՝ այն նպատակով, որ Սևանի մաքրման աշխատանքները ոչ թե մասնավոր ինչ-որ ընկերության պատվիրակենք, այլ «Սևան ազգային պարկին»: Բացի այդ, Հայաստանում այժմ մասնավոր ընկերություններ չկան, որ, օրինակ, լճի տակ անցած կոճղերը հանելու համար համապատասխան տեխնիկա ունենան, դրա համար ազգային պարկը պետք մասնագիտանա նաև այդ ուղղությամբ և իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը:
-Դեռ նախորդ տարի խոսվում էր ափամերձ տարածքները ծառերից ու ծառարմատներից ազատելու մասին: Ի՞նչ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ:
-Վարդենիսի հատվածում մոտ 70 հա տարածք է մաքրվել, բայց ինչքան խորանում ենք այդ տարածքի մաքրման գործընթացի մեջ, տեսնում ենք, որ նոր չափագրումների կարիք կա, քանի որ նախկինում հատված ծառերի կոճղերը դեռ ջրի մեջ են, լավ չեն մաքրվել: Պետական տենդերները շահած մասնավոր ընկերություններն այժմ կատարում են չափագրման այդ աշխատանքները: Լճի մակարդակի անգամ չնչին բարձրացման հետ խնդիրներն էլ են «բարձրանում»: Ջուրը լցվում է ափամերձ անտառների մեջ, այդ անտառները պետք է տեղափոխվեն և կտրվեն, դրա համար էլ է տեխնիկա պետք: Խնդիր են նաև Սևանի շուրջը եղած բոլոր շինությունները. պետք է ունենան շինարարության թույլտվություն և կոյուղաջրերի մաքրման կայաններ:
-Այժմ շատ է խոսվում Սևանի ափամերձ հատվածներում առկա առանձնատների մասին, որոնք այս կամ այն պաշտոնյային են պատկանում: Դրանք քանդելու մասին խոսակցությունները քաղաքական շահարկումնե՞ր են, թե՞ խոսակցություն:
-1905 մետրից ցածր տեղակայված շինությունների ապամոնտաժումը թե՛ նախարարության, թե՛ ազգային պարկի առաջնահերթություններից պետք է լինի: Հիմա բազմաթիվ շինություններ կան, որոնք լճի մեջ են, քանի որ տարիներ շարունակ անտեր են եղել: Լիճը բարձրացել է, և այդ շինությունները մնացել են լճի մեջ: Դրանց մի մասի ապամոտաժումը, որ համայնքապատկան են կամ պետական, արդեն սկսվել է: Իսկ նրանք, որ մասնավոր սեփականություն են, մյուս տարի կապամոնտաժվեն:
-Գալով ձկնորսության թեմային՝ ի՞նչ անել, որ Սևանի ձկնային պաշարներին վտանգ չսպառնա: Մի կողմից՝ տեղացիները ձկնորսությամբ սոցիալական հարց են լուծում, մյուս կողմից՝ վտանգվում է սիգի պաշարը:
-Մանրաձուկը, իհարկե, չպետք է որսալ: Եվ հենց այդ պատճառով է, որ պետք է արգելել փոքր տրամաչափի ուռկանների արտադրությունը կամ ներկրումը Հայաստան: Կարևոր է նաև ձկնորսությամբ չզբաղվել սիգի կամ իշխանի ձվադրման ժամանակահատվածում: Մյուս սահմանափակումների համար մեզ պետք է լուրջ գիտական միտք: Օրինակ՝ տարեկան ինչքա՞ն ձուկ որսալ: Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանանք, թե այս պահին Սևանում ինչքան ձուկ կա, բայց մենք այդ հարցի պատասխանը չունենք: Ինչ վերաբերում է տեղացիների՝ ձուկ որսալու թեմային, ապա վստահեցնում եմ՝ ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է ընդհանուր հայտարարի գալ: Եթե ձկնորսներին ասենք՝ սա է նոր մոդելը, նրանք պատրաստ են գնալու երկխոսության: Մարդուն որսագող, ձկնգող չպետք է անվանենք, պետք է խաղի կանոնը փոխել, որ այն տարածվի բոլորի վրա:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ