Ալկոհոլի և հրուշակեղենի պահանջարկը նվազում է
11.05.2020 | 22:23
Այս օրերին սննդամթերքի շուկան ամենաշահեկան վիճակում է, ինչը բնական է ՝ մարդը կարող է ապրել առանց իր զգեստապահարանը նորացնելու և խոհանոցը տեխնիկայով հագեցնելու, սակայն առանց հացի՝ ոչ։ Բայց և այնպես սննդամթերքի շուկայում կան ոլորտներ, որոնցում առանձնակի նկատելի է սպառման անկումը։
Սուպերմարկետներում կատարած մեր ուսումնասիրությունները վկայում են, որ զգալիորեն նվազել է հրուշակեղենի և ալկոհոլի սպառումը, փոխարենը մեծացել է ծխախոտի սպառումը։ Սա, բնականաբար, ունի իր տրամաբանական բացատրությունը։ Բոլորովին պատահական չէ ծխախոտի սպառման աճը՝ նյարդահոգեբանական լարվածության մեջ գտնվող անձինք, որպես կանոն, սովորականից շատ են ծխում։ Իսկ այն, որ մարդկանց նյարդերը լարված են, գաղտնիք չէ։ Մի կողմից Covid-19-ի շուրջ ամենօրյա ճնշող տեղեկատվություն, մյուս կողմից աշխատանքը, բիզնեսը կորցնելու վախ, ինչը մարդուն փակուղի է մտցնում, նա էլ, անկախ իրենից, բոլոր խնդիրների պատասխանը փնտրում է «սիգարետ կպցնելու» մեջ։
Հասկանալի է նաև հրուշակեղենի և ալկոհոլի շուկայում սպառման նվազումը։ Երբ հացի խնդիրը լրջանում է, շոկոլադը, խմորեղենը, անգամ 1500-դրամանոց խմիչքը դասվում են հաճույքների շարքին։ Սուպերմարկետների աշխատակիցների հետ զրույցում պարզվեց, որ խմիչքի շուկայում համեմատաբար պահանջարկված է գարեջուրը, թեև նշում են, որ մինչ կարանտինը գարեջրի սպառումը ավելի մեծ էր։ Թերևս տրամաբանական է, որ համեմատության մեջ գարեջուրը ավելի պահանջարկված է, քանի որ գնային առումով այն ավելի մատչելի է։ Ամեն դեպքում, ինչպիսի՞ պատկեր է այսօր գարեջրի արտադրության ոլորտում։
«Գարեջրի սպառումը ապրիլ ամսին նվազել է մոտ 15-17 %-ով։ Եթե այս տեմպը շարունակվի, հնարավոր է առաջանա շահույթի խնդիր»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց գարեջուր արտադրող ընկերություններից մեկի աշխատակիցը։
Չնայած սպառման կրճատմանը, այստեղ կադրեր չեն կրճատվել։ Այս ֆոնի վրա հարց է առաջանում` ինչպե՞ս են լուծել աշխատավարձերի հարցը, և եթե շահույթի կրճատման ռիսկեր կան, ինչպե՞ս է լուծվելու նույն աշխատավարձերի հարցը։ «Մեր մոտեցումը հետևյալն է, անել առավելագույնը, որ հաստիքները չկրճատվեն։ Աշխատավարձեր և հարկեր վճարելու նպատակով վարկ ենք վերցրել, ճիշտ է, անտոկոս չէ՝ 2 %-ով, սակայն դա շատ ցածր տոկոս է, ինչն էլի վատ չէ։ Մեր պետությունը այնքան հարուստ չէ, որ կարողանա թոշակներով ապահովել գործազուրկներին։ Դրա համար մենք հնարավորինս պետք է օգնենք պետությանը այս հարցում։ Գաղտնիք չէ, որ գործարարներն են ապահովում ցանկացած երկրի տնտեսական կայունությունը։ Գործարար-իշխանություն համագործակցութունը, խնդիրների վերհանումը և միասին լուծում գտնելը երկուստեք շահեկան են, որից շահում է ժողովուրդը»,- նշեց մեր զրուցակիցը` կարևորելով պետություն- մասնավոր հատված հաճախակի հանդիպումները։ Ինչ վերաբերում է գործարանների հետագա աշխատանքին, այս հարցն առնչվում է նաև ճանապարհների բաց լինելու խնդրին։ «Հումքի հետ կապված խնդիրներ չենք ունենա, եթե Լարսի ճանապարհն անխափան գործի»,- հավատացնում են գործարարները։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ