«Արցախյան հարցում մեծ պետությունները փորձում են զիջումներ կորզել հիմնականում մեզնից»
06.12.2019 | 01:24
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Բրատիսլավայում։ Սլովակիայի մայրաքաղաքում անցկացվող արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների միջև: «Արևելք» հետազոտական-վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նշում է‚ որ Բրատիսլավայում փորձ է արվելու Արցախյան հարցի բանակցությունները բերել մինչև 2016 թ. ապրիլյան պատերազմի դրություն. «Ապրիլյան պատերազմի պատճառով բանակցային գործընթացը դադարել էր։ Բրատիսլավայում փորձելու են կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ և ոչ թե բանակցություններ վարել բանակցությունների համար»։
Պատմաբանը մտահոգիչ համարեց այն‚ որ հանդիպումից անմիջապես առաջ պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ դրեց ղարաբաղյան հակամարտության Ադրբեջանի դիրքորոշումը։ «Ըստ էության‚ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել. առաջին հերթին շեշտադրվում է մինչիննսունականների սահմանների վերականգնումը։ Եթե այս սկզբունքով են ընթանալու բանակցությունները‚ կարծում եմ՝ բանակցային գործընթացի սկիզբն արդեն ձախողված է։ Հայկական կողմն այս սկզբունքով բանակցել չի կարող‚ քանի որ սա մեր կողմից կհամարվի միակողմանի զիջում։ Սակայն այստեղ մի կարևոր խնդիր կա. դա Ադրբեջանի կողմից ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներին ուղղված փաստաթուղթ էր‚ այլև ներքին լսարանին հղված ուղերձ։ Ադրբեջանում այժմ ներքին լուրջ պրոցեսներ են ընթանում ինչպես իշխանության‚ այնպես էլ ընդդիմության դաշտում, և սա կարելի է համարել որպես ներքին շրջանառության փաստաթուղթ։ Եթե Ադրբեջանի դիրքորոշումը սա է‚ ապա չեմ կարծում‚ թե Բրատիսլավայից լուրջ արդյունքներ կարելի է ակնկալել»‚- ասաց Գևորգ Մելքոնյանը։
Մեր զրուցակիցը մտահոգիչ համարեց այն փաստը‚ որ հայկական կողմից ոչ մի արձագանք չկա այդ փաստաթղթին. «ՀՀ վարչապետը, իհարկե, նշել է‚ որ խնդրի լուծմանը պետք է համաձայն լինեն երեք կողմերն էլ՝ Հայաստանը‚ Ադրբեջանը և Արցախը, ինչը շատ դժվար է։ Տեսականորեն երեք կողմի համար ընդունելի լուծում ունենալը բացառվում է‚ սակայն կարող է լինել երեք կողմերի համար փոխզիջումային լուծում։ Եթե կողմերը իսկապես ցանկանում են լուծել արցախյան խնդիրը‚ պետք է անպայման գնան փոխզիջումների, սակայն հայտնվել ենք այնպիսի իրավիճակում‚ որ մեծ պետությունները զիջումները հիմնականում փորձում են կորզել մեզնից։ Եթե Բրատիսլավայում բանակցություններն ընթանալու են այն ձևաչափով‚ որ շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի պաշտոնական շրջանակները‚ ապա պետք է արձանագրենք‚ որ նման ֆորմատը մեզ համար պարունակում է մեծ վտանգներ։ Նույնիսկ լռությունն է վտանգավոր‚ և մեր իշխանությունները‚ արտաքին գործերի նախարարությունն այս հարցում պետք է հստակ‚ պաշտոնապես (ոչ թե լրագրողների հետ հանդիպման ժամանակ‚ թռուցիկ) կետ առ կետ նշեն‚ թե որ հարցերում են պատրաստ զիջումների‚ որ հարցերում են զիջումները բացառվում։ Եթե չեզոք դիրքերից նայենք‚ ապա ստացվում է‚ որ մի կողմն ունի հստակ դիրքորոշում‚ որը հրապարակում է‚ իսկ մյուս կողմը դիրքորոշում չունի։ Մենք գիտենք‚ որ մեր դիրքորոշումը պարբերաբար արտահայտվում է‚ սակայն այն այսօր հստակ չէ։ Այդ պաշտոնական գիծը պետք է մշտապես պահել ու վերահաստատել։ Հակառակ դեպքում հասարակության շրջանում կասկածներ են առաջանում՝ կարո՞ղ է մեր դիրքորոշումը փոխվել է‚ կարո՞ղ է հանկարծ գնանք միակողմանի զիջումների»‚- ասաց պարոն Մելքոնյանը։
Պատմաբանը նաև շեշտեց‚ որ վերջին շրջանում ակնհայտ է Մոսկվայի ակտիվացումը Արցախյան հարցում, այդ ակտիվությունը երևում է ոչ միայն արտգործնախարար Լավրովի‚ այլև այլ մակարդակներում. «Մոսկվան չի ցանկանում նախաձեռնությունը բաց թողնել‚ քանի որ հասկանում է՝ հնարավոր է ինչ-որ մի պահից սկսած զրկվել նախաձեռնողականության հնարավորությունից։ ՈՒստի ՌԴ-ն լրջորեն ու պարբերաբար անդրադառնում է այս խնդրին‚ սակայն դա որքանո՞վ է հանգեցնելու հակամարտության կարգավորմանը‚ դժվար է ասել։ Երկու հասարակություններն այս պահին‚ գուցե նաև առաջիկա տարիներին, պատրաստ չեն խաղաղության»։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ