«Իրատեսի» զրուցակիցն է իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ։
-Բենզինի գների կտրուկ բարձրացումն Իրանում նոր զանգվածային ցույցերի ու բախումների առիթ է դարձել։ Տեսակետ կա, որ սա ընդամենը կայծ էր տարիների ընթացքում կուտակված սոցիալական դժգոհությունները կրկին բարձրաձայնելու համար։ Ինչու՞ հենց հիմա:
-Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիներ շարունակ և հատկապես վերջին երկու տարում գտնվում է ամերիկյան ծանր տնտեսական պատժամիջոցների տակ, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են թողնում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Ինչքան էլ խոսվում է այն մասին, որ Իրանը սովոր է աշխատելու պատժամիջոցների պայմաններում ու նաև այդ պատճառով իրանական տնտեսությունը գրեթե ինքնաբավ է դարձել, պետք է արձանագրել՝ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած նավթային՝ հսկայական չափերի ու խստության պատժամիջոցները մեծապես վնասում են Իրանի տնտեսությանը։ Եվ այս պատճառով է, որ վերջին տարիներին բնակչության սոցիալական վիճակը գնալով վատթարանում է։ Ամերիկյան դոլարի նկատմամբ մոտ 4 անգամ արժեզրկվել է ԻԻՀ ազգային արժույթը՝ ռիալը, շոշափելի աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները և այլն: Խնդիրն այս համատեքստում դիտարկելիս՝ հասկանում ենք, որ բենզինի գնի բարձրացումն ընդամենն առիթ էր բնակչության համար, որպեսզի փողոց դուրս գան և բողոքի մասշտաբային ցույցեր սկսեն։ Այլ հարց է, թե բացի օբյեկտիվ պատճառներից, մասնավորապես՝ մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումից, ուրիշ ինչ հանգամանքներ, խաղացողներ կամ պղտոր ջրում ձուկ որսացողներ կան: Ըստ իս՝ Իրանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների, մասնավորապես ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային արբանյակների՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի համար, գերազանց պահ էր առիթն օգտագործելու և իրավիճակը թեժացնելու համար՝ գործի դնելով քարոզչական հնարավոր բոլոր միջոցները։ Ամենևին պատահական չէր, որ պատմության մեջ առաջին անգամ Իրանում մի ամբողջ օր՝ 24 ժամ, արգելափակվեց համացանցն ու խափանվեց լրատվության միջոցների աշխատանքը։
-Կարճաժամկետ հեռանկարում իրանական իշխանությունները կկարողանա՞ն հանդարտեցնել դժգոհության ալիքը: Բանը կարո՞ղ է իշխանափոխության հասնել:
-Կարճաժամկետ հեռանկարում իրանական իշխանությունները կկարողանան հաղթահարել խնդիրը, մանավանդ որ առաջին օրերի հանրային ոգևորությունը գրեթե մարել է, զանգվածայնությունը՝ նվազել։ Գործընթացները կամաց-կամաց մարման են գնում և բավական հեռու են իշխանափոխության վերածվելուց։ Իրանական իշխանությունները ավելի խոր ճգնաժամեր են կարողացել հաղթահարել, զորօրինակ, 2017 թ. դեկտեմբերի և 2018 թ. հունվարի՝ սոցիալական բնույթի բողոք-ցույցերը, որոնք թեև ավելի զանգվածային էին ու կառավարելի, բայց անհեմամատ թույլ քարոզչական հովանավորություն ունեին։ Երկարաժամկետ կտրվածքով, սակայն, իշխանությունները, այնուամենայնիվ, ունենալու են խնդիրներ, քանի որ բենզինի գնի բարձրացմանը զուգահեռ բարձրանալու են նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Բացի այդ, ցույցերի ընթացքում զոհվել են թե՛ ցուցարարներ, թե՛ ոստիկաններ, ինչն անկասկած խորացնելու է հասարակության և իշխանությունների միջև գոյություն ունեցող ճեղքը: Հետևաբար նմանօրինակ ցույցերի կրկնությունը չեմ բացառում:
- Սպիտակ տունը Իրանում սկսված ցույցերի հենց առաջին օրը տարածել էր հայտարարություն` աջակցություն հայտնելով Իրանի ժողովրդին։ Ավելին՝ ԱՄՆ-ը հայտարարել է, թե կարող է շրջանցել Իրանի պրովայդերներին, որոնք ժամանակավորապես արգելափակել են համացանցը ԻԻՀ տարածքում: Ի՞նչ ազդակներ է հղում ԱՄՆ-ը:
-Սպիտակ տան հայտարարության ընդամենը մի տողում միանգամից երկու քարոզչական թեզ կարելի էր տեսնել. նախ, օգտագործված է «Իրանի ժողովուրդ» եզրը, ինչը տպավորություն է ստեղծում, թե Իրանի ամբողջ ժողովուրդն է դուրս եկել փողոց։ Երկրորդ, կիրառվել է «խաղաղ բողոքի ցույցեր» արտահայտությունն այն դեպքում, երբ ԻԻՀ պետական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ այդ ցույցերի առաջին երկու օրվա ընթացքում հարյուրից ավելի բանկեր և խանութներ են այրվել: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն օգտագործում է պահը և՛ հակաիրանական քարոզի, և՛ ԻԻՀ-ում ներքաղաքական խառնակություններ ու անջատողականություն սադրելու համար, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ զոհերի մասին տեղեկություններ տարածելիս արևմտյան, ադրբեջանական և արաբական որոշ լրատվամիջոցներ օգտագործել են ոչ թե «ԻԻՀ քաղաքացի», «ցուցարար», «ցույցերի մասնակից», այլ «քուրդ», «արաբ» և ատրպատականյան թրքախոսների դեպքում «թուրք» բառերը։ Նույնը վերաբերում է նաև ԻԻՀ-ում համացանցի ժամանակավոր արգելափակման մասին ամերիկյան կողմի հայտարարություններին և մեկնաբանություններին։
- Առիթից կարծես թե օգտվում են ադրբեջանական քարոզչական ռեսուրսները՝ դեպքերին փորձելով էթնիկական լիցք հաղորդել: Կայքերից մի քանիսը, օրինակ, գրել էին, թե Թավրիզում (այն ադրբեջանցիների երազած «միացյալ Ադրբեջանի» թվացյալ մայրաքաղաքն է) վիճակն անհամեմատ ծանր է: Ճիշտ է՝ Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետն արձագանքել էր այս լուրերին, հերքել դրանք, բայց ակնհայտ է՝ ադրբեջանցիները փորձում են օգտվել առիթից: Ի՞նչ կարող են քաղել այս ցույցերից:
-ԻԻՀ-ում անկայունության յուրաքանչյուր դրսևորում Ադրբեջանում առնվազն հասարակական մակարդակում ընդունվում է մեծ ոգևորությամբ, ինչը նշանակում է, որ այդ երկրում անգամ այսօր հակաիրանականությունը խոր արմատներ ունի. թեև ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները փորձում են իրենց հակաիրանական հայացքները թաքցնել, խուսափել բացահայտ հայտարարություններից, այնուամենայնիվ, դա նրանց մասնակի է հաջողվում։ Օրինակ, օրեր առաջ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը երեք կողմից գտնվում է թշնամական շրջափակման մեջ, և պարզ է, որ այստեղ «թշնամական» բառը հավասարապես վերաբերում էր նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանի բազմակողմանի ակտիվ համագործակցությունը Իրանի թշնամի Իսրայելի հետ և Իրանի որոշ տարածքների նկատմամբ ունեցած հավակնությունները, Ադրբեջանի պետական բյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոցների ու հեռուստաընկերությունների միջոցով անջատողական ագրեսիվ քարոզչության իրականացումն ատրպատականյան թրքախոսների շրջանում, ապա Իրանում բենզինի ցույցերի առթիվ ադրբեջանական կողմի հրճվանքը և նմանօրինակ ապատեղեկատվության տարածումը զարմանալի չէ և ամբողջությամբ Իրանի հանդեպ ադրբեջանական վերաբերմունքի ու մոտեցումների տրամաբանության մեջ է։
-Ցույցերը կարո՞ղ են ազդել Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա: Այս պահին իրանական կողմի հետ տնտեսական շփումները կարծես այդքան էլ գոհացուցիչ չեն:
-Հայ-իրանական երկկողմ հարաբերությունները, անկախ երկու երկրների օրվա իշխանությունների արտաքին քաղաքական կուրսերից, մշտապես կայուն են, զարգացող և օրինակելի այլոց համար։ Մեր բարիդրացիական հարաբերությունները խարսխված են այնպիսի խոր համագործակցության վրա, ինչի հիմքում ռազմավարական ու անվտանգային կարևորության ու նշանակության հարցեր են։ Տնտեսական շփումներում որոշակի դժվարությունները պայմանավորված են մասնակիորեն նաև ԻԻՀ հանդեպ ամերիկյան պատժամիջոցների սահմանմամբ, ՀՀ ճանապարհային անհրաժեշտ ենթակառուցվածքների անբարեկարգ վիճակով, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքների արդեն տարիներով ձգձգմամբ ու վերջնական շահագործումից շատ հեռու լինելով, երկու երկրները միմյանց կապող երկաթուղու բացակայությամբ։ Այնուամենայնիվ, դրական տեղաշարժ կարող են լինել, եթե Հայաստանին հաջողվի որպես ԵԱՏՄ անդամ և ԻԻՀ հետ ցամաքային սահման ունեցող երկիր օգտագործել ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության ներուժն ու հնարավորությունները։ Բացի այդ, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ևս ընդլայնում է մեր երկրի հանդեպ Իրանի տնտեսական հետաքրքրությունների շրջանակը։
Հարցազրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ