ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Չեխովյան «Ճայն» ու անճանաչելի աշխարհը

Չեխովյան «Ճայն» ու  անճանաչելի աշխարհը
26.06.2018 | 01:04

ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «Ճայը» (2018 թ.) էքսպերիմենտալ ֆիլմը նկարահանվել է Անտոն Չեխովի համանուն պիեսի հայտնի մենախոսության հիման վրա: Երիտասարդ ռեժիսորի նախորդ՝ «Ադապտացիա», ֆիլմը հայրենիքում և արտերկրում բազմաթիվ հաջողությունների ու մրցանակների է արժանացել: Եթե «Ադապտացիայի» հերոսները մեր քաղաքի բնակիչներն են, ապա «Ճայը» համընդհանուր խնդիրներ է վեր հանում, թեև տիեզերքի հեռվից կարելի է նշմարել նաև քաղաքի գծագիրը: «Ճայը» Մանեի դիպլոմային աշխատանքն է: Ֆիլմի պրոդյուսերը Արարատ Գրիգորյանն է: Նշենք, որ ԵԹԿՊԻ-ի այս տարվա շրջանավարտների` Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցի սաների դիպլոմային աշխատանքները ցուցադրվեցին «Մոսկվա» կինոթատրոնում:

-Մանե, ինչպե՞ս ծնվեց «Ճայը»:
-Կարդում էի Գրիգոր Գուրզադյանի «Տիեզերքը և մարդը», «Տիեզերքը ափի մեջ» գրքերը: Կարելի է ասել՝ ֆիլմի գաղափարը ծնվել է Գուրզադյանի փիլիսոփայությունից և տիեզերքի հանդեպ սիրուց:
-Նկարահանումները որտե՞ղ են իրականացվել:
-Ֆիլմը բաղկացած է բազմաբնույթ կադրերից: Տեսարաններից մի քանիսը նկարահանել եմ Մոսկվայում, կան տեսարաններ, որ նկարահանել եմ մեր քաղաքի փողոցներում, Սովետաշենի աղբանոցում, ինքնաթիռից, Բյուրականի աստղադիտարանում և շատ այլ վայրերում:
-Կարծում ես՝ տիեզերքի հեռվից մեր աշխարհն ավելի լա՞վ է երևում: Երբ մարդիկ, պատկերները երկատվում են, աղավաղվում, սա խոսում է այն մասին, որ մեր մոլորակը վտանգվա՞ծ է:
-Այո, նպատակ եմ ունեցել այս ֆիլմի միջոցով զգուշացնել, որ մեր անպաշտպան, փոքր մոլորակը մարդկային սխալի արդյունքում կարող է մեկ ակնթարթում վերանալ: Տեսարանները, որտեղ երևում են հայելիների մեջ կռվող մարդիկ, խոսում են այն մասին, որ մարդիկ կորցրել են իրենց դեմքը: Կարծես ամբողջ աշխարհը ճառագայթված լինի ու անճանաչելի:
-«Մարդիկ, առյուծները, արծիվները, կաքավները, եղջերավոր եղնիկները, սագերը, սարդերը»... Ի՞նչ է ասելու չեխովյան այս արտահայտությունը այսօրվա կինոդիտողին: Որքա՞ն ես մոտեցել պիեսին ու հեռացել բուն պիեսից:
-Չեխովի «Ճայից» ամենաշատը տպավորվել է այդ մենախոսությունը: Թեկուզ չեխովյան պիեսի այդ դրվագում լրիվ ուրիշ տեսարան է, միևնույն է, եթե խորքն ես նայում, բազմաթիվ ենթասյուժեներ ես բացահայտում: Ասես ապոկալիպսիս լինի: Ամբողջ ֆիլմը կառուցել եմ հենց այդ մենախոսության վրա:
-Ֆիլմի վերացական լուծումներն ինչպե՞ս է ընկալում հանդիսատեսը:
-Կարծում եմ՝ նման ֆիլմեր նկարահանելիս չպետք է պարտադրես կարծիքդ: Նկատել եմ, որ դրամատիկ որևէ տեսարան հանդիսատեսի ծիծաղն է առաջացրել, մեկ այլ ցուցադրության ժամանակ լրիվ այլ արձագանք է եղել: Սկզբում զարմանում էի, հետո հասկացա, որ հանդիսատեսը յուրովի է ընկալում ասելիքդ:
-Ռեժիսորը նու՞յնպես ազատ է ֆիլմը նկարահանելիս:
-Ֆիլմի վրա աշխատելիս զգում էի, որ շատ բարդ ժանր եմ ընտրել, բայց նաև գիտեի, որ հետադարձ ճանապարհ չկա: Պիեսը ռեժիսորին ազատություն է տալիս, ինքս ինձ չեմ կաղապարել, ավելին, նկարահանման ժամանակ ամբողջովին շեղվել էի ֆիլմի համար գրածս սցենարից:
-Տեխնիկական հնարքները, որոնցով հարուստ էր ֆիլմը, օգնում են լրացնե՞լու ասելիքդ:
-Տեխնիկական աշխատանքը՝ ձայնային էֆեկտները, պատկերները, ֆոնը կառուցել եմ ֆիլմի հնչյունային ռեժիսոր Դավիթ Դավթյանի (ԵԹԿՊԻ-ի դասախոս) հետ, բայց, այսպես ասած, ոչ մոդեռն տեսախցիկով է նկարահանվել ֆիլմը: Որոշ կադրեր վերցրել եմ արխիվային նյութերից: «Ճայը» մոնտաժային ֆիլմ է:
-«Ճայը» նախորդի պես հասցրե՞լ է փառատոնային կյանք ունենալ:
-Փառատոների կուղարկեմ եկող տարվանից: Մինչ այդ դեռ կաշխատեմ ֆիլմի վրա:
-Ընկերներիդ ֆիլմերի մասին ի՞նչ կարծիք ունես: Կարծես շատերին գրավել է հայկական գյուղը:
-Մեր արվեստանոցի սաների մեծ մասը ընտրել է «Հայաստանը մեր տունն է» խորագիրը: Պատմել են քչերին հայտնի բնակավայրերի, մարդկային ուշագրավ ճակատագրերի մասին՝ փորձելով ցույց տալ, որ Հայաստանը միայն այն չէ, ինչ տեսնում ենք, գիտենք:
-Իսկ դու ընտրել ես համընդհանու՞ր թեմա:
-Գյուղական թեման իմը չէ, իմը քաղաքն է: «Ադապտացիան» քաղաքի մասին է, «Ճայը» ֆիլմում նույնպես կան ուրբանիզացիային վերաբերող մտքեր: Ես իմ թեմաները քաղաքում եմ գտնում:

ԼՔՎԱԾ ԳՅՈՒՂԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԻՉԸ, ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐՆ ՈՒ ԱՆԻՆ


Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «Խոստում» ֆիլմը պատմում է Շիրակի մարզի Խարկով (գտնվում է ռուսական սահմանապահ զորքերի հսկողության տակ) գյուղում ապրող Վահանդուխտ տատիկի մասին: Ախուրյանի ափին գտնվող դատարկ ու կիսաքանդ գյուղից երևում են Անիի ավերակները: Վահանդուխտ տատիկը Խարկովի միակ բնակիչն է: Սկեսրոջը ժամանակին խոստացել է՝ քանի դեռ ողջ է, գյուղի թոնրատան երդիկից միշտ պետք է ծուխ դուրս գա, որ թուրքերը չուրախանան այն մտքից, թե գյուղն այլևս բնակիչ չունի:


«Սիրուն, լավ ընտանիք կազմեցի, ոչ տեսնել, ոչ սիրել»,- իր ամուսնության մասին պատմում է տատիկը: Խարկովի անունը հուսադրել է, կարծել է՝ ազատվելու է գյուղական դժվար կենցաղից, պարզվել է՝ գյուղից գյուղ է գնում: Բայց կապվել է իր գյուղին, իր վերջին հանգրվանն էլ ամուսնու շիրմաքարի կողքին է: Խունկն էլ ծխում է գյուղական գերեզմանոցի բոլոր հանգուցյալների հանգստության համար: Տատիկը 83 տարեկան է, ծննդյան տարեթիվը գիտի, օրը, ամիսը չգիտի: Ասում է՝ մի լավ ամիս կընտրեմ, ծնունդս կնշեմ: Տատիկը պատմում է, պատմում ու չի թողնում, որ հանդիսատեսը տխրի, ժպիտ ու ծիծաղ է կորզում:
-Գրիգոր, օդանավակայանը, գնացքի ռելսերը ոչ միայն հեռացում, նաև հետդարձ կարող են նշանակել, ինչպես թունելը, որ և՛ սկիզբ ունի, և՛ վերջ: Ֆիլմում առկա այս դրվագներն իրականում ի՞նչ են խորհրդանշում:
-Ֆիլմը արտագաղթի մասին է: Մի դրվագ կա, որտեղ շարժասանդուղքի մի կողմը բարձրանում-իջնում է, մյուս կողմը՝ միայն բարձրանում, այսինքն, գնացող կա, հետ եկող չկա: Թունելը երկար ճանապարհն է, որի վերջում երևում է սպիտակ լույսը: Պիտի գնանք դեպի այդ սպիտակ լույսը:
-Ֆիլմիդ հերոսուհին նույնպես հույս է հայտնում, որ մի օր գյուղը կբնակեցվի, ասում է՝ ի՞նչ վատ ապրելու տեղ է: Գրիգոր, ինչպե՞ս Վահանդուխտ տատիկը դարձավ քո հերոսը:
-Ցանկություն կար խոսք ասելու արտագաղթի, դատարկվող գյուղերի մասին: Տատիկի մասին պատահաբար իմացա: Ծանոթացա նրա հետ, մինչ օրս կապ կա, զանգում եմ, խոսում: Հետո ծանոթացա ընտանիքի անդամների հետ, որոնք արտերկրում են ապրում: Թոռներից մեկը սովորում է Երևանում: Այդպես կապ հաստատվեց:
-Հե՞շտ էր, թե՞ դժվար տատիկին նկարահանելը, որքա՞ն ժամանակ պահանջվեց, որ ստանաս այն, ինչ պետք է հասցնել հանդիսատեսին:
aգյուղում, քանի որ չեզոք գոտի է համարվում, խաղաղապահներն են հսկում: Գնալն էլ շատ բարդ է: Գյուղ մտնելու համար պետք է դիմում գրես, թույլտվություն խնդրես, 15-20 օր սպասես, մինչև հաստատվի դիմումդ: Մոտ երկու տարի է տևել նկարահանումը: Սկզբում ուզում էի որպես կուրսային աշխատանք նկարահանել, բայց չհաջողվեց, դեռ բավարար չափով չէի մտերմացել տատիկի հետ: Սպասեցի այնքան, մինչև պահը հասունացավ, հասկացա, որ կարող եմ շարունակել և ավարտել աշխատանքս («Խոստումը» դիպլոմային աշխատանքս է):
-Հերոսուհիդ տեսե՞լ է իր մասին պատմող ֆիլմը: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլինի արձագանքը:
-Դեռ՝ ոչ, չեմ գնացել նրա մոտ, թղթերը պատրաստ չեն: Բայց անպայման կտեսնի:
-Տատիկը մենակ է, բայց մենակ չէ: Ֆիլմում էլ տեսանք, որ հյուր ունի:
-Տատիկի տնից 30 մետր այն կողմ սահմանապահների զորամասն է: Սահմանապահները պարբերաբար այցելում են նրան: Ամռան ամիսներին երեխաները, թոռներն են գալիս:
-Նպատակ, ծրագիր է եղել գյուղը վերաբնակեցնելու, ավելին՝ զբոսաշրջային կենտրոն դարձնելու: Ֆիլմդ, բացի այն, որ կինոսիրողներին կհետաքրքրի, գուցե ևս մեկ անգամ համապատասխան մարմինների ուշադրությու՞նը գրավի: Ըստ քեզ՝ ի՞նչ է պետք, որ գյուղը նորից ապրի:
-Ճանապարհները պետք է վերանորոգվեն, կենցաղային պայմանները բարելավվեն, օրինակ, գյուղը ջուր ունենա: Տատիկին սահմանապահներն են ջուր հասցնում: Տները կիսաքանդ են: Մշակույթի կենտրոնից, գրադարանից, որտեղ աշխատել է տատիկը, չորս պատերն են մնացել, ներսը քարուքանդ է, եկեղեցին տանիք չունի: Տատիկի տունը նույնպես քանդվել է, ժամանակին ամուսնու հետ տեղափոխվել է գյուղի դպրոց, որը համեմատաբար լավ վիճակում է:
-Ի՞նչ ես զգում գյուղ գնալիս:
-Գնալիս անհամբեր եմ, թե երբ եմ հասնելու, վերադարձին այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր հողն ու ջուրն ենք թողնում այնտեղ, հեռանում: Անգամ լքված վիճակում գյուղը գեղեցիկ է:
-Չգիտեմ՝ քե՞զ է հաջողվել ֆիլմը հումորով համեմել, թե՞ տատիկն է իր կյանքի կարևոր, անգամ տխուր մանրամասներն այդպես հումորով պատմում:
-Ես անկեղծորեն զարմացել էի արձագանքից: Այն դրվագները, որ հանդիսատեսի ծիծաղն են առաջացնում, ես բոլորովին այլ կերպ էի ընկալել:
-Ֆիլմն ի՞նչ ճանապարհ է անցնելու: Փառատոնային կյանք կունենա՞:
-Մի քանի ամսից կմտածեմ փառատոնի մասին, մինչ այդ դեռ որոշ միջամտություննների կարիք կա: «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած ցուցադրության մասին կուզեի ասել: Հանդիսատեսի արձագանքը և՛ ուրախալի էր, և՛ պարտավորեցնող: Պետք է ապացուցենք, որ մեր խումբը պատահական չի ձևավորվել:

Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ